Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում

Հոկտեմբեր 27,2021 00:41

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

«Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»:

Այսպես է գրված Սահմանադրության 96 հոդվածում: Սա սահմանադրական նորմ է, որը սահմանում է հատուկ ազատություն` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի համար: Սա ազատ խոսքի եւ ֆունկցիոնալ պառլամենտարիզմի գլխավոր երաշխիքներից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրում:

Դաշնակցությունը, Գեղամ Մանուկյանը եւ, ընդհանրապես, ոչմիթիզականությունը (այդ թվում ընդամենը մեկ տարի առաջ նրա նվիրյալ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը) ուղղակի պատասխանատվություն են կրում վերջին պատերազմի եւ Հայաստանի նվաստացուցիչ պարտության հետեւանքների համար: Սակայն, այն տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում եւ ցույց տալիս, որ ներկա իշխանությունները թքած ունեն ժողովրդավարական ազատությունների եւ դրանք ամրապնդող սահմանադրության վրա:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հնարեցին պատգամավորների «ականջները քաշելու մասին» օրենքը եւ փորձեցին այլ պատգամավորների ձեռքերով խափանել ընդդիմության ելույթները, Սերժ Սարգսյանի օրոք ամեն տեսակի «դաղալություններով» մերժում էին վարման կարգի վերաբերյալ ելույթների հայտերը կամ մանր խորամանկությամբ ժամանակից շուտ անջատում խոսափողը: Բայց վարողի որոշմամբ բռնի ուժով արգելել ոչ հայհոյական կարծիք հայտնելը, եթե հնչեցրած բառապաշարը դուր չի գալիս իշխանությանը, նման բան երբեք չի եղել եւ իսկապես «աննախադեպ» է:

Սրանք պատրաստ են իրենց պողպատե «ժողովրդավարական մուրճով» ժողովրդավարության հերը անիծել: Ուրիշ ճանապարհ էլ չունեն. այլապես հնարավոր չէ կանգնեցնել իրենց խայտառակ կառավարմամբ մեր գլխին բերած ազգային աղետի հետեւանքով աճող դժգոհությունը:

Մի բան պարզ է. վախը դարձել է այս իշխանության գլխավոր հոգեվիճակը: Դա որեւէ լավ բան չի խոստանում ո´չ նրանց, եւ ո´չ էլ Հայաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031