Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործը քննող դատախազն էր, Արամ Սարգսյանը՝ վարչապետ էր, Անդրանիկ Քոչարյանի գործողությունը բոլորին է հայտնի. Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 27,2021 15:41

«Սա ծանրագույն օրերից է: Այս ահաբեկչությունը դատապարտվել է եւ շարունակում է դատապարտված մնալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Հոկտեմբեր 27-ի ոճրագործության մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորները ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ հարգանքի տուրք էին մատուցում:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի հետ կապված քաղաքական սլաքներին. «Դրանք հատկապես այսօր, երբ խոսում ենք, ոչ միայն սին են, այլ նաեւ ունեն կոնկրետ նպատակ, որը վստահաբար մեր պետականության հետ կապ չունի: Իրավական գործընթացը գնացել է եւ շարունակում է գնալ ու շատ ավելի արդյունավետ կլինի, որ բոլոր այդ անձինք, ուժերը, ովքեր փորձում են սլաքներ ուղղել, մանավանդ հիմա, երբ իշխանությունը պատկանում է հակառակ բեւեռին, իրավական քննություն տանեն, եթե նման կասկածներ կան: Պետք է նաեւ բացառել որեւէ հատուկ ընթացակարգով կանխամտածված գործընթացներ տանելը»:

ՀՅԴ-ին այս առումով ուղղված մեղադրանքները Արծվիկ Մինասյանը հիմարություն որակեց. «Չեմ էլ ուզում անդրադառնալ: Այնքան ենք անդրադարձել նման արտահայտությունների, որ մեր պատմության մեջ էլ լիքը կան, երբ հիմար ձեւով փորձեր են անում վերագրել տարբեր ուժերին ու մարդկանց: Ես ուզում եմ արձանագրել այն փաստը, որ սա ամբողջությամբ պետք է վերլուծվի մեր պետականության տեսակետից: Ինչ անել, որ հետագայում բացառվեն նման դեպքերը: Վստահաբար, այն, ինչ այսօրվա քաղաքական իշխանությունն անում է, դա չէ ճանապարհը, շատ ավելի խորքային հարցեր կան՝ մեր պետականության շահերը հաշվի առնելու, բացառելու այն անձանց իշխանության գալը, ովքեր այս կամ այն ձեւով տարբեր օտարերկրյա, հատկապես թշնամի պետությունների ազդեցության ներքո կարող են լինել: Այսօրվա վիճակը, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում Արցախի հետ, ՀՀ-ի հետ, վկայում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ՝ խորքային վերլուծության անհրաժեշտություն կա հենց Հոկտեմբերի 27-ի եւ նման դեպքերի օտարածին դրսեւորումների հետ կապված: Պատահական չէ, որ բազմաթիվ վերլուծություններում շոշափվում է Թուրքիայի կամ այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարությունը այդ հարցում, որոնք ավելի լուրջ վերլուծություններ են պահանջում, քան մի քանի արկածախնդիրների հայտարարությունները»:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է: Արծվիկ Մինասյանը հիշեցրեց. «Նա եղել է այն ժամանակ գործը քննող դատախազը եւ ունեցել է բոլոր լիազորությունները գործը բացահայտելու: Երկրի վարչապետն էլ եղել է Վազգեն Սարգսյանի եղբայրը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի գործողությունը բոլորին է հայտնի այդ օրերին: Հիմա ի՞նչն է խանգարում, որ իրենք, ունենալով բոլոր հնարավորությունները, եթե մեղսակից չեն անգործության մեջ, պարզ է, որ իրենց չեն կարող դատապարտեն, բայց գոնե այդ ամեն ինչից հետո հստակ պատասխան տան հարցերին: Սին եւ չհիմնավորված պնդումները բերում են նոր դավադրական տեսությունների ձեւավորմանը: Իսկ այն, ինչ իրենք անում են, բացարձակ կապ չունի Հոկտեմբերի 27-ի հետ: Անիմաստ բաներ են խոսում: Պահակազորի գործողություններն էլ կապ չունեն Հոկտեմբերի 27-եր կանխելու հետ»:

Նա ասաց, որ դրանք որպես անհասկանալի վախի եւ ընդդիմադիրներին ճնշելու միջոց են օգտագործում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031