Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին եւ ակորդեոնահար Սիմոնե Զանկինին վաղուց սպասված հյուրեր են Հայաստանում: Նրանց համերգները մշտապես անցնում են լեփլեցուն դահլիճներում, եւ «բիս»-երից ու տեւական ծափահարություններից հետո սիրված երաժիշտները կրկին բեմ են վերադառնում:
Հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգին Մոնդելչին հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ որպես մենակատար եւ դիրիժոր:
Բացի ծրագրում եղած Շառլ Ազնավուրի, Միքայել Թարիվերդիեւի եւ Նինո Ռոտայի ստեղծագործություններից, Մոնդելչին իտալական շնչով Սայաթ Նովա եւ Մանսուրյան նվագեց: Համերգին ուրույն համուհոտ հաղորդեց ակորդեոնահար Սիմոնե Զանկինին: Պիացոլլան նրա մատուցմամբ ուղղակի էլեկտրականացրեց դահլիճը, որը ոչ մի կերպ չէր ուզում բաց թողնել իտալացի հրաշալի երաժիշտներին:
Կարդացեք նաև
Հավելենք, որ համերգը կայացավ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ: Իսկ Սիմոնե Զանկինիի համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին: Այն, ինչպես նախորդ անգամ, խոստանում է շատ ջերմ լինել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ