Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանվածները պահանջում են փախստականի կարգավիճակ տրամադրել իրենց

Հոկտեմբեր 27,2021 14:18

Արցախում իրենց բնակավայրերը կորցրած քաղաքացիներն այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց էին անում։ Նրանք պահանջում էին իրենց կարգավիճակի հարցը լուծել՝ փախստականի կարգավիճակ տալ։ Ցույցի հիմնական մասնակիցները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանից էին։

Գալյա Հայրապետյան

Հադրութցի Գալյա Հայրապետյանը լրագրողներին պատմեց, որ ընտանիքը մեծ է, իր խոսքով՝ «9 շունչ կա», 7 ամիս ապրել են Մեղրուտ գյուղում եւ այդ ընթացքում պետությունից որեւէ օգնություն չեն ստացել․ «9 շունչ պաhելը հե՞շտ է, մի օճառ էլ չեն տվել։ 9 ամսում 7 տուն ենք փոխել։ Ամուսնուս թոշակով ենք ապրում, աշխատող չկա, գոնե սնունդով օգնեն, դիմացը ձմեռ է, փայտով օգնեն։ Ախր ես այստեղ ի՞նչ գործ ունեմ, իմ երեք հարկանի տունը մնաց, «ջիպը»՝ նոր առած, մնաց բակում, ես կուլակի նման ապրում էի, էստեղ ի՞նչ գործ ունեմ, որ եկել եմ, էս ի՞նչ է։ Հարեւանս է շոր տվել, որ հագնեմ գամ էստեղ»։

Արթուր Ստեփանյան

Արթուր Ստեփանյանը, որը եւս Հադրութից էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս է՝ կառավարությունը տեղահանվածներին որեւէ աջակցություն չի տրամադրում։

«Երկու օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով ասում են՝ որոշումը կա, մեզ գումար պետք է տրամադրեն, բայց չգիտես ինչու՝ ծրագիրը չի իրագործվում։ Երեք ամիս է՝ չենք կարողանում բնակարանների վարձը տալ։ Մի մասին հյուրատներից, հյուրանոցներից հանում են։ Մի տարի առաջ ոնց եղել ենք՝ տուն-տեղ կորցրած, այսօր էլ նույն կարգավիճակում ենք, մեր կյանքում ոչ մի բան չի փոխվել; Չգիտենք՝ ինչո՞ւ են նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերում մեր հանդեպ։ Հագուստը, ուտելիքը կարողանում ենք մեր աշխատանքով հասցնենք, բայց բնակվարձերը շատ բարձր են, չենք հասցնում»,-ասաց Արթուր Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ իրենց հիմնական պահանջը փախստականի կարգավիճակն է, դեռ ամռանն են գրավոր դիմել վարչապետին, սակայն մինչ օր պատասխան չեն ստացել, նույնիսկ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Արցախից տեղահանված քաղաքացիները, որոնց բնակավայրերը Ադրբեջանի վերահսկողության տակ են, ՄԱԿ-ի գրասենյակ եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն են դիմել։ Այսօր էլ գնացին նույն կառույցների գրասենյակներ՝ նամակ հանձնելու։ Նրանք ասացին, որ Ֆրանսիայի նախագահից խնդրում են իրենց հումանիտար ապաստան տրամադրել Ֆրանսիայում։

Թե ինչո՞ւ են փախստականի կարգավիճակ պահանջում, նրանք հստակ չպատասխանեցին։ Արթուր Ստեփանյանն այս առնչությամբ ասաց․«Գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ցույց տանք, որ այսօր փախստականներ կան ՀՀ-ում, բայց մեր իշխանությունները դա թաքցնում են»։

Արցախում իրականացվող բնակարաշինության եւ վերադարձի հնարավորության մասին էլ Արթուր Ստեփանյանն ասաց՝ իրենք բոլորն էլ ցանկություն ունեն վերադառնալու, բայց եթե հիմա վերադառնան, ապրելու տեղ չունեն։ Իսկ Արցախում նոր բնակարան ստանալու հետ էլ մեծ հույսեր ու սպասելիք չունեն։

«Արցախի կառավարությունից ասում են՝ 2024 թվականի հունիս ամսին բնակարանները կլինեն։ Այսօր երկու հազարից ավելի բնակարան է կառուցվում, հազարից ավելի էլ ծրագրված է, որ կառնեն ու կտրամադրեն ժողովրդին, բայց չի երեւում էդ ծրագիրը»,-ասաց Արթուր Ստեփանյանը։

Լեւոն Հայրիյան

«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրիյանն էլ հավելեց․ «Մեզ կարգավիճակ չեն տալիս, քանի որ ինչ-որ մեկից վախենում են․ «Ես մի ժամանակ պատգամավոր եմ եղել, քաղաքականության մեջ ակտիվ եմ եղել, ու էն ժամանակ, երբ ինչ-որ բան էինք առաջարկում, դիմում, ասում էին՝ թող տեսնենք՝ Երեւանն ինչ է ասում։ Հիմա մի բան է փոխվել, մի բան է գումարվել, ասում են՝ տեսնենք ռուսն ինչ է ասում։ Ռուս խաղաղապահներն են խանգարում կարգավիճակի հարցում, իրենք միջազգային կառույցներին հաշվետու են, թե՝ մենք այստեղ ամեն ինչ լավ պահում ենք»։

Լեւոն Հայրիյանն ասաց, որ ՄԱԿ-ից պատասխան են ստացել, հանդիպման են հրավիրել առաջիկա օրերին։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031