Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի օդանավակայանի բացումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Զանգելանը գտնվում է «Արևելյան Զանգեզուրում», հետևաբար «այստեղով անցնող Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ամբողջ թուրքական աշխարհը:
«Զանգեզուրի միջանցքի իրականացման համար Ադրբեջանը և Թուրքիան կյանքի են կոչում գործնական քայլեր, և ես վստահ եմ, որ այդ քայլերն առաջիկայում արդյունք կտան»,- հայտարարել է Ալիևը:
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ այդ «աշխարհագրությունով» անցնող ավտոճանապարհային և երկաթուղային գծերը տնտեսական և առևտրային հնարավորություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:
«Եվ տարածաշրջանի դիրքը՝ որպես տարանցիկ լոգիստիկայի կենտրոն, կամրապնդվի: Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կշահեն այդպիսի զարգացումից: Այդ նախագծերը ներառական են, ոչ թե բացառող»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Էրդողանը նաև նշել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
«Մենք հնարավորություն ունեցանք գնահատել ընթացիկ իրավիճակը և ապագայի ծրագրերն այնպիսի նախագծերում, որոնք կապված են Ղարաբաղի էներգետիկ համակարգի, տրանսպորտի և զարգացման հետ: Եվ առաջին հերթին մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները, որոնք մենք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ բարձրացրել ենք ռազմավարական դաշինքի մակարդակի»,- ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ այսօր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և հարաբերությունները կարգավորելու համար իրավիճակն առավել բարենպաստ է, քան երբևէ:
«Դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան քայլեր: Մենք հանդես ենք գալիս հանուն կայուն խաղաղության և տարածաշրջանում հարաբերությունների բազմակողմանի կարգավորման… Սակայն անհրաժեշտ է որոշել պետական սահմանը և փոխադարձաբար ճանաչել այն: Հենց դրա վրա էլ պետք է կառուցվի լավ հարաբերությունների հիմքը: Այդ հարցերում Հայաստանը Ադրբեջանի հետ խնդիրների լուծման համար պետք է անկեղծ կամք արտահայտի: Եվ եթե Հայաստանն անկեղծ կամք արտահայտի կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա ոչ մի խոչընդոտ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում չի լինի»,- հայտարարել է Էրդողանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ