Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննիչ հանձնաժողովը կներխուժի՞ դատական համակարգ․ ՔՊ-ն ընդդիմությանը մեղադրում է արդարադատությանը խոչընդոտելու համար

Հոկտեմբեր 27,2021 15:53

Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգով բաշխման խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով օրենքի ուժով ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

Դիմելով նախաձեռնող խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց․ «Եթե այս նախագիծը ես դնեի շրջանառման մեջ, կասեիք, թե սա աշխարհի ամենահակասահմանադրական նախագիծն է։ Դատարանում գործերի բաշխման օրենքով սահմանված խախտումը ո՞րն է։ ԱԺ-ն կարո՞ղ է սահմանել՝ այդ կարգը խախտվե՞լ է, թե՞ ոչ»։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Դուք նման նախաձեռնություն, իհարկե, չէիք ներկայացնի, բայց անգամ այդ դեպքում ես կողմ կքվեարկեի։ Բայց դուք, լինելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, մինչեւ օրս չեք բարձրաձայնել խնդրի մասին։ Դատական օրենսգիրքը, որն ընդունել է ԱԺ-ն, սահմանում է գործերի կատարման կարգը, որը խախտվել է։ Ըստ ԴՕ-ի՝ եթե համակարգչային ծրագիրը խնդիր է ունենում, ԲԴԽ-ն համապատասխան ցուցում է տալիս դատական դեպարտամենտին»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործերի բաշխման համակարգիչն առգրավել է ԱԱԾ-ն, եւ դատական գործերը մակագրվում են «ձեռքով»։

Վլադիմիր Վարդանյանն այնուհետեւ համոզմունք հայտնեց, որ հարցը չի վերաբերում ԱԺ լիազորություններին․ «Ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ։ Սա դուրս է ԱԺ իրավասության ոլորտից եւ միջամտություն է դատական իշխանությանը»։ Արամ Վարդեւանյանը պնդեց՝ եթե քննիչ հանձնաժողովի ստեղծումը չհամապատասխաներ ԱԺ կանոնակարգին, ապա չէր ստեղծվի։

Միջամտեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հայտնելով, որ նախագիծն առարկություններով չի վերադարձրել՝ խուսափելու համար օրենքի տարաբնույթ մեկնաբանություններից, բայց համաձայն է Վլադիմիր Վարդանյանի կարծիքի հետ։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ Արամ Վարդեւանյանին ասաց՝ իրենց քաղաքական ուժը տեւական ժամանակ պնդում է, թե իշխող ուժի կողմից դատարանների շրջափակման քաղաքական բողոքի ցույցը միջամտություն էր արդարադատությանը, բայց այսօր բերել են նախագիծ, որով քննիչ հանձնաժողովը ներխուժելու է դատական համակարգ․ «Ես հակասություն եմ տեսնում ձեր հայտարարությունների միջեւ»։ Արամ Վարդեւանյանը հեգնեց՝ հմտություն պետք է ունենալ այդ երկու հանգամանքն իրար կողքի դնելու ու համեմատելու համար․ «Անգամ միջազգային կազմակերպություններն են քննադատել վարչապետի կոչով դատարանների շրջափակումը։ Դա խայտառակ գործողություն էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031