Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ այսօր այն իրավիճակը, որն ունենք պատերազմի հետ կապված, սկսել է հենց Հոկտեմբերի 27-ին». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 27,2021 14:54

Այսօր Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի հիշատակի օրն է: ԱԺ այգում հիշատակի արարողություն էր կազմակերպվել՝ ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

Թե 22 տարի անց ինչո՞ւ չի բացահայտվում ոճրագործությունը, իշխանական թիմի գնահատականը ո՞րն է, ովքե՞ր են եղել պատվիրատուները՝ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ քրեական գործից առանձնացված մաս պետք է լինի: Ես հիմա չեմ ուզում բացահայտել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները եւ այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես որ գիտեր, որ ընտրությունները ձեր ասած 20 քանի տարվա ընթացքում կեղծվում են, ինչպես որ գիտեր ամեն ինչ: Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ՝ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաեւ իրավական առումով»:

Հարցին՝ մի բան է, որ հանրությունը գիտի, մեկ այլ բան է, որ դրանց իրավական գնահատական չի լինում ու դուք չե՞ք կարծում, որ երբ մեղավորները պատժված չեն, դա նոր ոճրագործության առիթ կարող է դառնալ, վտանգներ չե՞ք տեսնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վտանգներ, բնական է, տեսնում եմ: Ինչ վերաբերում է պատժվել-չպատժվելուն, դուք հասկանում եք՝ ես պաշտոնյա եմ ու չեմ կարող որեւէ հայտարարություն անել, որը կարող է մեղադրանք պարունակել ու հետագայում նաեւ ազդել իրավական պրոցեսների վրա, այդ առումով ես կաղապարված եմ: Բայց քաղաքական առումով հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում: Մենք այսօր խնդիր ունենք եւ հարց ունենք հասկանալ պատճառները եւ իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից միգուցե քաղաքական, միգուցե ոչ միայն քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի եւ ես չեմ կարծում, որ ես իրավասու եմ հիմա բարձրաձայնել այդ մասին»:

Հարցին՝ մարդիկ կան՝ դա Մեղրի հարցի հետ են կապում, մարդիկ կան՝ ներքաղաքական հարցերի հետ են կապում, եւ մարդիկ էլ կան՝ ուղիղ Ռուսաստանի հետ են կապում, դուք ի՞նչ կարծիք ունեք ու ավելի շատ ո՞ր տարբերակին եք հակված՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բնական է, չի կարելի այդպիսի հայտարարություն անել ու ասել, որ որեւիցե երկիր մեղավոր է կամ առնչություն է ունեցել: Հանրությունը կարող է տարբեր վարկածներ ունենալ, ես մեծամասամբ վստահ եմ, որ մեր հանրությունը գիտի: Ես չեմ կարող ձեզ ասել մի բան, որի հետ կապված ապացույց կամ հիմնավորում չկա»:

Լրագրողները ճշտեցին՝ Հոկտեմբերի 27-ը Մեղրիի տարբերակի հետ կապ ունե՞ր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ բացառում: Չեմ բացառում, որ այսօր այն իրավիճակը, որն ունենք պատերազմի հետ կապված, սկսել է հենց Հոկտեմբերի 27-ին 99 թվականի: Որովհետեւ եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այսօրվա չէինք գա»:

Դիտարկմանը, որ իրավական լծակները ձեր ձեռքում են ու եթե ուզենայիք բացահայտել, քայլեր կանեիք՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ այդտեղ է ամենամեծ սխալ պատկերացումը, որ քաղաքական իշխանությունը իր ձեռքերի մեջ իրավապահ համակարգ է ունենում. «Այդպիսի բան եղել է այն ժամանակ, երբ այդ ոճրագործությունը տեղի է ունեցել»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետեւում, որովհետեւ դրա հետեւանքները մինչ օրս քաղում ենք, այն կոտրել է մեր պետության ողնաշարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031