Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեքստում ներքաղաքական ձեւակերպումներ կան»․ ինչու ԱԺ-ն չընդունեց Արցախի վերաբերյալ «Պատիվ ունեմ»-ի եւ «Հայաստան»-ի հայտարարությունը

Հոկտեմբեր 27,2021 11:21

ԱԺ լիագումար նիստում այսօր քվեարկվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող՝ ՀՀ-ի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Հայտարարությունում ամրագրվում է՝ Ազգային ժողովն արձանագրում  է, որ Ադրբեջանի հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ-ի եւ Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով։ «Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է։ Սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջեւ միջազգային իրավունքի հիման վրա համաձայնության միջոցով։ Ուժի սպառնալիքի միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն առ ոչինչ է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն են՝ ԵԱՀԿ նախագահության ձեւաչափով։ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող բոլոր հարցերը որոշվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որում ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-ասված է հայտարարությունում, որը հեղինակել են «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները։

«ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը՝ արտահայտված անկախության հռչակագրով»,-ասված է հայտարարությունում։

«Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ նախագծի տեքստը երեկ ուշ են ստացել, եւ խորհրդարանական մեծամասնությունն ընդգրկված չի եղել դրա բովանդակության մշակման աշխատանքում․ «Կոնսենսուսային տարբերակ ստանալ չի հաջողվել։ Նախագծում տեղ գտած թեզերն ու դրույթները, որոնք վերաբերվում են Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, մենք խնդիր չենք տեսնում։ Սակայն հայտարարությունում տեղ են գտել ներքաղաքական ձեւակերպումներ, ընդդիմության մոտեցումներ, որոնք չեն կարող նման հայտարարության մեջ տեղ գտնել։ Չենք հասել կոնսենսուսի, որ ներքաղաքական ձեւակերպումները հանվեն տեքստից։ Հետեւաբար ՔՊ-ն չի մասնակցի քվեարկությանը»։

Քվեարկության արդյունքում «կողմ» ձայները 26-ն էին․ որոշումը չընդունվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031