Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս բացառություն չէր. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 27,2021 16:48

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

Ձե՛րդ Վսեմություն,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Ուրախ եմ հյուրընկալել Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում։

Հավանաբար, տեղյակ եք, որ քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող  իրադարձություն է տեղի ունենալու․ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը։ Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ։

Իսկ այսօր մեր հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ մտքեր ենք փոխանակել  երկկողմ հարաբերությունների շուրջ և պատրաստակամություն հայտնել՝ խորացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները՝ խարսխված նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա։

Անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին։

Կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս բացառություն չէր:

Մեզ համար հատկանշական և կարևոր է  Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում: Մասնավորապես` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել։ Ինչպես գիտեք, մինչ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև։ Այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը այս հարցում․  ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ։

Ցանկանում եմ շեշտել նաև, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար: Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով։

Այսքանով ուզում եմ ավարտել խոսքս և սիրով փոխանցել Նորին Վսեմություն Էդգար Պենյա Պառային։ Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031