«Նախ, ՀՀ կառավարությունն իր բոլոր բանակցություններում առաջնորդվում է ՀՀ-ի եւ Արցախի շահերի պաշտպանության հանձնառությամբ եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու տեսլականով»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցադրմանն այն մասին, թե ինչու կառավարությունը չի փարատում մտահոգությունները, թե առաջիկայում նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ է սպասվում։ Ռուստամյանը շեշտեց, որ 2020թ․-ի նոյեմբերի իննի փաստաթղթից անգամ նախագահը տեղյակ չի եղել։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Բազմաթիվ գերատեսչություններ տեղյակ են եղել փաստաթղթին եւ դրա ձեւավորման ընթացքին։ Դուք այդ պայմաններում կստորագրեի՞ք այդ փաստաթուղթը։ Հարցը հռետորական է։ Կրկնեմ նաեւ, որ գալիք նոյեմբերի իննին փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»։
Ապա Արմեն Ռուստամյանը պատասխանեց հարցադրմանը․ «Չէի վարանի աթոռս կորցնելու գնով կանգնեցնել այն պատերազմը, որը գնում է դեպի պարտություն (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս խոսքերի վրա ասում է՝ «ամենահեշտ բանը»)։ Ես կհրաժարվեի պաշտոնից՝ ասելով, որ թող գան նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պատերազմը տանել հաղթանակի։ Նոյեմբերի իննի թղթում Արցախ չկա, մի՞թե դուք դա չեք տեսնում։ Դուք պատերազմի ժամանակ չկանչեցիք այն մարդկանց, ովքեր պատերազմ վարել գիտեին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ