Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորի Հատուկ կարծիքի համաձայն՝ դիմումը կարող էր մուտքագրվել դատարան «առանց նախապայմանների»

Հոկտեմբեր 27,2021 14:00

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 19-ին գրավոր ընթացակարգով քննել է եւ որոշում կայացրել անչափ կարեւոր մի համաձայնագրի վերաբերյալ: Խոսքն այս տարվա մայիսի 13-ին Մոսկվայում ստորագրված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին պարտավորությունների գործող սահմանադրությանը համապատասխանելու հարցն էր: Հենց սկզբից նշեմ, որ այն համապատասխանել է սահմանադրությանը:

Սակայն եղել է այս գործով ՍԴ դատավորի մեկ հատուկ կարծիք՝ Ե. Խունդկարյանի: Վերջինս վկայակոչելով ՍԴ մասին օրենքը՝ դիմումը թույլատրելի եղանակով ՍԴ մուտքագրելու մասին, նշել է. «ՍԴ -ն իրավասու չէր սույն գործով որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից»: Բանն այն է, որ ՍԴ-ն գործը քննում է միայն դիմումի առկայության դեպքում: Այս դեպքում, ըստ դատավորի, դիմումն առկա չէր, իսկ դիմումը կարող էր ՍԴ ուղարկվել անգամ էլեկտրոնային եղանակով, եթե ՍԴ-ում առկա լինեին էլեկտրոնային-տեխնիկական հնարավորություններ: Դրա մասին պետք է հավաստվի ՍԴ համապատասխան իրավական ակտով: Այսինքն, ՍԴ դիմող սուբյեկտների համար պետք է հասանելի լինի ՍԴ իրավական այն ակտը, որով ճշտված լինի, թե դիմումները էլեկտրոնային որ հարթակով են ընդունվում ՍԴ-ում:
Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվում է ՍԴ մուտքագրվող դիմումների տեխնիկական անկատարության հարցի մասին, շատերը տեղյակ չեն Հատուկ կարծիքների բովանդակությունից, մինչդեռ, սա ինչ-որ առումով բանալի է՝ ՍԴ ներքին խոհանոցում հայտնվելու համար: Դիմումը, ըստ դատավորի, կարող էր մուտքագրվել թղթային եղանակով դատարան՝ «առանց նախապայմանների»: Դիմումը, որը վերապահված է կառավարությանը, պետք է ստորագրված լիներ իրավասու անձի կողմից:

Ինչպես գիտեք, ՍԴ կայքում նշված են էլեկտրոնային փոստի հասցեն, դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Այդ հասցեներով դիմում ուղարկելու հետ կապված էլ Հատուկ կարծիքի մեջ բարձրաձայնվում է հետեւյալ հարցը՝ ինչպե՞ս է ՍԴ դիմողի համար պարզ լինելու, որ իր ուղարկած դիմումը այս կամ այն դատավորի էլեկտրոնային հասցեով տեղ է հասել եւ այն կարո՞ղ է դառնալ գործի քննության առիթ: Դիմողների համար պարզ չէ, թե ի՞նչ միջոցների կիրառմամբ է ՍԴ-ում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմի ստորագրված լինելու հանգամանքը:

Դատավորը նշել էր, որ այս համաձայնագրի վերաբերյալ գործով՝ թղթային տարբերակով դիմումի վրա չկա դիմողի ստորագրությունը: Դիմումը դատարան է հասել կառավարության Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի եղանակով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա չէ համապատասխան տեխնիկական հնարավորությունների մասին ՍԴ համապատասխան իրավական ակտ, որով հաստատվեր, որ ՍԴ-ում ընդունելի են Mulberry էլեկտրոնային համակարգով դիմումների ներկայացումը: Ինչ վերաբերում է էլեկտրոնային ստորագրության առկայությանը, ապա տեղին է հիշել օրենքը, համաձայն որի՝ սահմանվել է. «Պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն եւ համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն՝ անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին»:

Մինչդեռ ՍԴ օրենքի եւ նշյալ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի համադրությունը, ըստ դատավորի, ցույց է տալիս, որ արժանահավատ չէ, թե դիմումը ստորագրված է, որ կառավարության էլեկտրոնային եղանակով դիմումը ձեռագիր ստորագրությամբ պետք է լիներ, որից պարզ կդառնար, որ դիմումը ստորագրվել է իսկապես դիմումատուի կամ նրա կողմից լիազորված անձի, ներկայացուցչի կողմից: Դատավորի կարծիքով, ՍԴ աշխատակազմը պետք է դիմումատուին տրամադրեր օրենքով սահմանված ժամկետ՝ առկա թերությունները շտկելու համար:

ՀՀ կառավարության ներկայացուցիչն այս գործով եղել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Ֆիդանյանը:
Նշյալ համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում «Կողմ-պետությունների պետական գաղտնիք համարվող տեղեկատվության փոխանակում»:

Համաձայնագրում նշվել է. «Ապահովել, որ անդրսահմանային կապուղիներով փոխանցվող տեղեկատվության պաշտպանությունն իրականացվի տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական արձանագրություններին համապատասխան, երաշխավորելով, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կապահովի տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունն ու արդիականությունը»:

Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն էլ. «դաղալության»՝ տեղեկատվական անվտանգության պահանջների եւ տեղեկատվական համակարգում աշխատանքների կանոնների խախտումներ արձանագրելու դեպքում, տեղեկատվություն տրամադրող կողմի իրավասու մարմինն իրավունք ունի դադարեցնել տեղեկատվությունը ստացող կողմ-պետության իրավասու մարմնի հասանելիությունը տեղեկատվական համակարգերին: Կողմերն ինքնուրույն են կրելու Համաձայնագրի իրականացմանն ուղղված ծախսերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

25.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031