Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հետ կանգնեց արևմտյան տասը դեսպաններին արտաքսելու դատարկ սպառնալիքից

Հոկտեմբեր 26,2021 23:55

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատարկ սպառնալիքներ է հնչեցրել։ Նա պարծենալով հայտարարել է, որ արտաքսելու է արևմտյան տասը երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, դեսպաններին՝ թուրք իրավապաշտպանին ազատ արձակելու պահանջով հայտարարություն հրապարակելու համար։ Նա 2017 թվականից ի վեր անօրինական կերպով բանտարկված է առանց որևէ դատավճռի։

Ահա Էրդողանի զայրալից խոսքերի դարձվածքները։ Նա հոկտեմբերի 20-ին կոշտ քննադատության ենթարկեց և սպառնաց արտաքսել տասը օտարերկրյա դեսպանների, որոնք հոկտեմբերի 18-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը անհապաղ բանտից ազատել բարերար Օսման Կավալային։ Տասը երկրներն են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան և Շվեդիան։ Կավալայի բանտարկության չորրորդ տարելիցին դեսպանները քաջալերեցին Թուրքիային՝ գտնել «արդար և արագ լուծում նրա գործի համար»: Նրանք զգուշացրեցին, որ Կավալայի շարունակվող կալանքը «ստվեր է գցում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թուրքական դատական համակարգում թափանցիկության նկատմամբ հարգանքի վրա»:

2017 թվականին սկզբնական ձերբակալությունից հետո Կավալան 2020 թ․ արդարացվեց իր դեմ առաջադրված մեղադրանքներից, սակայն նորից կալանավորվեց նոր անհիմն մեղադրանքներով։ Թուրքիան անտեսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թ․ որոշումը, որով կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել Կավալային: Եվրոպական խորհուրդը նախազգուշացրել է Թուրքիային, որ եթե նա չկատարի Եվրոպական դատարանի որոշումը մինչև 2021 թ․ նոյեմբերի 30-ը, այն կարող է դադարեցնել նրա ձայնի իրավունքը կամ նույնիսկ անդամակցությունը Խորհրդին։

Էրդողանը հակադարձեց այս դեսպաններին՝ ասելով. «Մի՞թե ձեր իրավասության շրջանակում է նման դաս տալը Թուրքիային։ Ովքե՞ր եք դուք։ Ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ չենք կարող իրենց հյուրընկալելու շքեղություն ունենալ մեր երկրում»։ Էրդողանը հավելեց․ «Նրանք քնում զարթնում են՝ Կավալա, Կավալա են ասում․․․․ Կավալան [Ջորջ] Սորոսի թուրքական մասնաճյուղն է: Տասը դեսպաններ նրա համար գալիս են արտգործնախարարություն: Ինչպիսի՜ անամոթություն։ Ի՞նչ եք կարծում, դուք որտե՞ղ եք։ Սա Թուրքիան է, Թուրքիա՛ն։ Այստեղ այն չէ, ինչ դուք կարծում եք՝ ցեղախմբային պետություն: Սա փառապանծ Թուրքիան է։ Չի կարելի հենց այնպես վեր կենալ ու գալ արտգործնախարարություն հրահանգներ տալու։ Ես մեր արտգործնախարարին տվել եմ անհրաժեշտ հանձնարարականներ։ Ես նրան ասացի, թե ինչ անել: Ես ասացի. «Դուք անմիջապես լուծեք հարցերը այս տասը դեսպանների հետ՝ նրանց հայտարարելով պերսոնա նոն գրատա [անցանկալի անձ] որքան հնարավոր է շուտ»։ Նրանք պետք է ճանաչեն Թուրքիան։ Այն օրը, երբ չեն ճանաչի կամ չեն հասկանա Թուրքիային, նրանք կլքեն երկիրը»։

Նրանց հայտարարությունից հետո տասը դեսպաններին կանչեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այնուհետև նախարարությունից ասացին, որ «դեսպանները զգուշացվել են»։

Գլխավոր հարցն այն է, թե Էրդողանը իրեն ո՞վ է կարծում, որ պետք է զգուշացնի այս երկրների դեսպաններին: Նման սպառնալիքով Էրդողանը պարզապես ևս մեկ «կնճիռ» ավելացրեց նախագահ Ջո Բայդենի հետ առկա խնդիրներին՝ Հռոմում G20-ի գագաթնաժողովի նախօրեին, որտեղ նախատեսվում է երկու ղեկավարների հանդիպումը։ Հակառակ նախագահ Դոնալդ Թրամփի, որը մեծ ջանքեր էր գործադրում Էրդողանի ցանկությունները կատարելու համար, Բայդենը Թուրքիայի նկատմամբ շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Զարմանալի չէ, որ «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ «Բայդենի վարչակազմը եղել է նամակի շարժիչ ուժը, որը համահունչ է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պետություններին հրապարակայնորեն  քննադատելու նախագահի քաղաքականությանը»:

Նամակը ստորագրած տասը երկրներից յոթը ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ վեցը՝ Եվրամիության։ Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կոշտ հայտարարություն է տարածել. «Տասը դեսպանների վտարումը վկայում է, որ թուրքական կառավարությունը գնում է բռնապետական ուղիով։ Մեզ չեք վախեցնի։ Ազատությո՛ւն Օսման Կավալային»։

Սպառնալով արտաքսել տասը դեսպաններին՝ Էրդողանը դիմում է ամբոխավարության իր սովորական հնարքին, քանի որ նրա քաղաքական վարկանիշը կտրուկ ընկել է՝ վտանգի ենթարկելով իր վերընտրությունը 2023 թվականին: Նա նախընտրում է բարձրացնել իր ժողովրդականությունը՝ վնասելով Թուրքիայի հեղինակությանն ամբողջ աշխարհում: Նա հաճախ արհեստական արտաքին ճգնաժամեր է ստեղծում՝ հանրության ուշադրությունը ներքին ծանր պայմաններից շեղելու համար: Միևնույն ժամանակ, թուրքական տնտեսությունը հասել է հատակին՝ զանգվածային գործազրկության և աղքատության պատճառով: Թուրքական լիրան 2003 թվականին Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 1 դոլարի դիմաց 1.3 լիրայից իջել է ռեկորդային նվազագույնի` մոտ 10 լիրա մեկ դոլարի դիմաց:

Թեև Էրդողանը հրաժարվում է լսել որևէ մեկի խորհուրդը, սակայն նա վերջապես ուշքի եկավ՝ հասկանալով, որ չի կարող առաջ շարժվել իր արտաքսման սպառնալիքով։ Նա հայտնվել էր երկընտրանքի առջև։ Եթե չեղարկեր իր որոշումը և թույլ տար դեսպաններին մնալ, նա կկորցներ դեմքը թուրք հասարակության առաջ։ Այնուամենայնիվ, եթե շարունակեր իր արտաքսման հրամանը, ապա կարող էր անդառնալի վնաս պատճառել Թուրքիայի տնտեսությանը և Արևմուտքի հետ հարաբերություններին։

Էրդողանը հոկտեմբերի 21-ին ասել է, որ տասը դեսպաններն իրենց երկրներում չէին ազատի «ավազակներին, մարդասպաններին և ահաբեկիչներին»։ Այսպիսով, Էրդողանը կոչ էր անում արևմտյան երկրներին չմիջամտել Թուրքիայի դատական համակարգին։ Մինչ Էրդողանը նման սադրիչ հայտարարություն է անում, նա ինքը բազմիցս ճնշում է գործադրել նախագահ Թրամփի վրա՝ չեղարկել թուրքական Halkbank-ի հետաքննությունը, որը մեղադրվում է փողերի լվացման և դավադրության մեջ՝ օգնելով Իրանին խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից։ Էրդողանը փորձում էր թաքցնել սեփական կապերը Halkbank-ի ծրագրի հետ։

Էրդողանի օգնականները նրան բացատրել են տասը դեսպանների արտաքսման սպառնալիքի աղետալի հետևանքները։ Բնականաբար, այս տասը երկրները վրեժխնդիր կլինեին՝ արտաքսելով Թուրքիայի դեսպաններին։ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հայտնվեցին մի քանի տասնյակ զայրալից հոդվածներ, որտեղ ասվում էր, որ իրենք հոգնել են Թուրքիայի թշնամական պահվածքից և անօրինական գործողություններից։

Նույն պատգամը Թուրքիային ուղարկվել է մասնավոր դիվանագիտական ​​ուղիներով։ Ի վերջո, փոխզիջում է գտնվել ճգնաժամը թուլացնելու համար։ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 25-ին գրել է թվիթերում. «Ի պատասխան հոկտեմբերի 18-ի հայտարարության վերաբերյալ հարցերին, Միացյալ Նահանգները նշում է, որ այն համապատասխանում է դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»: Այլ դեսպանատներ, այդ թվում՝ Կանադայի, Նոր Զելանդիայի և Նիդեռլանդների դեսպանատները, տեղադրել են նմանատիպ հաղորդագրություններ։ Գերմանիան և Ֆրանսիան կիսել են ԱՄՆ դեսպանատան թվիթը։ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածն արգելում է դեսպաններին միջամտել հյուրընկալող երկրների ներքին գործերին:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը ի պատասխան ուրախությամբ գրել է թվիթերում. «Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զիջել է»՝ հավելելով, որ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի թվիթը։ Հոկտեմբերի 25-ին կառավարության նիստից հետո Էրդողանը հայտարարեց, որ դեսպանները հետ են կանգնել «մեր դատական համակարգի և մեր երկրի իրենց զրպարտությունից»:

ԱՄՆ-ի ցանկացած պաշտոնյա, որը որոշել է երկրորդ թվիթը ուղարկել, որը մեկնաբանվել է որպես Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումները դատապարտելուց «հրաժարում», պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ կառավարությունը մի քանի օր առաջ մի հաղորդագրություն ուղարկել, իսկ հետո մերժել ու հակասել։ Ի՞նչ է պատահել նախագահ Բայդենի քաղաքականությանը՝ հրապարակայնորեն քննադատելու պետություններին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է, որ իր երկրորդ թվիթը նպատակ ուներ ընդգծելու, որ ԱՄՆ դեսպանի գործողությունները համապատասխանում են Վիեննայի կոնվենցիային։

Եթե ԱՄՆ կառավարությունը չկատարի իր խոստումը` պաշտպանելու մարդու իրավունքները ամբողջ աշխարհում, Էրդողանը և ուրիշները կշարունակեն անպատիժ ոտնահարել իրենց ժողովրդի հիմնական իրավունքները: Այս առումով նահանջ և հակասական ուղերձներ չպետք է լինեն։ Այժմ Էրդողանի վրա ճնշում գործադրելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործն է։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031