1999-ի հոկտեմբերի 27-ը էլի չորեքշաբթի էր՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր, երբ գնդակահարվեցին 8 պետական այրեր՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ օրս այդ առիթով հարուցված քրգործը հարցականներ ունի: Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ:
Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճված գործի վերաբացումից մոտ երկու տարի անց դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ հայտնի չեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը, սակայն, չմանրամասնեց, թե գործի շրջանակներում ովքեր են կանչվել հարցաքննության։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ 2 տարվա մեջ Բախշյանը մեկ անգամ հրավիրվել է հարցաքննության։ Հավելյալ մանրամասների Մեջլումյանն ինքն էլ չի տիրապետում։ Նշենք, որ վերանշյալ գործի վերաբացումը Անահիտ Բախշյանը Հայաստանում քաղաքական կուրս փոխվելու հետ էր կապում։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդներն իսկապես լիահույս էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կլծվի ողբերգական ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։