Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գրեթե աննկատ անցավ հանրապետությունում։ Մինչդեռ միստիկ մի երեւույթ էր, որը բնութագրելն, հավատացե՛ք, այդքան էլ պարզ խնդիր չէ…
Խոսքը Ժողովրդական արտիստ, հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգի մասին է, որ կայացավ 12.09.2021-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ուր առանձնահատուկ ունկնդիր էր ժողովվել` անշուշտ երաժիշտներ, բայց եւ քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, արվեստաբաններ, ուղղակի երաժշտասերներ` խորհող, ինքնամփոփ, պատրաստ դառնալու տարօրինակ ու գայթակղիչ երաժշտական ուղեւորության համահեղինակն ու ուղեկիցը։
Ավելին, քան համերգ` երեւի այսպես կարելի է բնութագրել եղածը։ Ամբողջությամբ դասական հեղինակների երկերի ներքո` Բախ, Մոցարտ, Շուման, Շոպեն, Կոմիտաս, դահլիճը երեք ժամով տեղափոխվեց ժամանակային մի այլ չափում, տիեզերական մի այլ հարթություն, որտեղ կանգ է առել ժամանակը, ուր պարզապես չկա ժամանակ։
Կարդացեք նաև
Բեմում դաշնակահարուհին, միայնակ տիրելով բեմին, անշտապ` իր ներքին սեւեռուն հայացքի ներքո, «մանրադիտակով» զննում էր մատներով հյուսվող երկերը` ասես հղկված ու մշակված ադամանդները։ Ամեն հեղինակ ներկայացված էր բացվող ժապավենի պես տարածվող գործերի կարծես անսպառ շարանով, որոնք դիտարկվում էին բարձունքից։ Հեռվից` ոչ հույզերի էպիկենտրոնից, անխռով` ոչ խռովահույզ, եւ ներկաների աչքի առջեւ բոլորովին նորովի էր ձուլվում հանրահայտ երաժշտական գործի էությունն ու «մարմինը»։ Եվ կոմպոզիցիան դառնում էր խաղ, որը փիլիսոփայական բարձունքներում ներկայանում էր մոտավորապես այսպիսի` անսպասելի աղերսների շարքով. խաղը եւ մահը, խաղը եւ անմահությունը, խաղը եւ անվերջությունը, խաղը եւ մանկությունը, խաղը եւ իմաստությունը, խաղը եւ բնությունը, խաղը եւ վերջին հրաժեշտը… բայց եւ վերադարձը։
Պարզ, թափանցիկ երաժշտական նյութը կառուցված էր հստակ ճարտարապետական շերտերով` թավշյա խորը հիմքերով, հղկված միջին շերտերով, վճիտ ու լուսավոր` տիեզերական չափման վերին շերտերի մաքրամաքուր հնչյուններով։ Եվ նորից խաղում էին լույսն ու ստվերը, խռովքն ու անդորրը, շշուկն ու որոտացող ամպի գոռոցը` ճակատագրի դոփյունը։ Թե ինչպես էր ռոմանտիզմին բնորոշ հույզերի զեղումն ու կերպարների փխրուն էությունը դաշնակահարը զուգակցում հստակ չափված-հղկված ռացիոնալ մոտեցումների հետ, մնում էր անհասկանալի ընդհուպ մինչ այն պահը, երբ հնչեց Կոմիտասը` իբրեւ արքետիպ։
Հիմք։ Սկիզբ։ Տիեզերք։ Անվերջություն եւ, ի վերջո, Կամուրջ, որ միացրեց մեզ` հայերիս, Բախի եւ Շոպենի, Մոցարտի եւ Շումանի մոլորակներին։ Եվ մեզ իրավամբ տվեց այն այցետոմսը, որով հայը` շնորհիվ Կոմիտասի եւ Սվետլանա Նավասարդյանի, «իր խոսքն ունի ասելու աշխարհին»` արթնացնելով մարդու մեջ ՄԱՐԴՈՒՆ։ Ով բացարձակ երջանիկ է երաժշտության տաճարում, ուր անզոր է ժամանակը։
Լիլիթ ԵՓՐԵՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2021 թ․