Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի՞ է արդյոք Սփյուռքում ՀՀ իշխանությունների դեմ ցույց կազմակերպել։ Դաժան հարց է, բայց իմ պատասխանը դրական է»

Հոկտեմբեր 27,2021 18:25

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) խորհրդարանների նախագահների Աթենքի համաժողովին մասնակցելուց հետո (20-23/10/2021), ներկայացուցչական կազմի որոշ փոփոխությամբ այցելեց նաև Կիպրոս (23-26/10/2021)։ ԱԺ նախագահի թիվ Կ-151-Ա, 12.10.2021 թվակիր կարգադրության համաձայն Աթենք էին գործուղվել 13 հոգի՝ չորս պատգամավոր (չորսն էլ իշխող կուսակցությունից) և ԱԺ աշխատակազմի ինը աշխատող, իսկ ԱԺ նախագահի թիվ Կ-153-Ա, 13.10.2021 թվակիր կարգադրության համաձայն՝ Նիկոսիա էին գործուղվել 12 հոգի՝ չորս պատգամավոր (չորսն էլ իշխող կուսակցությունից) և ԱԺ աշխատակազմի ութը աշխատող։

Աթենքից Երևան էին վերադարձել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու տեղակալը, Նիկոսիայում պատվիրակությանն էր միացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Պատվիրակությունը Աթենքում հանդիպում ունեցավ ԵԽԽՎ-ի իր գործընկերների հետ, իսկ Նիկոսիայում հանդիպեց Կիպրոսի պետական բարձրաստիճան այրերի հետ։ Պատվիրակության այցն Աթենք խաղաղ անցավ, բայց Նիկոսիայում մասամբ խանգարվեց մի խումբ կիպրահայերի ցույցերի պատճառով. չեղարկվեց պատվիրակության այցելությունը՝ ազգային առաջնորդարան և հայոց «Նարեկ» վարժարան ։

Հարց առաջին. կարելի՞ է արդյոք Սփյուռքում ՀՀ իշխանությունների դեմ ցույց կազմակերպել։ Դաժան հարց է, բայց իմ պատասխանը դրական է։ Որպես նորանկախ պետություն, մեզ համար շատ ծանր ու անսպասելի է, որ մեր ազգակիցը օտար հողի վրա մեր պետական պատվիրակության դեմ ցույց է կատարում։ Ես կարծում եմ՝ դա ժամանակի հարց է և մենք որպես ազգ և երկիր, որը ժողովրդավարության ջատագովն է, կհարմարվենք այս ցավալի նորության։ Նման ցույցերի մենք ականատես են եղել նաև ՀՀ առաջին նախագահի և ՀՀ երրորդ նախագահի ժամանակ՝ Նոր-Ջուղայում և Փարիզում ։ Դա բարձրացնում է նաև ժողովրդավարության հանդեպ մեր հավատարմության աստիճանը։ Մենք բռնատիրական վարչակարգի ներկայացուցիչ չենք, որ ցուցակագրենք դրսի մեր այլախոհներին և հալածենք նրանց։ Մեր Սփյուռքի քույր-եղբայրները ևս պետք է մնան իրենց չափերի մեջ, արտահայտվեն և պահանջեն՝ համաձայն իրենց իրավունքների և պարտավորությունների. չափանիշներ, որոնք մեզ համար սահմանել է մեր երկրի Սահմանադրությունը։

Հարց երկրորդ. իմ կարծիքով Կիպրոսի այցը անկազմակերպ էր։ Յուրաքանչյուր նման այց կազմակերպելու համար, հատկապես եթե գիտես, որ այդ երկրում ապրում են նաև քո ազգակիցները, պետք է հարցը քննարկել բազմակողմանիորեն, խորհրդակցել պետական մարմինների և հատկապես Արտաքին Գործերի Նախարարության, Ազգային Անվտանգության Ծառայության և Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ։ Հայրենիք-Սփյուռք այս մասամբ լարված հարաբերությունների ֆոնին, Կիպրոսի մի խումբ հայերի հակազդեցությունը սպասելի էր։ Մեր Ազգային Ժողովի ղեկավարությունն այս լարվածությունը և Կիպրոսում ՀՅԴ մասնակի ազդեցությունը նկատի ունենալով, կարող էր նախապես շոշափել համայնքային և եկեղեցական մարմինների տրամադրությունը (եկեղեցական թեմը Կիլիկյան է) և ավելի հարմար կազմով ներկայանալ այցելության։

Պատվիրակության կազմում Սփյուռքի հարցերով զբաղվող խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի կողքին, կարող էր լինել Սփյուռքում ընկալվող ընդդիմադիր մի պատգամավոր, որը մասամբ կարող էր հանգստացնել նաև համայնքի բողոքավոր հատվածին։ Հիշեցման կարգով ասեմ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Իրան կատարած իր անդրանիկ այցելության ժամանակ, իր պատվիրակության կազմում ներառել էր նաև կատաղի ընդդիմախոս, դաշնակցական և Իրանում ծնված Գառնիկ Իսաղուլյանին։ Վերջինս երբեմն առանձնանում էր խմբից և հանդիպում էր համայնքի իր գաղափարակից ընկերներին. դա օգնում էր նաև որոշ հարցերի մեղմացման և չի բացառվում, որ համաձայնեցվում էր նախագահի հետ: ԱԺ նախագահը Կիպրոս այցելության համար, պատվիրակության կազմում ներառել էր նաև պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որի ընտրությունն ինձ անհասկանալի է։

Հարց երկրորդ. Սփյուռքին պետք է ճանաչել, հասկանալ և չվիրավորել։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Նիկոսիայի մեկ տասնյակ ցուցարարներին Ֆեյսբուքում վիրավորելուց առաջ, իրեն չնչին նեղություն տալով, կարող էր ցույցի տեսագրությունները դիտելուց յետոյ, Հունաստանի մեր դեսպանության աշխատողներին կամ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հարցնելով, պարզեր, որ փոքրաթիվ ցուցարարները «…էս ակցիաների համար նորմալ ժամավճար ստացող» չեն, այլ՝ Կիպրոսում ծնված, հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդ, կայացած գործարարներ և ճանաչված մարդիկ են։

Ես երկու օր անընդհատ դիտել եմ ցույցի տեսագրությունը, ֆիքսել եմ մարդկանց, նրանք արևմտահայերեն են խոսում, տարիքով մեծ են, նրանք ցույցի վայրից «ծիծաղելով» չեն գնում: Կարգը պահպանող ոստիկանը ցուցարարներից մեկին անգամ անունով է դիմում՝ Հակոբ: Նա հավանաբար ցույցի կազմակերպիչն է՝ Կիպրոսի ՀՅԴ հայ դատի հանձնախմբի նախագահ և եկեղեցական խորհրդի անդամ, ճանաչված գործարար:

Ցուցարարները պարզ արևմտահայերենով գոռում են. «Դուք ընդունված չէք հոս, Ալենը հոս թող գա», իսկ մեր պատգամավորն իր ֆեյսբուքյան ընկերոջը գրում է «Հիմնականում արևելահայերեն էին խոսում». Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան մյուս ընկերը նույն գրության մեկնաբանությունների բաժնում գրում է «Պետք էր մի քացի էլ դրանց բերնին տայիր, որ խելոքանային»: Ակնարկը պարզ է և սրանով ամեն ինչ ասվում է:

Կիպրահայ ցուցարարներին հանդիպելիս իրեն լավ դրսևորեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Նա համեստորեն մոտեցավ ցուցարարներին և աշխատեց լսել ու հասկանալ նրանց: Դրանից մեկ օր առաջ ևս հյուրանոցի մոտ, երիտասարդ ցուցարարերին դիմավորեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փորձեց երկխոսել, բայց չստացվեց:

Հայրենիք – Սփյուռք հարաբերությունների թնջուկը դեռևս լուծված չէ. հարցի վերջնական կարգավորման համար հարկավոր է պիտակավորումից ու վիրավորանքից զերծ մթնոլորտ և համբերատար աշխատանք:

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031