Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն չունեն տվյալներ, որոնց համաձայն ոչ աշխատանքային օրերին ավելի պակաս ՀՆԱ է գեներացվում, քան աշխատանքային օրերին․ հայտարարություն

Հոկտեմբեր 26,2021 18:05

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Ազգային ժողովի նախագահին, ԱԺ խմբակցություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներին է ուղարկել Ամանորյա տոների չեղարկման նախագծի հետ կապված գրություն, որով կոչ է արել ԴԵՄ քվեարկել հակաժողովրդական ու հակապետական նախագծին, փոխարենը ծավալելով լայն քննարկումներ, ինչպես որ հանձնարարել էր ՀՀ վարչապետը։

Օրենսդիրներին հիշեցրել ենք, որ Նախագիծն ընդունվել է ավտորիտար երկրին բնորոշ ոճով՝ խախտելով Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը և սոցիալական երկխոսության ու ժողովրդավարության սկզբունքը։

Ներկայացրել ենք մեր բացասական կարծիքը տվյալ Նախագծի վերաբերյալ, շեշտելով, որ Նախագիծն Էկոնոմիկայի նախարարության կողմից հիմնավորվել է հակասական, մակերեսային և կեղծ պնդումներով։

Մասնավորապես, նշել ենք, որ՝

  • Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից մեզ տրամադրված տվյալները փաստում են, որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ տվյալներ, որոնց համաձայն ոչ աշխատանքային օրերին ավելի պակաս ՀՆԱ է գեներացվում, քան աշխատանքային օրերին։ Բոլորին հայտնի է, որ բազում ոլորտներ աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին, և գուցե նույնիսկ ավելի շատ, քան աշխատանքային օրերին։
  • Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տարվա առաջին ամիսներն ավելի պակաս ՀՆԱ են ստեղծում, քան տարվա երկրորդ կեսի ամիսները, և դա կապված չէ աշխատանքային օրերի քանակից, կամ այդ պետությունում Նոր Տարի տոնելու ավանդույթից։
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն անկախ Հայաստանում նպաստել են Հայաստանի՝ Եվրոպական ու քրիստոնեական աշխարհի անցուդարձին ինտեգրմանը, դրանով արժևորվել է հասարակության մշակութային, կրոնական ու քրիստոնեական ինքնությունը, ի տարբերություն սովետական ապամշակութացման քաղաքականության, որին փաստորեն այս Նախագծով փորձ է արվում վերադառնալ։
  • Ճշգրիտ չէ այն հիմնավորումը, որ տոների քանակով Հայաստանն առաջատար է։ Կան բազմաթիվ պետություններ, որտեղ տոներն ավելի շատ են․ Հայաստանն այդ ցուցանիշով գտնվում է ընդամենը միջին հորիզոնականներում։
  • Ճշգրիտ չէ այն պնդումը, որ Նախագիծն ընդունելու դեպքում տարվա մեջ ավելանալու է 5 աշխատանքային օր, քանի որ գոյություն ունեն նաև շաբաթ և կիրակի օրեր, որոնք համընկնելու են Ամանորյա օրերի հետ։ Գործնականում Ամանորից հրաժարվելը տարվա կտրվածքով ավելացնելու է մոտ երեք ու կես աշխատանքային օր։
  • Նախագծով Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասվում է «օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման» կեղծ օրակարգին։ Եվրամիության երկրներում դեկտեմբերին փաստացի տաս օր նշվում են Սուրբ Ծննդյան տոները։ Ռուսաստանում հունվարի 1-ից 8-ը նշվում են Ամանորյա տոները։ Չինաստանում փետրվարին գրեթե 20 օր տևողությամբ նշվում է Չինական Նոր տարին։ Իրանում մարտ ամսին առնվազն մեկ շաբաթ նշվում է Նովրուզը։ Արաբական Էմիրություններում հանգստյան օր է համարվում երկուշաբթին՝ շաբաթ օրվա փոխարեն։ ԱՄՆ-ում աշխատանքային օրերն այն ժամանակ են, երբ աշխարհի այլ երկրներում գիշեր է։ Նշվածներն, ի դեպ, Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներն են։ Ինչպես տեսնում ենք, որևէ երկիր իր մշակույթն ու ինքնիշխանությունը չի վաճառել հանուն բիզնեսի և այլ երկրների հետ «պայմանագրերի»։ Ինչո՞ւ է հենց Հայաստանը որոշել բիզնեսի համար հրաժարվել իր մշակույթից՝ այն էլ աշխատողների հաշվին։
  • Ինքնին տնտեսության վիճակագրական թվերը, կոնտեքստից կտրված, կապ չունեն մարդու կյանքի որակի հետ, և տնտեսական ժամանակակից գիտությանը դա հայտնի է արդեն վաղուց։ Մարդու կյանքի որակը, հանրության հոգեկան և սոցիալական բարեկեցությունը, մարդկային զարգացումը, հանրային ծառայությունների որակը մեծապես կախված են ոչ թե նրանից, թե ՀՆԱ-ն որքան տոկոս աճ կապահովի, այլ նրանից, թե որքանով է պետությունը ճիշտ կարգավորում ոչ ֆորմալ զբաղվածությունը, ոչ ավանդական զբաղվածությունը, հարկային քաղաքականությունը, նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, որքանով են տեսչական ինստիտուտները երաշխավորում աշխատանքային և տնտեսական հարաբերություններում օրենքի գերակայությունը։ Պետության նպատակը մարդու կյանքի որակի բարձրացումն է, և այն պարտավոր է ապահովել, որ տնտեսությունը ծառայի  հանրությանը, այլ ոչ թե հանրությունը ծառայի տնտեսությանը։ Կառավարությունը մոլորեցնում է հասարակությանը, պնդելով, իբր երեք ու կես օր ավել աշխատելով ավելի լավ կյանք կունենանք։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031