Հարցազրույց Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ
– Պարոն Կիրակոսյան, 2020թ., 13 տարվա քաշքշուկներից ու խմորումներից հետո, վերջապես միավորվեցին ըստ էության նույն գործառույթն իրականացնող ձեր՝ Մշակույթի ու Էստրադային եւ ջազային քոլեջները: Մեր դիտարկմամբ՝ սա միակ դեպքն էր, երբ միավորման արդյունքում ոչ մի դասախոս ու աշխատակից չկորցրեց աշխատանքը: Իսկ 2021-ին դուք ընտրվեցիք Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն: Խնդրում ենք ներկայացնել այս «նոր» քոլեջի առաջիկա ծրագրերը, ինչին հավանաբար արդեն ձեռնամուխ եք եղել:
– Ուսումնական հաստատությունը միանշանակ գնում է դեպի արդիականացում: Ուսուցման որակի բարձրացման նպատակով կատարել ենք ուսումնական ծրագրերի մշակում, փոփոխում, նորացում: Քոլեջը շարունակում է համագործակցության առաջարկների, հուշագրերի իրականացումը արտերկրյա եւ մեր մշակութային կառույցների, մասնավորապես՝ բուհերի հետ: Համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների, բարերարների հետ՝ ներդրումների նպատակով: 1957թ. կառուցված շենքը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 1983թ.: Օրինակ, համագործակցություններից մեկի արդյունքում Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի եւ հայ համայնքի աջակցության շնորհիվ այս պահին քոլեջում կատարվում են վերանորոգման աշխատանքներ, կապիտալ նորոգվում է դահլիճը, ինչը, միանշանակ, խթան կհանդիսանա կրթության որակի բարձրացման եւ նոր կրթական ծրագրերի իրականացման գործում: Ընդ որում, մինչ տնօրեն ընտրվելը, քոլեջի զարգացման հնգամյա ծրագրում նախատեսել էի հիմնել ուսանողական թատրոն, որը պարզապես անհրաժեշտություն է: Այն ստեղծվեց վերջերս, մեկ տարի ժամկետով էլ թատրոնի տնօրեն նշանակվեց քոլեջի դասախոս, ճանաչված դերասան, ռեժիսոր Համլետ Թադեւոսյանը:
– Վերջերս դուք հրավիրված էիք մասնակցելու Ղազախստանի Հանրապետության Ալմա-Աթա քաղաքում 30-րդ անգամ անցկացվող Boztorgai-2021 արվեստի եւ երաժշտության միջազգային մրցույթի ժյուրիի աշխատանքներին…
Կարդացեք նաև
– Մրցույթին մասնակցում էր 12 երկիր, Հայաստանը ներկայացրին քոլեջի 5 սաներ՝ վոկալիստներ, որոնք արժանացան գլխավոր եւ առաջին մրցանակների…
– Միջազգային հարթակներում քոլեջի սաների հաջողությունները նորություն չեն, բայց ունեք նաեւ գործիքային-կատարողական արվեստի, նկարչության, պարարվեստի եւ այլ մասնագիտական դասարաններ եւս:
– Չթողեցիք ավարտեի միտքս: Ալմա-Աթայում կայացած մրցույթին մասնակցում էր նաեւ քոլեջի պարարվեստի բաժնի անսամբլը, որն արժանացավ առաջին մրցանակի: Իսկ մինչ այդ մրցույթը քոլեջի սաները մասնակցել են նաեւ Բելառուսում անցկացվող հեղինակավոր ART-ПАРАД в Витебске մրցույթին, որտեղ «Գործիքային-կատարողական արվեստ» անվանակարգում մեր նվագախումբը արժանացավ առաջին մրցանակի, իսկ «Կիրառական արվեստ» անվանակարգում քոլեջի նկարիչ-վերականգնող մասնագիտության սաներն էլ դարձյալ առաջին հորիզոնականում էին, պարարվեստի բաժնի սաները՝ երրորդ:
Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ սկսել ենք «Բաբաջանյանական երաժշտության օրեր» մարզային համերգաշարը: Եղել ենք Լոռիում, մինչեւ տարեվերջ համերգներ կունենանք Գյումրիում, Մարտունիում, Գավառում, Տավուշում, Սյունիքում: «Նորաձեւ է ազգային երաժշտությունը» խորագրով իսկապես շքեղ համերգ ունեցանք «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ մեր սաները բացառիկ հնարավորություն ունեցան ելույթ ունենալ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ժողգործիքների նվագախմբի ընկերակցությամբ: Կարող եմ երկար թվարկել…
– «Առավոտի» հետ վերջին՝ 2019թ. հանդիպման ժամանակ դուք հայտնել էիք, որ ստացել եք Շառլ Ազնավուրի ընտանիքի համաձայնությունը՝ քոլեջը մեծն շանսոնյեի անունով անվանակոչելու համար:
– Սկսվեց քովիդը, պատերազմը, քոլեջների միավորումը… Կարճ ասած՝ մի փոքր հետաձգվեց: Սակայն այս պահին արդեն պատրաստ է «Շառլ Ազնավուր» հիմնադրամի եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ կնքվելիք հուշագիրը, որը, հուսով եմ, մինչեւ տարեվերջ կստորագրվի:
– Այս օրերին հանրապետությունում անցկացվում է ուսուցիչների ատեստավորում եւ վերապատրաստում…
– Քոլեջի դասախոսները փուլային տարբերակով մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, իսկ նոր ընդունվող դասախոսների համար անցկացվում է մրցութային ընթացակարգ: Ընդ որում, այս պահին ունենք տարբեր մասնագիտությունների դասախոսների թափուր տեղեր:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2021 թ․