Աշոտ Հովհաննիսյանը, որը Գետաշեն գյուղում արդեն 27 տարի գյուղատնտեսությամբ է զբաղվում, այսինքն՝ երկրի համար արժեք է ստեղծում, պարենային անվտանգության խնդիր լուծում, անելանելի իրավիճակում է հայտնվել: Պատճառն այն է, որ այս տարի ջրի սակավության պատճառով Աշոտի հողատարածքը պատշաճ չի ոռոգվել: Աշոտն ասում է՝ խոշոր վարկեր ունի, գումար է ներդրել գյուղատնտեսության մեջ, սակայն այսօր միլիոնների վնաս է կրում: Դաշտում լոլիկ կա, բայց որակ՝ չկա: Քոլերը չորացել են, լոլիկների մեծ մասն էլ պոպոքից մի փոքր են մեծ, անգամ մթերման ենթակա չեն:
Գետաշենը Արմավիրի մարզի տարածաշրջանում է, ջրամատակարար ընկերությունն էլ Արմավիր ՋՕ ընկերությունն է:
Աշոտ Հովհաննիսյանի խոսքով, Արմավիր ՋՕ-ի հետ 8,5 հեկտար տարածքի վերաբերյալ 821 հազար դրամի պայմանագիր է կնքել: Հինգ հեկտարի վրա լոլիկ է ցանել, 2,5 հեկտարի վրա բիբար, 1 հեկտարն էլ ձմերուկ է արել: Պարտավորվել է՝ մինչեւ տարեվերջ ՋՕ-ի գումարները վճարել, ջրամատակարար ընկերությունն էլ պետք է ջուր մատակարարեր: Գյուղատնտեսն ասում է, որ ոռոգման սեզոնին պահանջ է ներկայացնում, օրերի հաճախականությամբ Արմավիր ՋՕ-ն էլ պետք է ջուրը տրամադրեր:
Կարդացեք նաև
«Առաջին երկու ամիսը տրամադրել է, բույսերն աճեցրել ենք, մայիսի 1-2-ից սկսած սածիլումն արվել է, ցանքերն արվել է, հետագայում հուլիսի վերջերից ունեցանք խնդիրներ, ու այդպես շարունակվեց: Ջուրը տրվում էր հերթափոխով: Ես չէի կարողանում այդ 8,5 հեկտարը համապատասխան ձեւով ջրել: Ջուրը տալիս էին, 2-3 հեկտար ջրում էի, հերթափոխն այլ տեղ էր տեղափոխվում: Երկու ուղղությամբ էր. մեկը մեր տարածաշրջանի գյուղերին էր գալիս, հետո փակում էին, տեղափոխում էին ուրիշ կողմ: Այդ ընթացքում 2 կամ երկուսուկես օրում չէի հասցնում ջրել 8,5 հեկտարը: Մնում էր հաջորդ հերթափոխին, հաջորդ հերթափոխը գալիս էր 3-4 օր հետո կամ 5 օր հետո: Դրանից հետո ջրում էի եւս 2-3 հեկտար, այն հատվածը, որը չէի ջրել, հետո գալիս էր մյուս հերթափոխը: Այսինքն՝ իմ 8,5 հեկտարը, 10-15 օր պետք էր, որ հասցնեի ջրեի, մինչդեռ 6-7 օրվա ընթացքում պետք է 8,5 հեկտարը միանգամից ջրեի»,-ջրի մատակարարման ժամանակացույցը ներկայացնում է Աշոտը՝ նշելով, որ ջրի սակավության պատճառով ինքն էլ վճարումներն է պակաս կատարել: Աշոտի խոսքով, անկանոն ջրամատակարարման պատճառով ստիպված է եղել նաեւ գիշերները ջրել, ինչն ավելի թանկ է արժեցել: Եթե ցերեկը 6 հազար դրամով են դաշտը ջրում, գիշերային ջրվորներին ավելի բարձր՝ 9 հազարական դրամ է վճարել:
Աշոտն ասում է՝ չնայած կրած վնասին, որ 150-200 դրամանոց լոլիկը դարձել է 40 դրամանոց, Արմավիր ՋՕ-ն պահանջում է պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ 821 հազար դրամն ամբողջությամբ վճարել. «Ես չեմ ստացել համապատասխան քանակի ջուր, տարածք ունեմ, որ օգոստոսից հերթը չի էլ հասել: Ջրի սակավության պատճառով սկսել է բերքը հիվանդանալ: Ստիպված սկսել եմ առողջ տարածքները ջրել»:
Աշոտը մտահոգված է, որ բանկերի հետ էլ խնդիրներ կունենա եւ չստացված բերքի պատճառով վարկային պարտավորությունն էլ չի կարող կատարել:
Աշոտ Հովհաննիսյանը իրավիճակից ելք գտնելու ակնկալիքով դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների Ջրային կոմիտե:
Ասել են՝ տարին եղել է երաշտ, ֆորս մաժորային իրավիճակ եւ ոչինչ անել չեն կարող: Կա՛մ պետք է վճարի պայմանագրով նախատեսված գումարները կա՛մ՝ դիմի դատարան: Գյուղատնտեսի խոսքով, այդքան տարի պարտաճանաչ գյուղատնտես է եղել, հարկ ու տուրքեր վճարել, այսօր էլ ինքն օգնության կարիք ունի, բայց չկա մի կառույց, որը գյուղացու շահերը պաշտպանի: Նա գտնում է, որ ջրամատակարար ընկերությունը պետք է իրեն փաստաթուղթ տրամադրի, որ ջրամատակարարման խնդիրների պատճառով է բերքը փչացել, որպեսզի բանկն էլ հաշվի առնի, որ գյուղատնտեսի մեղավորությունը չկա. «Բանկը պետք է հասկանա, որ ես ամեն ինչ արել եմ, բայց ջուր չի եղել: Գոնե վարկերիս ժամկետները երկարացվի, տոկոսների սառեցում արվի, որովհետեւ իմ կողմից ամեն ինչ արվել է: Կբերեմ իմ գյուղատնտեսին, որ 100 տոկոս բուժում է իրականացրել, կբերեմ բուժանյութերի ցանկը, ապացույցներ ունեմ, որ ջուր չի եղել»:
Նրա խոսքով, 27 տարի աշխատել է եւ իր հետ էլ 10 ընտանիք ապրել են: «Տասը ընտանիք իմ հույսով վարկեր են վերցրել, վարկեր են փակել, ես ունեմ 25 միլիոն դրամի վարկ եւ չունեմ որեւէ վարկային խնդիր, որովհետեւ պարտաճանաչ վճարել եմ: Բայց այս տարի խնդիրը շատ մեծ է: Այս տարիների ընթացքում ջրային տնտեսությանն էլ մի 15 միլիոն դրամ վճարել եմ: Բա այսօր իրենք չպարտավորվե՞ն գոնե այսպիսի լուրջ խնդրի դեպքում գյուղատնտեսին մի բանով աջակցեն: Ամեն տարի վճարել եմ 80 տոկոս իմ պարտավորությունները, որովհետեւ տարի է եղել, որ ջրից գոհ եմ եղել, տարի է եղել, որ բնական աղետ է եղել եւ տուժել եմ, ոչ մի փոխհատուցում չի եղել, ոչ մի աջակցություն, բայց ես ջրի պարտավորությունները կատարել եմ, տարի է եղել, որ 80 տոկոս եմ վճարել, բայց ընդհանուր վերցրած՝ իմ ամբողջ պարտավորությունները նվազագույնը 80 տոկոս վճարել եմ»:
Մաջիթ Բրոյանը նույնպես միլիոնների վնաս է կրել: Նրա հողատարածքն էլ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում է: Մաջիթ Բրոյանը Արմավիր ՋՕ-ի հետ ջրամատակարարման 1 միլիոն դրամի պայմանագիր է կնքել: «Ես սածիլն ավելի ուշ եմ դրել, ես ընդհանրապես բերք չեմ վերցրել եւ իմ ունեցած բերքը լրիվ պոպոքի չափ է եղել, չի մեծացել, բույսն էլ չորացել է: Ես որքան ներդրումներ եմ արել, աշխատողին վճարել եմ, դրա մեկ տոկոսն անգամ հետ չեմ ստացել: Ամեն հեկտարի համար 1 միլիոն դրամ ծախս եմ արել: Ես ունեմ 10 հեկտար: Եթե անցավ ջրելու շրջանը ու երբ հետո ես բույսը ջրում, նա արդեն մեռնում է»:
Մաջիթ Բրոյանն իր 10 հեկտարից 4-ի վրա լոլիկ է ցանել, 6 հեկտարը՝ ծխախոտ: Նրա խոսքով, գյուղփորձագետներ է հրավիրել ուսումնասիրել են, թե ինչ վնասներ է կրել. «Իմ աշխատողներին պարտաճանաչ վճարել եմ, հիմա աշխատողներին պարտք եմ, արդեն չեմ կարողանում վճարել: Ջրի վարձը վճարել եմ մի քանի ամիս՝ 300 հազար դրամ, բայց 700 հազար դրամ մնացել է, չեմ կարողանում վճարել»:
Մաջիթ Բրոյանը ծոցատետրի նշումներն է ցույց տալիս, որտեղ նշել է ջրամատակարարման գրաֆիկը. «Վերջին անգամ ջրել եմ օգոստոսի 11-ին հետո՝ 16-ին՝ հինգ օրվա ցիկլով: 16-ից մինչեւ 26-ը չի ջրվել: Սեպտեմբերի 3-ին, 4-ին ջրել եմ, մինչեւ 11-ը նորից ընդհանրապես չի ջրվել: Սեպտեմբերի 12-ից 22-ն ընդհանրապես չի ջրվել: Հուլիսին 15 օրով չի ջրվել: Հուլիսի 9-ին է ջրվել եւ 22-ին՝ 13 օրվա միջակայք, այն դեպքում, երբ հուլիսին 40-45 աստիճան շոգ էր: Այդ ժամանակվանից գիտեի, որ տակ եմ տալիս, իմ դաշտը չորանում է»:
Թե՛ Աշոտ Հովհաննիսյանը թե՛ Մաջիթ Բրոյանը մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ Արմավիր ՋՕ-ին պարտքեր ունեն, բայց ջրամատակարար ընկերության հասցրած վնասները շատ ավելի մեծ են:
Արմավիր ՋՕ ընկերության գլխավոր ինժեներ Զորիկ Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցում մեզ ներկայացրեց երկու գյուղատնտեսների պարտքացուցակը: Համաձայն այդ ցուցակի, Մաջիթ Բրոյանի պարտքը կազմում է 753 հազար 800 դրամ, Աշոտ Հովհաննիսյանինը՝ 2019-ին՝ 211 հազար 873, 2020-ին՝ 211 հազար 657, 2021-ին՝ 804 հազար 450 դրամ:
Զորիկ Մկրտչյանը, սակայն, գյուղատնտեսների բողոքն առաջին անգամ էր լսում: Նրա խոսքով, ո՛չ Աշոտ Հովհաննիսյանը, ո՛չ Մաջիթ Բրոյանը ջրի խնդրով, ոռոգման սեզոնին երբեւէ Արմավիր ՋՕ-ին չեն դիմել:
Գյուղատնտեսները, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրին՝ իրենց դժգոհությունները, պարբերաբար, ներկայացրել են ջրային տեսուչներին, որոնք էլ պետք է խնդիրը հասցնեին ղեկավարությանը:
Զորիկ Մկրտչյանի խոսքով, ջրօգտագործողները պետք է իրենց դժգոհությունները ներկայացնեն ժամանակին՝ գրավոր տեսքով ՋՕ-ի ղեկավարությանը. «Մենք տվյալ ժամանակաընթացքում, գնում՝ նայում ենք, եւ եթե կան առաջացած խնդիրներ, տեղում փորձում ենք լուծումներ տալ: Իսկ, եթե տվյալ ջրօգտագործողները խնդիրը թողնում են եւ մի քանի ամիս հետո են փորձում ստանալ իրենց հարցերի պատասխանները, ապա այդ դեպքում, իրենք կարող են դա կազմակերպել միայն իրավական հարթությունում: Այսինքն՝ հավուր պատշաճի դիմեն դատարան, կամքն իրենցն է, մենք ոչինչ չենք կարող անել: Մենք չենք ունեցել տվյալ ջրօգտագործողներից եւ ոչ մեկից գրավոր դիմում, տեղյակ չենք եղել խնդրին, ձեզնից ենք տեղեկանում: Կան համապատասխան մարմիններ, թող դիմեն, եթե դատարանը կորոշի, որ իրոք մեր ընկերությունը նրանց համապատասխան ջրամատակարարում չի տվել, կլինի նաեւ փորձագետների կամ մասնագետների գրավոր փաստարկները, մենք պարտավոր ենք հաշվի նստել այդ ամենի հետ»:
Զորիկ Մկրտչյանի խոսքով՝ ջրամատակարարման սեզոնին ովքեր ունեցել են խնդիրներ, դիմել են իրենց, գնացել՝ ուսումնասիրել են, պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել: Մեր այն դիտարկմանը, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ այս տարի սակավաջուր է, ջրի դեֆիցիտ կա, Թուրքիայի՝ ջրամբար կառուցելու հետեւանքով Ախուրյանի ջրամբարի ջուրը զգալի պակասել է, Զորիկ Մկրտչյանն ասաց՝ ջրի դեֆիցիտ դեռ չի նշանակում ջրօգտագործողին զրկել ջրից:
«Ջրի դեֆիցիտը կարող է բավարարվել մեր կողմից կատարվող աշխատանքներով, ինչը կատարվել է: Եթե ջրամբարում կա ջրի դեֆիցիտ, պետությունը նաեւ քայլեր է ձեռնարկում, բյուջեում փոփոխություններ է անում, նաեւ տալիս է շանսեր, որ ավել խորքային հորեր, այլընտրանքային ջրաղբյուրներ օգտագործենք, եւ դրա հաշվին փորձում ենք դեֆիցիտը ծածկել: Այս տարի էլ է արվել. Արմավիր ՋՕ-ն կրկնակի ավել այս տարի օգտագործել է խորքային հորերը, որպեսզի ջրօգտագործողին վատ վիճակի մեջ չդնի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2021 թ․