Այսօր ԱԺ լիագումար նիստում քվեարկվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող՝ ՀՀ-ի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը չընդունվեց մեծամասնության կողմից:
«Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր․ «Կոնսենսուսային տարբերակ ստանալ չի հաջողվել։ Նախագծում տեղ գտած թեզերն ու դրույթները, որոնք վերաբերվում են Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, մենք խնդիր չենք տեսնում։ Սակայն հայտարարությունում տեղ են գտել ներքաղաքական ձեւակերպումներ, ընդդիմության մոտեցումներ, որոնք չեն կարող նման հայտարարության մեջ տեղ գտնել»:
Այսօր այս առնչությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ երեկ հրատապ նիստ են արել ու կազմել հայտարարություն, փոխանցել իշխանությանը. «Չեմ կարծում, որ այդտեղ գլխավոր խնդիրը ներքաղաքականն է, որովհետեւ ովքեր հայտարարության տեքստին ծանոթացել են, առաջին բանը, որ արձանագրում են, դա բխում է ոչ միայն ընդդիմության կամ հասարակության, այլ նաեւ իշխանության շահերից, իշխանությունը պետք է իմանա, որ կա հանրության կամքը՝ սահմանելու այն կարմիր գծերը, որի պայմաններում իշխանությունը չի կարող ավել քայլ կատարել: Չեմ կարծում այնտեղ կային այնպիսի մոտեցումներ, որոնք ներքաղաքական հարց են պարունակում»:
Տիգրան Աբրահամյանը նաեւ նշեց, որ խորհրդարանական երկրի պայմաններում ցանկացած քաղաքակիրթ երկրի համար նորմալ է, երբ խորհրդարանը դիմում է գործադիրին ու պայմաններ սահմանում, որից այն կողմ գործադիրը չի կարող անցնել. «Այս իշխանությունը կարծես թե համարում է, որ ինքը ամեն ինչ կարող է անել, վեր է օրենքից, բանակցում է այն կետից, որտեղից ինքն է նպատակահարմար համարում, իսկ մենք տեսել ենք, որ այպիսի ընթացքը ինչպիսի հետեւանքներ է ունենում հասարակության համար»:
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ քննարկման հիմնական շեշտադրումները հետեւյալն են. «Նախ, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները ինչ-որ փուլում պետք է լինեն, բայց այդ հարցում չպետք է լինի շտապողականություն: Երկրորդը՝ իշխանությունը անընդհատ հղում է անում այս կամ այն քարտեզին, մեր մոտեցումը հետեւյալն է՝ Սովետական ժամանակահատվածում տեղի ունեցած վարչական փոփոխությունները միջազգային իրավունքի առումով պարտադիր չեն մեզ համար: Այդ փոփոխությունները եղել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի, Սովետական միության սահմանադրությունների խախտումներով: Բացի այդ, ի սկզբանե հայտարարելը, որ Սովետական Հայաստանի քարտեզով ենք առաջնորդվում, նեղացնում է մեր հնարավորությունները: Որեւէ պայմաներում, որպես բանակցությունների նյութ կարելի է հաշվի առնել քարտեզները, բայց ամբողջության մեջ միայն հիմնվել այդ քարտեզների վրա, ՀՀ-ի ու Արցախի շահերից չի բխում: Երրորդը՝ այդ գործընթացը երկարատեւ է լինելու՝ տասնամյակներ: Իշխանությունը ի սկզբանե հայտարարելով այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին, տարբեր տեղանունների ադրբեջանական անվանումները տալով՝ նեղացրել է մեր բանակցային հնարավորությունները եւ Հայաստանին վատ դրության մեջ է գցել»:
Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իշխանությունը թաքցնելու բան ունի առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված ու այս պայմաններում նույնիսկ արգելում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների անդամների մուտքը առաջնագիծ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ