Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուրախ եմ, որ «Իմ քայլում» կան մարդիկ, որոնց կյանքը հեղափոխությունից հետո դզվել է եւ շատ բարձր աշխատավարձով տեղերում են աշխատում, 68 հազարի վրա էլ թքած ունեն». Իզաբելլա Աբգարյան

Հոկտեմբեր 26,2021 17:23

«Պարո՛ն Գալջյան, մի հատ նայեք դահլիճին, որպես խմբակցության ղեկավար ձեզ դո՞ւր է գալիս էս վիճակը: Ավագանու անդամի աշխատանքը կոճակ սեղմելը չի, ինչին դուք բերում եք այս օրինագծով՝ դարձնելով կոճակ սեղմել: Կոճակը սեղմեցի՞ր՝ կփոխհատուցվես, չսեղմեցի՞ր, չես փոխհատուցվի»,-անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության բերած նախագծին, այսօր ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Իմ քայլը» նախագիծ է ներկայացրել, որով կանոնակարգվում է ավագանու անդամների բացակայությունների հարցը:

Ավագանու ընդդիմադիր անդամները գտնում են, որ նախագծի կարիք ամենեւին էլ չկա, քանի որ հիմնական բացակայողները հենց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն են եւ կարեւոր հարցերի քվեարկության ժամանակ հենց նրանք էլ բացակայում են: Նախագծով առաջարկվում է բացակայությունը հարգելի համարելու համար բժշկի թուղթ ներկայացնել՝ հակառակ դեպքում կզրկվեն ավագանիներին փոխհատուցվող 68 հազարական դրամներից:

«Ո՞ւր են նստած անդամները, որ պետք է լսեն, գուցե նաեւ կարծիք փոխեն: Թե՞ չեն փոխելու, որովհետեւ հանձնարարված է, արդեն վերջ՝ գիտեն, ոնց պետք է քվեարկեն: Դա աշխատանք չի, աշխատանքը տեղի է ունենում ամսվա ընթացքում, հանձնաժողովի նիստերին: Ժողովրդավարության բաստիոն եք կոչում, մասնակցայնության վրա ինչի՞ թքած ունեք: Ընդդիմության իրավունքների վրա ինչո՞ւ թքած ունեք: Իսկ նիստերը բոյկոտելը, գալ եւ չգրանցվելը ընդդիմության անքակտելի իրավունքն է: Ընդդիմությունը կարող է գալ, կանգնել շենքի դիմացը, չմտնել շենք, կամ գալ՝ չգրանցվել, բայց ելույթներ ունենալ, հարցեր տալ եւ չքվեարկել: Ի՞նչ եք Հյուսիսային Կորեա դարձնում եւ պետական բոլոր ինստիտուտները վերածում մանկապարտեզի»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը:

Նրա խոսքով՝ ի՞նչ է նշանակում պետք է բժշկի թուղթ բերել. «Է՞լ ինչի թուղթ պետք է բերի: Ավագանու անդամի գործունեության պարագայում փոխհատուցվում են ծախսերը, ոչ թե կոճակ սեղմելը: Ես կնախընտրեի, որ «Իմ քայլից» շատերը չգան ու չսեղմեն կոճակը, որովհետեւ, վստահ եմ, որ նախագիծը չեն էլ բացել՝ կարդացել, չեն եկել, հանձնաժողովում չեն մասնակցել քննարկմանը: Այսինքն՝ մեզ որակ պետք չի՞: Թող ավելի լավ է լինի այստեղ նստած 30 հոգի, բայց մարդիկ, որոնք աշխատանք են անում: Իսկ եթե ինչ-որ բան է պատահել այդ օրը՝ չասեն՝ մենք քեզ 68 հազարից զրկում ենք: Սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է: Երկրորդ՝ ես ուրախ եմ, որ «Իմ քայլում» կան մարդիկ, որոնց կյանքը հեղափոխությունից հետո դզվել է եւ շատ բարձր աշխատավարձով տեղերում են աշխատում եւ 68 հազարի վրա էլ թքած ունեն: Այսինքն՝ կարող են այդ մարդիկ չգալ, հա՞մ ով փողի խնդիր չունի: Էս ի՞նչ սոցիալական, հերթական լծակով պատժամիջոց է: Նույնը ՔՈՎԻԴ-ի թեսթերի հետ արվեց՝ գրպանին հարվածելով, ոչ թե կազմակերպելով վերահսկողությունը, ոչ թե օրենսդրական ճիշտ ակտեր ընդունելով, ոնց որ զարգացած երկրներում: Այլ չունեւորի գրպանին խփելով»:

Տիկին Աբգարյանն այդ նախագիծը «խայտառակություն» համարեց՝ նշելով որ ինքն ամաչելու է իր ֆրանսիացի ու բելգիացի գործընկերների մոտ:
«Խայտառակություն է, որովհետեւ քվեարկությունը դա խղճի ազատություն է: Դա ժողովրդավար, հիմնարար ազատություններից մեկն է, եւ, որեւէ մեկն իրավունք չունի պատժամիջոց կիրառելով կաշկանդել ավագանու անդամին՝ հարկադրել գալ, գրանցվել եւ քվեարկել կամ չքվեարկել: Դա ազատություն է, ժողովրդավարություն է եւ, ես որեւէ մեկին թույլ չեմ տալիս՝ որոշելու՝ ես քանի հարցին պիտի քվեարկեմ, քանիսին՝ ոչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031