Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանում եմ ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան»․ «Հայաստան» դաշինքը ծափահարեց Ռուբինյանին

Հոկտեմբեր 27,2021 10:58

«Դա խայտառակ միջադեպ էր։ Պարոն Ռուբինյանն անձնազոհաբար եւ նաեւ անվտանգության ներգրավմամբ պատրաստ էր պաշտպանել Վիգեն Խաչատրյանի պատիվը, թեպետ կարծում եմ, որ Գեղամ Մանուկյանի խոսքի հետ կապված խնդիր չկար․ Արցախն ուրացողը չի կարող դավաճան չանվանվել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով երեկվա միջադեպին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը սրիկայություն էր անվանել այն հանգամանքը, որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործունեությունը։ Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, նկատի ունենալով Խաչատրյանի՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է» խոսքերը, ասել էր, որ Արցախն ուրանալն է սրիկայություն ու դավաճանություն։

Հայկ Մամիջանյանը մեջբերեց այս տարվա փետրվարի 9-ին լրատվամիջոցներից մեկին Վիգեն Խաչատրյանի տված հարցազրույցում արտահայտված միտքը՝ «Իշխող քաղաքական ուժը դեռ չունի անհրաժեշտ հասունություն»։ «Այ սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին, եւ այդ անձին դուք երեկ պաշտպանում էիք անվտանգության ներգրավմամբ»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Դահլիճում աղմուկ լսվեց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռություն պահպանել․ «Պարոն Մամիջանյան, իմ դիրքորոշմամբ՝ ցանկացած պատգամավոր պետք է հնարավորություն ունենա իր դիրքորոշումներն անկաշկանդ հայտնելու, բայց ոչ մի պատգամավոր չպիտի հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Նիստը վարողի պարտականությունն է դրա ապահովումը։ Անվտանգությունը ներս է հրավիրվել ոչ թե այն բանից հետո, երբ Գեղամ Մանուկյանն անձնավորելով վիրավորեց Վիգեն Խաչատրյանին, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց լքել ամբիոնը։ Եթե ուզում ենք սուր, բայց բովանդակային քննարկումներ ունենալ, բոլորը պետք է խուսափեն վիրավորական բառերից»։

Գեղամ Մանուկյանը տեղից ասաց․ «Բայց արձանագրենք, որ Արցախն ուրացողը դավաճան է»։ Ռուբինյանն արձագանքեց․ «Միանում եմ ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան»։ «Հայաստան» դաշինքից ծափեր հնչեցին։ «Բայց նաեւ արձանագրենք, որ մարդկանց անձնավորված վիրավորել չի կարելի։ Ինչ-որ մեկը տեղից ասեց՝ բառերի ցանկ կա՞․․․եթե ես ցանկ ներկայացնեմ, կասեք՝ ահա՜, գրաքննության եք մեզ ենթարկում։ Փակենք թեման»,-հավելեց Ռուբեն Ռուբինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031