Լրահոս
Օրվա լրահոսը

Ութ երեխաների ծնողներն ունեն նաեւ առողջական լուրջ խնդիրներ

Հոկտեմբեր 27,2021 13:30

Արցախյան շարժման ժամանակ` 1989 թվականին Ադրբեջանից բռնագաղթված Հախյան Նիկոլայի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում: Բազմազավակ ընտանիքը մեծ դժվարություններով եւ չլուծված խնդիրներով շարունակում է գոյատեւել, ակնկալելով պետական մարմինների սրտացավ ուշադրությունը։

8 երեխաների ծնողները, բացի սոցիալ-տնտեսական չլուծված բազմաթիվ խնդիրներից, ունեն նաեւ առողջական լուրջ խնդիրներ: «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անդամների հերթական այցը բազմազավակ ընտանիքին այս անգամ պայմանավորված էր նրանց պատկանող 1 հա մակերեսով հողամասի խնդիրներով։

Պարզվում է՝ Հախյանների ընտանիքին պատկանող մեկ հեկտար հողամասը երկար տարիներ օգտագործվել է համագյուղացիների կողմից, հողամասի նկատմամբ նրանց օրինական իրավունքները վերականգնվել է երկու տարի առաջ, առվույտ (յոնջա) են ցանել, որով էլ կերակրել են իրենց անասուններին:

Ընտանիքի նկատմամբ հիշյալ հողամասի համար 400 հազար ՀՀ դրամի չափով գույքահարկի պահանջ է ներկայացվել, այն տարիների համար, երբ իրենք հողը չեն օգտագործել։ Այդ հարցով բազմիցս դիմել են գյուղապետարան, մարզպետարան եւ իրավասու այլ մարմինների, սակայն միշտ նույն պատասխանն են ստացել` «Զբաղվում ենք»: Այս տարի ի հայտ են եկել նոր խնդիրներ, այդ նույն հողամասը դիտավորությամբ արածեցվել է գյուղացիների անասունների կողմից եւ ընտանիքին պատճառել խոշոր չափերի՝ մոտ 300 000 ՀՀ դրամի վնաս, որն էլ ընտանիքի ապրուստի միջոցն է:

Այդ մասին Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի կողմից ներկայացվել է բողոք ՀՀ ոստիկանության Վեդի քաղաքի բաժին, պահանջել ենք հարուցել քրեական գործ, հայտնաբերել մեղավորներին եւ պատժել, վերականգնել սոցիալական արդարությունը։ Բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռնված Հախյանի ընտանիքին նույնիսկ չի հաջողվում օգտվել գազից: Գյուղը գազիֆիկացված է, տնից ընդամենը տասը մետր հեռավորության վրա գտնվող գազի խողովակից գազը տուն հացնելու համար էլ է գումար հարկավոր, բայց ստանալով յուրաքանչյուրը 26 հազար դրամ հիվանդության թոշակ, չեն կարողանում լուծել նաեւ այդ խնդիրը: Գյուղ մտնողը անմիջապես կնկատի ճանապարհների անմխիթար վիճակը, իսկ տրանսպորտի մասին խոսք անգամ չի կարող լինել՝ չունեն… Եվ այսպես, գյուղ, որը գտնվում է Թուրքիայի սահմանագծին, ունի բերրի հողատարածքներ, որոնց մեծ մասը՝ անմշակ: Ո՞վ է մտածելու մեր հողերի, մեր տնտեսության մասին: Ու այս հողերի համար են զոհվել մեր զինվորները, եւ մեր հողի ամեն սանտիմետրն այսքան թանկ լինելով՝ շատ էժան ենք վարվում նրա հետ:

Փոխանակ իրական արժեքը իմանանք ու պատշաճ կերպով վարվենք արժեքի հետ, մեկս մյուսից ենք գողանում, չարակամություն անում, վնասում: Մինչեւ ուր: Գյուղացուն ապահովիր մեխանիզմով եւ սերմացուով, նա կապրի եւ կապրեցնի: Մեր արեւահամ բերքը իրացնելով՝ մենք հարուստ կլինենք: Թշնամին այսօր այս բերրի հողի համար է կռիվ տալիս, իրենը սարքելու համար: Ուշքի եկեք, հարգելի՛ ղեկավարություն: Նիկոլայ Հախյանը հայելին է սույն գյուղի եւ ոչ միայն… սահմանամերձ գյուղում ապրող գյուղացուն թեւ տվեք: Տասնամյակներ շարունակ սոցիալապես խոցելի խավի նկատմամբ ցուցաբերվել է սխալ քաղաքականություն, նրանք պետության կողմից չեն ստացել պատշաճ ուշադրություն եւ աջակցություն: Վարվել է «յոլա գնալու քաղաքականություն», այնինչ՝ պետք էր վարել հեռատես ու արդյունավետ ռազմավարություն, որպեսզի աղքատությունը հաղթահարվեր, թույլն ու աղքատը չճնշվեին: Մենք միշտ այդպիսի ընտանիքների կողքին ենք եղել, կառավարությունից պահանջել ենք բազմազավակ ընտանիքներին զարգացման հնարավորություն տալ, նրանց «ձուկ բռնելու» գործիքակազմ պետք է տալ, ոչ թե ձուկ: Սակայն մեր պահանջը մշտապես արհամարհվել է։ Ահա արդյունքը՝ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես:

Հարուստը հարստանում է, աղքատն աղքատանում։ Հետապնդելով ընտանիքի ուժեղացման եւ հասարակության առողջացման նպատակներ, համագործակցելով բազմազավակ ընտանիքների հետ, 2015- ին օրենքի նախագիծ ներկայացրեցինք ՀՀ կառավարություն՝ «Բազմազավակ ընտանիքների մասին»։ Պայքարի եւ երկար քննարկումների արդյունքում, մեծ դժվարությունների գնով նախագիծը 2017-ին ուղարկվեց ԱԺ, սակայն 2018-ին, հեղափոխությունից հետո, այն դուրս հանվեց շրջանառությունից։ Փոխարենը՝ սկսվեց լոկալ եւ հատվածային բնույթ կրող նորմատիվային ակտերի ընդունումը, ինչը, իհարկե, ունակ չէ ամբողջական խնդիրը տեսնել եւ լուծել, լուծում է ժամանակավոր, մասնակի, հատվածային հարցեր։

Սա եւս մեկ լակմուս է, որ մենք շարունակում ենք ընթանալ «յոլա գնալու» ռազմավարությամբ, հասարակությունը դարձնում ենք հատվածային, պառակտված եւ անջատ-անջատ, հաճախ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված։ Պետության եւ հասարակության մասին պետք է մտածել որպես մեկ ամբողջություն, այլ ոչ թե հատվածային կամ մասնակի, հակառակ դեպքում չենք կարող ունենալ ուժեղ պետություն եւ այդ պետության շուրջ համախմբված կոնսոլիդացված առողջ քաղաքացիական հասարակություն։ Այսօր, ինչպես եւ երեկ կամ դրանից առաջ, հասարակության առողջացման մասին մտածող չկա, պառակտման մասին «հոգացողներ»` ինչքան ուզես։

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ
ԻՀՄԱ նախագահ

«Առավոտ» օրաթերթ

25.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031