Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս օրերին Արցախում է ճանաչված գիտնական Արտեմ Օհանովը: «Մենք ունենք «Հմտություններ Արցախին» կրթական բաղադրիչը, որի շրջանակներում ուզում ենք տարբեր հանրահայտ դեմքերի հրավիրել Արցախ: Ուզում ենք Արցախը դարձնել գիտակրթական գրավիչ տարածք, այստեղ շատ ուժեղ պոտենցիալ կա: Մեր երեխաները այս տարի միջազգային առարկայական օլիմպիադայից արծաթե մեդալ են բերել, Հայաստանում էլ հաղթել ենք քիմիայից:
Ամեն ինչ պետք է անենք կրթական համակարգը տեսանելի, միջազգայնորեն գրավիչ դարձնելու համար: Չեմ կարծում, որ մեր երեխաները որեւէ բանով զիջում են աշխարհի ամենալավ ուսումնական հաստատություններում սովորող երեխաներին: Մեր երեխաները մրցունակ են եւ շատ կարճ ժամանակահատվածում կարողանում են յուրացնել միջազգային ծրագրերը»,-ասաց տիկին Ղարախանյանը:
Նրա ձեւակերպմամբ, ցավոք, Արցախի երեխաների համար բազմաթիվ սահմանափակումներ կան, Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բոլոր մակարդակներում. «Օրինակ վերցնենք «Կենգուրու» մրցույթը, որին նաեւ Արցախն է մասնակցում: Ադրբեջանը հետեւողական ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախի երեխաները չմասնակցեն «Կենգուրու» միջազգային մրցույթին, բայց մենք հաղթել ենք այդ պատերազմում, եւ մեզ աջակցել է «Այբ» կրթական հիմնադրամը: Այնպիսի անարդար, հակաքաղաքակրթական քայլեր են անում 21-րդ դարում մեր դեմ»:
Նա հիշեց Արցախի Մարտունու դպրոցներից մեկի լավագույն շրջանավարտներից Գեւորգ Ավանեսյանին, որը միջազգային օլիմպիադայի հաղթողներից է. «Գեւորգը փայլուն գիտելիքներով ընդունվեց բժշկական համալսարան: Մենք նրա ապագան կապում ենք բժշկագիտության հետ: Առաջիկայում Գեւորգին կապելու ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, Գեւորգը պետք է գիտական դաշտ մտնի, նա մեր տաղանդավոր երեխաներից է, իսկ այդպիսի երեխաներ Արցախում շատ ունենք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան էջից. «Արցախի կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության հյուրն էր հայազգի հեղինակավոր գիտնական Արտեմ Օգանովը։ Հետաքրքիր ու պահանջված հանդիպում մեծ գիտնականի ու քիմիայից ու ֆիզիկայից բարձր գիտելիքներ ունեցող մեր աշակերտների հետ։ Ականավոր քիմիկոսը, ֆիզիկոսը, նյութագետն ու բյուրեղագետը ներկայացրեց գիտության աշխարհի և գիտությամբ զբաղվելու ուշագրավ կողմերը` մատնանշելով գիտությամբ հետաքրքրվողների իր ճանապարհը։ Մեր լավագույն աշակերտները, ուսուցիչներն ու ուսանողները այսուհետ հնարավորություն կունենան լսել նրա դասախոսությունները։ Ա. Օգանով` մեր նոր բարեկամը գիտությունը Արցախում զարգացնելու դժվար ճանապարհին»: