«Այս պահին նման ձեւաչափով հանդիպում նախատեսված չէ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, թե նոյեմբերի իննին հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները, եւ ստորագրվելու է երկու փաստաթուղթ՝ ՀՀ—Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման եւ ՀՀ ապաշրջափակման մասին։
«Միաժամանակ, այս պահին եւ պարբերաբար քննարկվում են տարբեր ձեւաչափով հանդիպումների առաջարկներ։ Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որեւէ տեքստի հրապարակում։ Բայց անդրադառնալով եղած տեղեկություններին՝ ասեմ, որ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում»,-շեշտեց Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ բանակցություններն ունեն գաղտնիություն, բայց իրենց քայլերը չեն շեղվում իշխանության որդեգրած քաղաքականությունից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ