Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուզանդական մշակույթի դրսեւորումները ժամանակակից Հայաստանում

Հոկտեմբեր 27,2021 15:30

Քաղաքական ո՞ր մշակույթն է մեզ՝ հայերիս, ավելի սրտամոտ՝ լատինակա՞նը, թե՞ բյուզանդականը: Այդ հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք, թե որն է դրանց տարբերությունը:

Միջին դարերում Արեւմտյան Հռոմեական կայսրության փլուզումից հետո Եվրոպայի այդ մասում իշխում էին տարբեր տիպի իշխաններ, թագավորներ, կայսրներ: Ո՞ւմ միջոցով նրանք պետք է «լեգիտիմություն» ստանային: Բնականաբար, Հռոմի պապի: Անգամ 19-րդ դարում ինքնահռչակ «կայսր» Նապոլեոն Առաջինն է օծվել Հռոմի պապի կողմից: Ճիշտ է, Պիոս 7-րդն, այսպես ասած, «արտագնա ծառայություն» էր մատուցել. ինքն էր եկել Փարիզ, փոխանակ Բոնապարտը գնար Հռոմ: Բայց այդ ամենն ավելի շուտ զորավարի ինքնասիրությունը շոյելու համար էր՝ Նապոլեոնը կարող էր «կայսրություն» անել առանց Պապի օրհնության՝ պարզապես արարողությունը շոյում էր նախկին հեղափոխականի ինքնասիրությունը:

Միջնադարում ամեն ինչ, իհարկե, շատ ավելի բարդ էր: Հռոմի պապերի եւ կայսրերի (թագավորների) միջեւ պարբերաբար կոնֆլիկտներ էին առաջանում՝ դավադրություններով, բանադրումներով, հաճախ նաեւ՝ արյունալի բախումներով: Լատինական քաղաքական մշակույթում հակասությունների առանցքային խնդիրներից էր, այսպես կոչված, «ինվեստիտուրան»՝ ով է նշանակելու պաշտոնյաներին, մասնավորապես, եպիսկոպոսներին: Դա քաղաքական եւ տնտեսական լուրջ խնդիր էր, որովհետեւ վանքերը միջնադարում եւ ավելի ուշ լուրջ կորպորացիաներ էին՝ ապրանքներ արտադրելու առումով:

Օրինակ, «Պաուլաներ» գարեջուրն արտադրում էին գերմանացի միաբանները, նրանց ֆրանսիացի «գործընկերները» գինիներ եւ պանիրներ էին արտադրում, իսկ շվեյցարացի միաբանները, օրինակ, բուծում էին «սենբեռնար» ցեղատեսակի շներին (անունից էլ է երեւում): Հետեւաբար,

Պապի եւ թագավորի մրցակցությունն ուներ նաեւ տնտեսական լծակների տիրապետելու բովանդակություն: Ի դեպ, մահմեդական միջավայրում նույնատիպ հարաբերություններ՝ մինչեւ 15-րդ դարը, ունեին խալիֆը եւ սուլթանը:

Բոլորովին այլ էր Հռոմեական Արեւելյան կայսրության՝ Բյուզանդիայի կայսրի պարագան. նրան ոչ ոք չէր օծում, չէր «նշանակում», չէր լեգիտիմացնում: Նա «ինքն իրենով» արդեն Աստծո օծյալ էր, եւ որպես հետեւանք, ի դեպ, եպիսկոպոսների խնդիրն էլ չկար՝ պետական պաշտոնները Բյուզանդիայում վարում էին «քաղաքացիական»՝ ոչ հոգեւորական անձինք: 1453 թվականին Բյուզանդիայի տապալումից հետո, երբ նույն Կոստանդնուպոլսում գահին էր նստել Օսմանյան սուլթանը, այդ կարգը պահպանվել էր: Ռուսներն, ինչպես հայտնի է, վերցրեցին բյուզանդական մոդելը՝ այդ երկրի կայսրը, ցարը ոչ մեկի կողմից լեգիտիմացվելու կարիքը չուներ: Պարսկաստանի շահնշահը (արքայից արքան) նույնպես որեւէ «վերադասի» կողմից չէր հաստատվում:

Հիմա դառնանք մեզ՝ հայերիս: Մեր պապերի գերակշիռ մասն ապրել է կա՛մ Պարսկական, կա՛մ Օսմանյան, կա՛մ Ռուսական կայսրության տիրապետության ներքո: Իհարկե, եղել են բացառություններ՝ Կիլիկյան թագավորությունը, որտեղ ուժեղ էր լատինական մշակույթի ազդեցությունը, կամ, ասենք, Մադրասյան խմբակը, որը 18-րդ դարում ձեւավորվել էր Բրիտանիայի գաղութում եւ, բնականաբար, ազդված էր «մետրոպոլիայի» գաղափարներից: Բայց մեր ժողովրդի սոցիալական հոգեբանությունը ձեւավորվել է ոչ թե այդ բացառությունների, այլ հիշյալ երեք արեւելյան կայսրությունների քաղաքական «դրվածքի» ազդեցության ներքո: (Ռուսաստանը նույնպես իր էությամբ, ինչպես տեսանք, արեւելյան կայսրություն է):

Ըստ այդ հոգեբանության՝ Հայոց թագավորը, չնայած թագը ստանում է Ռուսաստանի կայսրից, միեւնույն է՝ Աստծո օծյալն է (messiah), նրա գործերն անքննելի են ու չեն ենթարկվում սովորական մարդկային տրամաբանությանը: Ո՛չ նա, ո՛չ էլ մյուս պաշտոնյաները, չեն աշխատում, նրանք իշխում են: Նրա ընդդիմախոսները նույնպես չեն աշխատում, նրանք փրկում են: Փաշինյանը մեզ փրկեց Սարգսյանից, իսկ ներկայիս ընդդիմադիրները մեզ փրկում են Փաշինյանից եւ այդ նպատակով ստեղծում են «ազգային փրկության» զանազան կոմիտեներ: Արեւմուտքում կարեւոր են պաշտոնյայի գործառույթները, մեզանում՝ այն, թե որքան է այդ պաշտոնյան համապատասխանում մեր «աստվածային» պատկերացումներին:

Թագավորն ունի իր հավատարիմ ծառաները՝ ռուսերեն կա «օպրիչնիկ» հրաշալի բառը: Այդ «օպրիչնիկներից» ամեն մեկը զբաղվում է իր գործով՝ մեկը հոգ է տանում, որ վերանան թագավորին ոչ հավատարիմ դատավորները, մյուսը պայքարում է, որ չարամիտ լրագրողները չարատավորեն սուրբ անունը: Դարձյալ՝ բոլորը յուրովի զբաղված են փրկության գործով, այսպես ասած՝ շիկացած երկաթով այրում են կեղտը: Իսկ խնդրի արմատը ոչ թե թագավորն է կամ նրա ծառաները, այլ ժողովրդի ճնշող մեծամասնության պատկերացումները, ըստ որոնց պաշտոնյան օծյալ է՝ կա՛մ Աստծո կողմից, կա՛մ սատանայի:

Լավ լուրն այն է, որ այդ պատկերացումները փոխվելու են. այսօր 30 տարեկան հայաստանցիների մեծ մասն այդպես չի մտածում՝ նրանք այլեւս չեն կրում բյուզանդական (ռուսական, խորհրդային) հոգեբանության դրոշմը: Խնդիրն այն է, որ այդ երիտասարդները դեռեւս ամբողջությամբ չեն տիրել հասարակական դաշտին: Ըստ Աստվածաշնչի՝ նման բաների համար պետք է լինում 40 տարի, տվյալ դեպքում՝ 1991 թվականին ծնվածները պետք է դառնան 40 տարեկան:

Այնպես որ՝ մնաց 10 տարի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

25.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031