Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները չեն ցանկացել հետ վերցնել իրենց նկարիչների գործերը եւ դրանց փոխարեն վերադարձնել մեր Գառզուի, Ժանսեմի, Սարյանի կտավները (տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2021 22:50

2020թ. պատերազմի արդյունքում բացի հազարավոր մարդկային զոհերը, տարածքային կորուստները՝ մենք ունեցանք նաեւ պատմամշակութային ժառանգության կորուստներ: Բազմաթիվ՝ ավելի քան 1500 եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, խաչքարեր, թանգարաններ, արգելոցներ եւ այլ պատմամշակութային օջախներ անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Այսօր այդ 1500-ից 90-ն արդեն ֆիզիկապես ոչնչացվել են կամ նրանցից ի սպառ ջնջվել է հայկական հետքը: Այս մասին օրերս Արցախում գտնվող լրագրողներիս տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նա, սակայն, նշեց, որ մինչ պատերազմը մեր բոլոր հուշարձանները անձնագրայնացվել են, այսինքն՝ կազմվել է նրանցից յուրաքանչյուրի մասին առկա տեղեկությունների ամբողջությունը, լուսանկարվել բոլոր մանրամասներով, եւ այդ ամենը պահպանվել է թվային տարբերակով: Այդ թվային արխիվը պատերազմի ընթացքում արագ տարհանվել է եւ տեղափոխվել Հայաստան: Այժմ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կայք է ստեղծում, որում կլինեն Արցախի բոլոր հուշարձանների մասին տեղեկություններ:

Ադրբեջանի իշխանությունների՝ պատմական իրողությունների խեղաթյուրման եւ այլոց մշակութային գանձերը յուրացնելու հակումներին ծանոթ են ողջ աշխարհում, սակայն այդ երկրի համառ եւ նպատակուղղված քաղաքականությունը, դրա վրա ծախսվող հսկայական գումարներն իրենց դերը խաղում են: Աշխարհով մեկ հրատարակվում եւ բաժանվում են պատմական փաստերի խեղման կամ պարզապես հորինման միջոցով ստացած «եղելություններ», որոնցում այնպիսի աղաղակող ստեր կան, որ տեղյակ մարդն ուղղակի ապշում է, սակայն անտեղյակների համար դրանք փաստերի շարադրանք են հիշեցնում եւ համապատասխան տպավորություն ու նստվածք թողնում:

Հայկական կողմը ոչ ռեսուրսների, ոչ նպատակասլացության առումով՝ իր պատմամշակութային ժառանգության ներկայացման հարցում երբեք Ադրբեջանին մրցակից չի եղել: Սակայն հիմա է՛լ ավելի պասիվ է: Այս բացը լրացնելու նպատակով մարտին Արցախում նախատեսվում է մեծ գիտաժողով, որին հրավիրված կլինեն լուրջ մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից, եւ գիտաժողովի ընթացքում կհակադարձեն Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օջախները «աղվանականացնելու» կամ «ուդիականացնելու» նկրտումներին: Տիկին Ղարախանյանը՝ որպես մասնագիտությամբ հոգեբան, Ադրբեջանի այդ նկրտումները համապատասխան եզրաբանությամբ անվանեց՝ «ախտաբանական ինքնավեհացում»:

Տիկին Ղարախանյանը, ներկայացնելով մեր կորցրած 12 թանգարանները, որոնցից 10-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր, նշեց, որ Հադրութում է մնացել Արմենակ Խանփերյանցի մարշալ Խուդյակովի թանգարանը եւ Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի թանգարանը,  եւ քանի որ Հադրութում «բլից կրիգ» է իրականացվել պատերազմի առաջին իսկ օրերին, հույս էլ չկար, որ այդ թանգարանները կփրկվեն: Մեր հպարտություններից մեկը՝ Տիգրանակերտի թանգարանը, որ գտնվում է Ակնայի (Աղդամի) տարածքում, կռվով չեն վերցրել, այլ եռակողմ համաձայնագրի արդյունքում է անցել հակառակորդին: Իսկ ինչ վերաբերում է Շուշիի թանգարաններին, ապա մինչեւ վերջ էլ ոչ ոք չի պատկերացրել, որ մեր անառիկ Շուշին երբեւէ կարող է գրավվել. «Մարդիկ անգամ Ստեփանակերտից իրենց արժեքավոր իրերն էին տանում Շուշի, քանի որ ոչ մի վայրկյան չեն մտածել, թե Շուշին կընկնի… Այդ պատճառով էլ չտարհանվեցին Շուշիի պատկերասրահի ցուցանմուշները, իսկ երբ արդեն հասկացանք, որ պետք է, այլեւս վտանգավոր էր…»: Պատկերասրահում թողած նմուշների մեջ եղել են Գառզուի, Ժանսեմի, Սարյանի գործերից: Տիկին Ղարախանյանը նշեց, որ Արցախում կան ադրբեջանցի նկարիչների 40 գործեր, եւ իրենք ռուս խաղաղապահների միջոցով առաջարկել են այդ գործերը փոխանակել մեր մշակութային ժառանգության հետ, սակայն դրական պատասխան չեն ստացել:

Արցախի ԿԳՄՍ նախարարը համարում է, որ այն, ինչ անում է Ադրբեջանը՝ զավթելով մեր պատմամշակութային ժառանգության նմուշները եւ թույլ չտալով դրանց հետ շոշափելի կապ ունենալ, պարզ անուն ունի՝ էթնոցիդ. «Երբ հոգեւոր ուժեղ կապով կապված ես քո ինքնությունը ներկայացնող, քո հոգեւոր մասնիկը կազմող կառույցի հետ եւ քեզ ստիպում են կտրել այդ կապը»: Նրա գնահատմամբ՝ ամեն անգամ Շուշիի գլխին ծածանվող թուրքական դրոշը արցախցիներին հիշեցնում է 1915 թվականի ջարդերը, իսկ Ցեղասպանությունը ժխտող եւ հայատյացությամբ հայտնի Էրդողանի այցը Շուշի իսկական հոգեբանական ահաբեկչություն էր արցախցիների համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031