Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու Մուշ թաղամասի 55-ամյա բնակիչներից մեկը, որը չի աշխատում, զանգահարել է ոստիկանություն, նշել, որ համապատասխան բուժօգնություն չստանալու պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում, և եթե ոստիկանները չզբաղվեն այդ հարցով` ինքն իրեն բենզինով կհրկիզի։
Տղամարդը իրեն այցելած ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերին ուղեգրով սրտի վիրահատման համար ընդունվել է Գյումրի բժշկական կենտրոն, սակայն երկու շաբաթ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալուց հետո իրեն տեղեկացրել են, որ չունի որևէ արտոնություն անվճար վիրահատվելու համար։
Տղամարդը սպառնացել է՝ եթե իրեն անվճար չվիրահատեն, կհրկիզի իրեն։
Այս պահին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ տղամարդը պետական ոչ մի արտոնություն չունի սրտի անվճար ստենատավորման համար, նա մի քանի անգամ բուժվել է իրենց հիվանդանոցում։ Վերջին անգամ հիվանդանոց է ընդունվել՝ ունենալով 5 տոկոս արտոնություն, որի մեջ մտնում է միայն դեղորայքային բուժումը։
«Սրտի ստենատավորումը համարվում է դժվարամատչելի վիրահատական միջամտություն, պիտի ունենա պետության կողմից սահմանված արտոնություններ, եթե չունի պետական արտոնություն, ո՞վ պիտի վճարի այդ գումարները ու այս դեպքում ի՞նչ կարող է անել հիվանդանոցը»,-ասաց Արթուր Ստեփանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ