ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի այսօրվա նկատառմանն, որ մինչեւ պատգամավոր ընտրվելն ինքն իշխող քաղաքական ուժին հասուն չի համարել։ Խաչատրյանն այսպես բացատրեց․ «Դա նախընտրական բանավեճ էր։ Նա Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճի ժամանակ ինձ հիշեցրել էր իմ այդ կարծիքը, ես էլ պատասխանել էի՝ անհամեստություն է, բայց եթե ինձ հրավիրել են ցուցակ, խոսում է հասունացման մասին։ Շեշտել եմ, որ ամեն քաղաքական ուժ հասունանալու տեղ ունի, եւ դա բնական է։ Վտանգավոր է, երբ քաղաքական ուժը դեգրադացվում է։ Այ այդտեղ է, որ ասելու բան չի լինի»։
Ապա Խաչատրյանը կրկին անդրադարձավ երեկվանից քննադատվող իր հայտարարությանը։ «Ինչպե՞ս վերաբերվեմ այն քաղաքական ուժին, որը երեւույթի վրա աչք է փակել, ինչ է թե՝ կոալիցիա է կազմել։ Ո՞նց դա չհամարեմ Արցախի ուրացում․․․Ո՞նց չհամարեմ Արցախի ուրացում, երբ քաղաքական ուժը տեսնում է, որ գեներալները «ռակի» բիզնեսով են զբաղվում կամ անտառ հատում, ու ծպտուն չի հանում։ Կամ երբ տեսնում է, թե ինչ մակարդակի սպաներ են դառնում գեներալներ, եւ ձայն չի հանում, որովհետեւ փափուկ աթոռ է ստացել։ Դա Արցախի ուրացում չի՞»,-հարցադրումներ արեց Վիգեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր եղել։ Վիգեն Խաչատրյանը սրիկայություն էր անվանել այն հանգամանքը, որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործունեությունը։ Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, նկատի ունենալով Խաչատրյանի՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է» խոսքերը, ասել էր, որ Արցախն ուրանալն է սրիկայություն ու դավաճանություն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ