Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են. Դավիթ Խաժակյանի ելույթը ԵԽ Կոնգրեսում

Հոկտեմբեր 27,2021 13:20

ԵԽ Կոնգրեսում Դավիթ Խաժակյանի ելույթը Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների իրավունքների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,
Քննարկում ենք քաղաքների և տարածքաշրջանների առջև ծառացած մարտահրավերները, որոնք ծագել են ներքին տեղահանված անձանց քանակի աճով, և պետք է նշեմ, որ այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով կամ Եվրոպայի սահմաններից դուրս եղած կոնֆլիկտներով, այլ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության կողմից իրականացվող թշնամական գործողություններով։

Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, արհամարհեց Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ։

Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ իրենց գյուղերն ու քաղաքները ներկայումս օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից։

Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին սոցիալական աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված էին լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները։

Մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները, որոնք իրականացրեցին բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ օժանդակելով Արցախից տեղահանված բնակչությանը։

Չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունից և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։ Եվրոպայի խորհրդի հիմնադրույթները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է վերաբերեն բոլորին առանց որևէ խտրականության։

Ցավոք այս պարագայում դա այդպես չէ, քանի որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են։ Անվտանգության խորը մտահոգությունները, հայ ժողովրդի նկատմամբ բարձր մակարդակում հնչող ատելության խոսքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատման և երկարատև խաղաղության հնարավորությունները տարածաշրջանում, ինչը թույլ կտար ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը իրենց տներ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031