Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախկին սոցապնախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ։
– Եթե հիշում եք՝ Հայաստանում ընտրությունները որակվում էին «սեւի ու սպիտակի»․ մարդիկ գնում ձայները տալիս էին այս կամ այն բեւեռին։ Հիմա այս միտումը կարծես փոխվել է։ Ձեր կարծիքո՞վ էլ։
– Նախ, այդ «սեւ ու սպիտակի» ընտրությունները հիմնականում վերաբերում էին համապետական ընտրություններին, որտեղ նաեւ տարբեր իրավիճակներից ելնելով՝ բավականին լարված մթնոլորտ է եղել։ ՏԻՄ ընտրություններում մարդիկ ավելի շատ նախընտրություն են տալիս՝ հաշվի առնելով իրենց համայնքի իրավիճակը, թեկնածուների հնարավոր պոտենցիալը համայնքի զարգացման մասով, եւ այդ քաղաքական «սեւ ու սպիտակի» բաժանումը, կարծում եմ, ավելի քիչ ազդեցություն ունի։
– Ձեզ ճանաչո՞ւմ են ընտրողները, նաեւ` Ռուբեն Վարդանյանին։
Կարդացեք նաև
– Մենք մասնակցել ենք տարբեր համայնքներում, նաեւ իրարից տարածքայնորեն կտրված՝ Տավուշ, Սյունիք, Գյումրի, մեր թեկնածուներն ունեցել են ճանաչելիության տարբեր աստիճան իրենց համայնքներում։ Կուսակցությունը թեեւ նոր է, բայց իմ ու Մանե Թանդիլյանի ճանաչելիության որոշակի մակարդակ կա․ տարբեր տեղերում՝ տարբեր չափով։ Եվ դրան համապատասխան էլ արձանագրել ենք եղած արդյունքները։
– Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դժգոհում էր, թե գնաճը խժռում է իրենց ահռելի ձեռքբերումները։ Նախարար Քերոբյանի գրառումներն ու հայտարարությունները ֆեյսբուքյան մեմեր են դառնում։ Դուք՝ որպես տնտեսագետ, ի՞նչ կասեք։
– Այն, որ բարձր գնաճ է արձանագրվում այս տարի, ակնհայտ է։ Ընդ որում, գնաճն ընդունենք ոչ թե զուտ վիճակագրական տվյալ, որովհետեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն անդրադառնում է սպառողների բարեկեցության վրա։ Եվ հասարակության տեսանկյունից եթե դիտարկենք, հասարակությունը սպասում է ոչ թե բարձր գնաճ եւ բարձր տնտեսական աճ, այլ հասարակությունը պարզապես ուզում է ավելի լավ ապրել։ Սակայն, հաշվի առնելով պատերազմի եւ քովիդի հետեւանքները, առնվազն այս պահին տնտեսության որեւէ դրական փոփոխություն չեմ տեսնում, որն անդրադառնում է հասարակության բարեկեցության վրա։ Հնարավոր է, որ տարբեր շերտերում դրական փոփոխություններ լինեն, բայց, մեծ հաշվով, ցավոք, առայժմ տնտեսական այնպիսի ձեռքբերումներ չկան, որոնք էականորեն կփոխեն թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր սոցիալական վիճակը։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: