Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք համարում եք, որ այն 4 ոգին, որոնք եկել էին Կիպրոսի հյուրանոցի մոտ, պետք է հեղափոխությո՞ւն սկսեին». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 27,2021 16:44

«Կարծում եմ, Գեղամ Մանուկյանը նույնիսկ հատուկ է արել, որ իրեն հեռացնեն ամբիոնից, որ ինչ-որ շոու լինի: Ես անձամբ գնահատում եմ ընդդիմության պառլամենտական գործունեությունը՝ որպես կատարյալ ձախողված: Բայց դա իրենց, իրենց ընտրողների խնդիրն է: Ես իրենց արդեն ասել եմ, որ իրենք իրենց գործունեությամբ նվեր են հանդիսանում ցանկացած իշխանության համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ «Արցախն ուրացողը դավաճան է» ասելու համար անվտանգությունը Գեղամ Մանուկյանի թեւերից քարշ տալով՝ իջեցրեց ԱԺ ամբիոնից:

Խոսելով Կիպրոսում իր այցի ժամանակ բողոքի ցույցի մասին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ չպետք է կարեւորել նման բաները. «Ես կարող եմ անձամբ իմ ընկերներով կազմակերպել նմանատիպ պաստառներով, որոնց մեջ, ի դեպ, տառասխալներ կային, նման բան կազմակերպել՝ աշխարհի յուրաքանչյուր կետում յուրաքանչյուր հարցի հետ կապված: Դուք համարում եք, որ այն 4 ոգին, որոնք եկել էին Կիպրոսի հյուրանոցի մոտ, պետք է հեղափոխությո՞ւն սկսեին: Եթե իրենք մարդկանց առաջարկելու բան ունենային, ՀՅԴ-ն այդ հնարավորությունը բազմիցս ունեցել է: Բայց իրենց արածը եղել է Էդվարդ Նալբանդյանին կարմիր քարտ ցույց տալը, Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելը եւ այլն: Դա է իրենց գործելաոճը, դա մաքսիմումն է, որ իրենք կարողացել են անեն»:

Նա հեգեց ընդդիմությանը՝ սեպտեմբերի 26-ից փողոց էին վերադառնում, արդեն 1 ամիս, 1 օր է՝ դեռ վերադառնում են. «Իսկ ընտրություններից առաջ որ փողոցում էին, ի՞նչ եղավ, այստեղի խորոված-քյաբաբ, պար, ծափ-ծլնգոցը եւ գնդակահարության տեսարաննե՞րը: Գիտեք ինչ, կարող են փողոց վերադառնալ, կարող են դահլիճից դուրս գալ ու հետո ներս մտնել, կարող են ամբիոն գրավել ու հետո շոուներ սարքել, բայց կարեւորն այն է, որ բովանդակային քննարկումներ տեղի ունենան: Եթե այստեղ՝ դահլիճում քննարկում է ծավալվում, որը ազդեցություն ունի մեր քաղաքացիների կյանքի վրա, դա կարեւոր է ու ողջունելի է: Բայց երբ գալիս ու խոսում են մի բանի մասին, հետեւանքում փորձում են շոու սարքեն, դա 7-8 անգամ երգված երգ է: Իրենք գոնե ընտրություններից հետո պետք է հասկանային, որ այն խոսույթը, որը իրենք օգտագործել էին ու առաջարկել քաղաքացիներին, քաղաքացները դրա գնահատականը ընտրությունների միջոցով տվել են»:

Ալեն Սիմոնյանը հորդորեց ընդդիմությանը բովանդակային քննարկումների մեջ մտնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031