«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել եւ չլսել պատվաստանյութերի վերաբերյալ չճշտված եւ հակագիտական հայտարարությունները։
Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանը նշեց, որ նաեւ Արսեն Թորոսյանի պատճառով է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել, տապալվել է նաեւ պատվաստումների գործընթացը, որովհետեւ ժողովուրդը չի վստահում իշխանությանը։ «Եթե քաղաքացին հիվանդացել է կորոնավիրուսով եւ ձեռք բերել հակամարմիններ, ապա որոշակի ժամանակով նրան պետք չէ ստիպել պատվաստվել։ Քաղաքացին կարող է ցույց տալ հակամարմինների առկայության փաստաթուղթ, եւ վերջ»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։
Նրա ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շեշտեց․ «Հարգելի քաղաքացիներ, հակամարմինների առկայությունը բավարար չէ չպատվաստվելու համար։ Պատգամավորի ասածը գիտական հիմք չունի։ Խնդրում եմ պատվաստվել՝ անկախ նրանից, թե հակամարմիններ ունեք, թե ոչ, վարակվել եք, թե ոչ»։
Արեգնազ Մանուկյանը տեղից բղավելով անհամաձայնություն հայտնեց։ «Երբ ապատեղեկատվություն է տարածվում եւ մարդկանց առողջությանը վնաս հասցվում, ես պետք է արձագանքեմ»,-պատասխանեց Հակոբ Արշակյանը։ Ապա բղավեց, որ տեղից արձագանքներ չլինեն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ