ԱԺ նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրից» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Արտակ Մանուկյանից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ահագնացող գնաճը զսպելու համար ԿԲ-ն ի՞նչ անելիք ունի, կառավարությունն ի՞նչ գործիքակազմ ունի։
«Գնաճի հետեւանքները մեղմելու հարցում կառավարությունն անելիք ունի։ Որքան հետեւում եմ՝ էկոնոմիկայի նախարարն ասում է, որ աշխատում են այս ուղղությամբ։ Իսկ ԿԲ-ի գործիքակազմը վերաֆինանսավորման տոկոսադրույքների փոփոխությունն է։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները համամիտ են, որ 2022թ․ երկրորդ եռամսյակից հետո գնաճը կգա կառավարելի մակարդակի»,-պատասխանեց Արտակ Մանուկյանը։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ երբ Արտակ Մանուկյանը փորձագետ էր, օրինակ, 2016թ․-ին մի հարցազրույցում բովանդակալից քննադատել է այդ ժամանակվա իշխանությանը՝ մեկ անձից կատարվող գնումների համար, որոնք կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։
Կարդացեք նաև
«2018թ․-ից Արտակ Մանուկյանը պատգամավոր էր իշխող խմբակցությունից, եւ չեմ հիշում մի ելույթ, որում նա կքննադատեր իշխող ուժի գործունեությունը։ Վարչապետի աշխատակազմում մեկ անձից գնումներ են եղել»,-նշեց Գեղամ Մանուկյանը։ Արտակ Մանուկյանը պատասխանեց․ «Մեկ անձից ձեռքբերումն ունի մի առանձնահատկություն, որում ավելի շատ հակվածություն կա կոռուպցիոն ռիսկի։ Պատվիրատուն պետք է հիմնավորի, որ այլ ընթացակարգ հնարավոր չի եղել, դրա համար դիմել է մեկ անձից գնման։ Ես 2019թ․-ից եմ պատգամավոր, բայց, այդուհանդերձ, դուք ասում եք, թե ինչու հրապարակային ելույթներ չեմ ունեցել։ Ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ եղել, եւ նման վերլուծությունները պետք է անկախ փորձագետներն անեին»։
«Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանն էլ նկատեց՝ Արտակ Մանուկյանը երկար տարիներ եղել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության փորձագետ, աշխատել հ/կ-ներում, որոնք ունեցել են արեւմտյան ֆինանսավորում․ «Մի կողմ դնելով ձեր մասնագիտական կարողությունները, հանրության մոտ կարող է մտահոգություն լինել, որ դուք կարող եք ազդեցության գործակալ լինել․ ինչպե՞ս կփարատեք այդ մտահոգությունը։ Դուք կարեւոր պաշտոնի եք հավակնում, որը ֆինանսական անվտանգություն եւ տեղեկատվության հասանելիություն է ենթադրում»։ Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ տարակուսած է նման հարցադրումից․ «Ինչո՞ւ եք այդքան հեռուն գնում, միանգամից կարող էիք ասել, որ որպես պատգամավոր՝ ես որոշակի գաղտնի տեղեկատվության եմ տիրապետել։ Ես հանձնաժողովի փոխնախագահ եմ եղել։ Կներեք, ես էլ չեմ հավակնում ձեր մասնագիտական գիտելիքները կասկածի տակ դնել, բայց երբ ԶԼՄ-ից հարցադրում է հնչում «կարո՞ղ է»-ով, պատասխանը կարճ է՝ ոչ»։
«Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանն էլ նկատեց՝ բանջարեղենն, օրինակ, 64%-ով թանկացել է, եւ քաղաքացին գնումներ կատարելիս չի տեսնում, թե կառավարությունն ինչ է անում այս ուղղությամբ։ Արտակ Մանուկյանը նշեց․ «Եթե բացենք ձեր ասած տոկոսը, կպարզվի, որ դա մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գնի բարձրացմամբ։ Այս շոկը ողջ աշխարհում է, եւ երկրները քննարկում են, թե ինչպես մեղմացնեն գնաճը»։ Վարդանյանն արձանագրեց․ «Երբ ասում եք, որ կարտոֆիլն է թանկացել, իշխող ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք․․․ձեր ասածը պատասխան չի։ Ուզում եք ասեք՝ ժողովուրդ, եթե կարտոֆիլը թանկացել է, կանաչին չի թանկացել, կանաչի կերեք։ Թանկացել են կենսական նշանակության ապրանքները»։ Արտակ Մանուկյանը պատասխանեց․ «Իմ ասածը մեկնաբանեցիք ոչ այնպես, ինչպես ես էի ասում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ