Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը գիտակցում է, որ դուրս է մնացել Հարավային Կովկասից. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 27,2021 15:00

Արեւմուտքը չի ցանկանում հանդիսանալ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի արդյունքները հետ շրջելու կամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը փոխելու գործոն

Արեւմուտքը եւտարածաշրջանային/միջազգային կազմակերպությունները

Ա. Եվրոպական Միությունն աննախադեպ մարտահրավերների է բախվում թե՛ իր ներսում, թե՛ հարակից տարածքներում։

Բ. ՆԱՏՕ-ն տկարացել է մի շարք գործոնների հետեւանքով. անդրատլանտյան կապերի թուլացման, Թրամփի վարչակազմի քաղաքականության եւ (ՆԱՏՕ-ի չափանիշներով) Թուրքիայի «անազնիվ» քաղաքականության հետեւանքով. Թուրքիայի, որը հանդիսանում է այդ կազմակերպության ամենակարեւոր անդամը՝ հարավում, եւ ունի նրա երկրորդ ամենակարեւոր բանակը։

Գ. Նմանապես, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, կորցրել են իրենց լծակների մեծ մասը։

Դ. Արեւմուտքը չի հանդիսանում եւ չի ցանկանում հանդիսանալ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի արդյունքները հետ շրջելու կամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը փոխելու գործոն։ Ներկայիս արդյունքները շատ տարբեր չեն նրանից, թե ինչ է եղել Արեւմուտքի՝ մնացյալ միջազգային հանրության հետ համատեղ մշտապես հետապնդած արդյունքը։ Նրանք հույս ունեին, սակայն, որ այդ արդյունքը պիտի ձեռք բերվեր բանակցությունների միջոցով՝ առանց այդքան կյանքերի եւ միջոցների կորստի, եւ իրենց լիակատար մասնակցությամբ։

Ե. Այդուհանդերձ, Արեւմուտքը գիտակցում է, որ դուրս է մնացել հավասարումից, աշխարհաքաղաքական առումով՝ նույնիսկ Հարավային Կովկասից։ Ղարաբաղի հակամարտությունը այն հարցերից մեկն էր, որն Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, 1990-ական թվականներին օգտագործեց որպես Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարման մեջ մուտք գործելու անցակետ։ 2020 թ. պատերազմը եւ ռուսական-թուրքական դերը դրա առաջընթացի ու ավարտի հարցում Արեւմուտքի համար հանդիսացան դիրքի կորուստ։ Չնայած ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատրաստ չեն թշնամանալու Ադրբեջանի եւ նույնիսկ Թուրքիայի հետ, կարծես նրանք որոշել են օգտագործել հրադադարի հայտարարությանը հաջորդած տակավին չլուծված հարցերը՝ դեռեւս այս շարժուն գործընթացների մեջ որպես լիիրավ գործընկերներ վերադառնալու համար։ ԱՄՆ-ը եւ Եվրոպան կարող են օգտակար լինել, եթե Հայաստանն ու Ղարաբաղը ձեւակերպեն ողջամիտ քաղաքականություն՝ իրատեսական նպատակների հասնելու համար։ Թեեւ ներգրավվելու այս նոր ցանկությունը կարող է օգուտներ բերել հայկական կողմին, Հայաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի այն չընդունի որպես հակակշիռ՝ համարժեք նրան, թե ինչ են Ռուսաստանն ու Թուրքիան միասնաբար ներկայացնում, կամ որպես մի ռազմավարություն, որը կարող է հանգեցնել 2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությամբ Հայաստանին պարտադրված պայմանների արմատական փոփոխության։

Զ. Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը, մեծ հաշվով, տիրապետում է հսկայական միջոցների եւ անցյալում նպաստել է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը։

ԱՄՆ

Ա. ԱՄՆ-ը կարող է այլեւս կամք չունենալ, եւ գուցե նույնիսկ հնարավորություն, տարածաշրջանային վեճերում երկարաժամկետ ռազմական միջամտության համար, ինչպես դա եղել է անցյալում։ Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներն ամերիկյան ուժի սահմաններն ակնհայտ դարձրին։ Բացի այդ, ներքին խնդիրների պատճառով ԱՄՆ-ը նաեւ կորցրել է փափուկ ուժ գործադրելու իր ազդեցության մի մասը։

Բ. Շահերի բախումից եւ մրցակցությունից այն կողմ այդ մրցակցություններին ավելանում է գաղափարական կողմը: ԱՄՆ-ը շահարկում է մենատիրականությունը (authoritarianism) եւ մարդու իրավունքները։ Իսկ նախագահ Պուտինը քննադատում է Արեւմտյան ազատական ժողովրդավարություններն ու Վաշինգտոնյան համաձայնությունը՝ աշխարհի շատ մասերում գտնվող անապահով սոցիալական խավերի կարիքների նկատմամբ անուշադիր լինելու համար։ Պուտինը կոչ է արել վերահաստատել ազգային տնտեսությունները եւ կարգավորել հակամարտությունները՝ տարածաշրջանային, այդ նպատակով ստեղծված ժամանակավոր համագործակցային դաշինքների միջոցով:

Գ. ԱՄՆ-ը, հնարավոր է, կարողանա Թուրքիային վերադարձնել իր ճամբարը, չնայած դա չի կարող լինել այն նույն բանաձեւի հիման վրա, ինչն անցյալում էր։ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կայունացնելու նոր փորձը ստիպված պիտի լինի հաշվի առնել Թուրքիայի շահերը՝ ինչպես դրանք սահմանում է այդ երկրի ներկայիս իշխանությունը։

Դ. Կառավարությունն ու քաղաքական առաջնորդները Հայաստանում պետք է զգուշորեն մտածեն նախքան անդրադարձային (reflexive) գայթակղությանը տրվելը՝ ենթադրելու համար, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումն անպայմանորեն օգտակար է Հայաստանին։ ԱՄՆ-ը եւ Եվրոպան Հայաստանի օրակարգը չեն որդեգրելու որպես իրենցը, եւ այն, թե որքանով նրանք Թուրքիային կկարողանան մղել դեպի իրենց սեփական օրակարգերն ու արժեքները, սահմաններ ունի։ Նրանք կարող են օգտակար լինել, եթե Հայաստանի խնդրածն իրենց իսկ մոտեցումների տրամաբանության մեջ լինի, կամ եթե այն, ինչ Հայաստանը խնդրում է, նրանցից քիչ ծախս պահանջի կամ ոչինչ չարժենա։

Ե. ԱՄՆ-ը գուցե դեռեւս հետապնդում է երկարաժամկետ նպատակ. իր տնտեսական, ու թերեւս նաեւ քաղաքական նախատիպն այնպիսի երկրների պարտադրել, ինչպիսիք են՝ Ուկրաինան, Իրանը եւ Ռուսաստանը, որոնք Թուրքիայի հետ համատեղ ներկայացնում են 350 միլիոն սպառողների շուկա։ ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ կիրառել նրանց առաջնորդների նկատմամբ, մինչ իր հիմնական մրցակիցը՝ Չինաստանը, իր շահերն է հետապնդում՝ այլ երկրներին ֆինանսական ու առեւտրային օգնություն առաջարկելով, ներառյալ՝ այդ պետությունների համար իր հսկայական շուկան բացելով։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ

25.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031