Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պատմականորեն մեծ իրավունք ունենք թուրքական նախաձեռնությունները մերժելու՝ ՀՀ-ի առջեւ սահմանները փակած, հակամարտություններում հակահայկական դիրքորոշումներ դրսեւորող պետության մասնակցությունը կարգավորման գործընթացներին. «3+3» ձեւաչափը եւ Հայաստանը. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 27,2021 11:02

Անցյալ շաբաթվա ամենաշրջանառվող թեմաներից էին այսպես անվանված «3+3» տարածաշրջանային կարգավորման ձեւաչափի շուրջ քննարկումները, որոնք սկիզբ առան Ռուսաստանում` կապված արտգործնախարարության բարձրագույն ներկայացուցիչների անդրադարձների հետ։

Չնայած որոշ հեղինակների թերահավատությանը, այս ձեւաչափի հաստատումը կարող է իսկապես զգալի փոփոխություններ մտցնել տարածաշրջանային տեղաշարժերում։ Ո՞րն է դրա էությունը։

Ակնհայտորեն սա թուրքական նախագիծ է (դա անցյալ շաբաթ հստակորեն հաստատեց նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան)։ Թուրքիայի կողմից այս ծրագրի մասին հրապարակային հայտարարություններն ունեն ավելի քան մեկ տասնամյակի պատմություն։ Այն ժամանակ ուշադրության չարժանանալով՝ նշանակալի է, որ այսօր դրանք իրական հնչեղություն են ստանում հենց արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Այսինքն` միտված են հաղթողի դիրքերին օրինականություն տալու, լեգիտիմացնելու նպատակին։

Ինչ դիրքորոշում ունեն այս մոդելի մեջ ներգրավված մասնակիցները (Ռուսաստան, Թուրքիա, Իրան+Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Թուրքիան ակնհայտորեն Հարավային Կովկաս ներթափանցման եւ այնտեղ իր ազդեցությունը մեծացնելու դարավոր երազանքի իրականացման ռեալ առիթն է գտել։ Նա այս ճանապարհով ձգտում է մասնակից դառնալ հարավկովկասյան կարգավորումներին, ինչը չէր հաջողել նոյեմբերի 9-ի հայտարարագրով։ Բնականաբար, այս ամենը նա նպատակ ունի կատարել Ռուսաստանի մասնակցությամբ կամ նրա հետ համագործակցությամբ։

Իրանը իհարկե, գոհ է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու այս հնարավորության համար։ Հիշենք, որ թուրքական նախնական պլաններում 3+3 ձեւաչափում Իրանի փոխարեն ԱՄՆ մասնակցությունն էր առաջարկվում։ Իրանը միանշանակ կողմ է այս ձեւաչափին, եւ նրա արտգործնախարարը դա քննարկել է Մոսկվայում։ Սա նույնպես պատմական տեղաշարժ է, քանի որ Ռուսաստանից առաջ էլ Պարսկաստանն էր վճռականորեն կասեցնում Արաքսից այս կողմ թափանցելու Թուրքիայի փորձերը, իսկ հիմա, փաստորեն, որպես գործընկեր պիտի ընդունի։ Իրանի դերն այստեղ երկակի կարելի է գնահատել։ Նա դեմ է «միջանցքների» միջոցով Հայաստանի սուվերենությունը սահմանափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումներին։ Սակայն այս ձեւաչափի իրականացման դեպքում նա կարող է նպաստել Արցախի անկախության հարցի փակմանը։ Իրանն ազգերի ինքնորոշման հելսինկյան դրույթի բուռն հակառակորդներից է, ընդհանրապես, նույնիսկ ինքնավարությունների գաղափարը չի ընդունում։

Ռուսաստանի վերաբերմունքն աչքի է ընկնում հակասականությամբ։ Ակնհայտորեն, թուրքական կողմը կարողացել է գրավել Ռուսաստանի համակրանքը` հենվելով Ռուսաստան-ԱՄՆ ներկա լարված իրավիճակի վրա։ Բայց ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսօր վատ են, վաղը կարող են լավանալ։ Իսկ Թուրքիայի հետ պատմական հակամարտությունը ռազմավարական է Ռուսաստանի համար։ Սկզբում արտգործնախարար Լավրովը բավական ոգեւորված էր խոսում այս նախաձեռնության մասին, հիմա ռուսական վերլուծական շրջանակներում բավական հիմնավորված հակափաստարկներ են հնչում, ինչը պետք է, որ որոշ ազդեցություն ունենա վերջնական դիրքորոշման վրա։ Բոլոր դեպքերում՝ Ռուսաստանի համար սա մի քայլ եւս նահանջ է իր դիրքերից։ Դարեր շարունակ, Կովկաս մտնելուց հետո, Ռուսաստանը խափանել է այնտեղ թուրքական մուտքը։ Վերջին մեկ տարում Ռուսաստանը, ի վերջո, աչք փակեց արցախյան պատերազմում թուրքական մասնակցության վրա, ապա պատմության մեջ առաջին անգամ թույլ տվեց Արաքսից այս կողմ թուրքական թեկուզ սահմանափակ «դիտորդական» առաքելության ներթափանցումը։ Այս նախագծով Ռուսաստանը Թուրքիային բերում է Հարավային Կովկաս` գլխավոր մասնակցի կարգավիճակով։ Արդյոք Ռուսաստանն այդքան խեղճացե՞լ է, որ թույլ է տալիս նման ռազմավարական զիջումներ (չհասկանալու պահը բացառվում է)։ Թե՞ Ռուսաստանի թուրքասեր պաշտոնյաների ու օլիգարխների շահերը կարողացել են ստվերել ռազմավարականը։ Սրա հետեւանքներն առանձին խոսակցության նյութ են։ Հայերս ավելի լավ գիտենք թուրքական բնավորությունը` մատդ տվեցիր, ամբողջ ձեռքդ կկծի-կտանի։ Ռուսաստանը պատրաստ չէ Արցախի հարցում ողջ պատասխանատվությունը միայնակ վերցնելու։ Ռուսաստանին այս ձեւաչափով պարտադրելու են հակահայկական որոշումներ։ Հետո իրենց ձեռքը կվերցնեն տարածաշրջանը։

Անդրադառնանք «փոքր» կողմերի վարքագծին։ Ադրբեջանականը Թուրքիայի հետ միասնական է գործում։ Սրանց ծրագիրը շատ ավելի հստակ է, քան Ռուսաստանինը` Հարավային Կովկասում։ Վրաստանը սկզբում մերժում էր Ռուսաստանի հետ մի ձեւաչափում հանդես գալը, հետո, հաստատ թուրքական ազդեցության տակ, նաեւ տարածաշրջանային քննարկումներից դուրս չմնալու համար իշխանությունները կարծես համաձայնում են՝ արժանանալով ընդդիմության սուր քննադատությանը։ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այստեղ առաջնային չէ։ Վրաստանը շատ լավ աշխատում է Բաքու-Թբիլիսի-Անկարա ձեւաչափով, որտեղ Հայաստանի տեղը շատ փոքր է։ 90-ականներին, անկախացումից հետո, Վրաստանն առաքինի վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ, բայց վերջին պատերազմին թուրքերի ճնշումը գերակայում էր։ Պատմությունն ավելի խոսուն փաստեր ունի։ Այն ցույց է տվել, որ երբ դրվում է Թուրքիայի կամ Հայաստանի միջեւ ընտրության հարցը, Դավիթ Բեկից հետո եւ հատկապես մեր ժամանակներում, Թուրքիայի նժարն ավելի ծանր է դուրս գալիս։

Ինչ ազդեցություն կարող է ունենալ «վեցի ֆորմատի» ձեւավորումը Հայաստանի հարցում։

Հայաստանը դեռեւս իր պաշտոնական դիրքորոշումը չի հայտնել, ըստ էության՝ այն հստակեցման փուլում է։ Չի բացառվում, որ այդ որոշման վրա ազդեն նաեւ ստիպողական հանգամանքները։ Թուրքերի հետ համատեղ գործելու փորձերը միշտ խնդրահարույց են եղել հայերի համար։ Երիտթուրքերն էլ «ֆորմատ» ստեղծեցին, որին հայերը մասնակցեցին ոգեւորությամբ։ Տեսանք՝ ինչ դուրս եկավ։ Մենք պատմականորեն մեծ իրավունք ունենք թուրքական նախաձեռնությունները մերժելու` Հայաստանի առջեւ սահմանները փակած, հակամարտություններում բացահայտ հակահայկական դիրքորոշումներ դրսեւորող պետության մասնակցությունը կարգավորման գործընթացներին։ Կամ` Թուրքիան պետք է ռեալ քայլեր կատարի՝ ցույց տալու, որ ինքը սկզբունքորեն փոխվել է, ինչը չարեց նույնիսկ Ժնեւում։ Ինչո՞ւ Վրաստանը կարող է ասել` Ռուսաստանի հետ չեմ ուզում մասնակցել, հայկական կողմը չի կարող մերժել միակողմանի պահանջներ ներկայացնող թուրքական մասնակցությունը։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031