Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր. Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 27,2021 13:25

Այսօր առավոտից Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի նախկին զինակից ընկերները:

Ավելի ուշ Եռաբլուր պանթեոն այցելեց նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ անդամների ուղեկցությամբ:

«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի»,- ներկայիս իրավիճակի եւ տարածքային կորուստների մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը: Ըստ նրա, 22 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր եւ այդ ահաբեկչությունը կոտրեց Հայաստանի ողնաշարը, պետությունը քանդեց հիմքից ու եթե այն չլիներ, մենք այսօր բոլորովին այլ պետություն կունենայինք՝ հզոր բանակով: Նա վստահ է, որ ահաբեկչության պատվիրատուները վաղ թե ուշ կբացահայտվեն, դա կլինի՞ այս իշխանության օրոք, գործող իշխանությունը կարո՞ղ է դա անել, ըստ Սասուն Միքայելյանի՝ հետո կերեւա. «Բոլոր իշխանություններն էլ պիտի անպայման այդ ուղղությամբ մտածեն, եթե չբացահայտվի՝ շարունակական բաներ տեղի կունենա հետագայում»:

Նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ ԲԴԽ նախագահն է, 2018 թվականին հայտարարել էր, որ իր կարծիքով՝ ամեն ինչ բացահայտված է, քրեական գործում ամենը կա: «Ժամանակի մեջ լինում է ամեն ինչ էլ: Եթե Ջհանգիրյանը դա ասել է՝ այսօր ժամանակ է փոխվել: Եկեք չշտապենք, այսօր իշխանություն է փոխվել: Դուք բոլորդ քաջատեղյակ եք, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նախկին իշխանությունների օրոք եւ դա մտորելու տեղիք է տալիս»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա հավաստիացրեց, որ ԵԿՄ-ն պահանջատեր է մնալու, որպեսզի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որը մեր ազգի խարանն էր, բացահայտվի:

Նոյեմբերի 9-ին ստորագրվելիք հերթական փաստաթղթի մասին հարցին էլ նա պատասխանեց. «Եկեք չքաղաքականացնենք այսօր… դու հստակ գիտե՞ս, մամուլում ընենց բաներ են գրում՝ ուշքդ կեթա: Ժամանակից առաջ ես երբեք չեմ ընկել»: Լրագրողի դիտարկմանը՝ եթե ինչ-որ բան լինի նոյեմբերի 9-ին, հետո ուշ չի՞ լինի արդեն, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:

Պատասխանելով սահմանային իրավիճակի մասին հարցին էլ Սասուն Միքայելյանն ասաց, որ սահմանային իրավիճակը «ոչ բարվոք» է եւ ԵԿՄ-ն համալրում է իր շարքերը երիտասարդներով, որպեսզի առաջին անհրաժեշտության դեպքում մեկնեն սահման. «Մենք ոչ թե պիտի վախենանք պատերազմից, այլ պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմի, այսօր ՀՀ սահմաններն են վտանգված: Մենք մեր ուղղությամբ մեր գործն անում ենք՝ ԵԿՄ-ն»: Նա կոչ արեց համախմբվել եւ կանգնել բանակի կողքին:

Սասուն Միքայելյանը չի կարող ասել՝ պատերազմ կսկսվի, թե՞ ոչ, քանի որ աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլ է ու թե ի՞նչ զարգացումներ են հնարավոր, երբեմն նույնիսկ անկանխատեսելի է: Նա միայն մի բան հաստատ գիտի՝ 1915 թվականի իրադարձությունները մեզ դաս չեղան, դրանցից հետեւություններ չարեցինք, ուստի, այսօր էլ բարդ կացության մեջ ենք:

Հարցին՝ կարողություն ունի՞ գործող իշխանությունը առկա բոլոր դժվարություններին դիմակայելու, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ մեր պետությունն այսօր այն վիճակում է, որ պատերազմը չի պարտվել, մարտն է պարտվել ու երբեք չպիտի հույսը կորցնենք, որ կվերադառնանք մեր տարածքներ. «Եվ կվերադառնանք»: Նա վստահեցրեց, որ ԵԿՄ-ն ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ բանակի կողքին եւ տարբեր հարցերում համագործակցված աշխատում են:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի մասին հարցին էլ պատասխանեց, որ քննություն է ընթանում, կավարտվի՝ հասկանալի կլինի ինչ խնդիր կա:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031