ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից ի վեր համարվել է վերջինիս անվտանգության երաշխավորը: Դա ունեցել է իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Պետք է նշել, որ Ռուսաստանի՝ իբրև փրկչի հեղինակությունը հայ ժողովրդի մոտ ձևավորվել և կենսունակ է եղել դարեր ի վեր, ուստի ՌԴ նման ընկալումն ամենևին նոր երևույթ չէ և չի կարող բացատրվել միայն մեր նորագույն պատմության մեջ տեղ գտած իրադարձություններով ու իրողություններով։ Այնուամենայնիվ, ՀՀ կազմավորումից ի վեր նրա այս դերակատարումն ամրապնդվել է մի շարք միջպետական պայմանագրերով և հռչակագրերով ու ամենակարևորը՝ ՀՀ տարածքում ՌԴ ռազմական ներկայությամբ։
Ռուսաստանի՝ Հայաստանի անվտանգության երաշխավորի դերն ամրագրվել է վերջինիս ՀԱՊԿ անդամակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին 1997թ. Մոսկվայում ստորագրված և 1998թ. նոյեմբերին ուժի մեջ մտած պայմանագրով:
Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային, ապա 2010թ. Ռուսաստանի նախագահ Դմիտրիյ Մեդվեդևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված և խորհրդարանի կողմից վավերացված թիվ 5 արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանի տեղակայումը Գյումրիում երկարաձգվեց մինչև 2044թ.: Բացի այդ ընդլայնվեց ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու ու հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ թե՛ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում ՀՀ-ը դիմեց ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ ՌԴ-ին իրեն ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն որևէ ձևաչափով օգնություն չցուցաբերվեց, ինչը կասկածի տակ դրեց ոչ միայն Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած մտադրությունները, այլև ՀԱՊԿ կենսունակությունը։
ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2018թ. հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ ստրատեգիական փոփոխություն չմտցրեց: ՀՀ նոր իշխանությունները շարունակաբար իրենց հավատարմությունն էին հայտնում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը և ակնկալում Ռուսաստանի աջակցությունը՝ առաջին հերթին արցախյան հակամարտության մեջ շրջադարձեր թույլ չտալու համար: Սակայն նոր իշխանությունների ոչ բոլոր գործողություններն էին դրական գնահատական ստանում ռուսական կառավարող էլիտայի կողմից, ում դժգոհությունն արտահայտվում էր բազում փորձագետների, հայազգի լրագրողների և մեդիա ներկայացուցիչների, իսկ որոշ բացառիկ դեպքերում նաև՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի միջոցով: Առավել մեծ քննադատության էր արժանանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը, որի հետևանքով պաշտոններ էին ստանում արևմտյան քաղաքական կողմնորոշում ունեցող մի շարք կադրեր: Հայկական իշխանություններն այդ ամենի արդյունքում ստացան «սորոսյան» պիտակը:
Ինչ վերաբերում է ՀՀ հանրությանը, ապա, չնայած այն բանին, որ 2018թ․ հեղափոխությանը նախորդել էր 2016թ․ քառօրյա պատերազմը, որն արդեն իսկ տարատեսակ հասարակական շերտերում դժգոհության ալիք էր բարձրացրել դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, այնուամենայնիվ, հեղափոխությանը սատարող հասարակության առնվազն մեծամասնությունը չէր հետապնդում արտաքին քաղաքականության ռուսական կողմնորոշման փոփոխություն և հեղափոխությունը դիտարկում էր առավելապես ներքին քաղաքական համատեքստում։ Ինչպես նշվեց, Ապրիլյան պատերազմը բազում հարցեր առաջացրեց ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, սակայն հաշվի առնելով այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, տևեց ընդամենը 4 օր և համեմատաբար կարճ ժամանակում ռուսական միջնորդությամբ հաջողվեց ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն, Ռուսաստանի նկատմամբ հանրային ընկալումներում դրամատիկ փոփոխություններ տեղի չունեցան:
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Միանգամայն այլ արդյունքի հանգեցրեց 2020թ․ 44-օրյա պատերազմը: Սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը փլուզեց տասնամյակներ գոյություն ունեցող առասպելներն ինչպես ՀՀ բանակի մարտունակության, այնպես էլ Ռուսաստանի վերաբերյալ: Հանրության մեջ տարածվեց այն կարծիքը, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կարող էր նշանակել երկու բան․ կամ Ռուսաստանը ցանկանում էր, որ այն վերսկսվի, կամ վերջինս ի վիճակի չէր զսպել պատերազմի վերսկսման մեջ շահ ունեցող ուժերին: Երկու դեպքում էլ Ռուսաստանը կորցնում էր իր՝ անվտանգության երաշխավորի դերն ու առաքելությունը: Թեպետ նոյեմբերի 9-ին կրկին ռուսական միջնորդությամբ հաջողվեց հասնել հրադադարի, սակայն դրա պայմաններն այնքան ցավալի էին Հայաստանի համար և ՀՀ կորուստներն այնքան մեծ էին, որ այն հազիվ թե կարող էր ընկալվել որպես դաշնակցի աջակցություն:
Պատերազմից հետո առաջ եկավ մի թեզ, ըստ որի՝ Հայաստանը պարտվեց այն բանի պատճառով, որ վերջինս գործող իշխանությունների թույլ տված սխալների հետևանքով այլևս չէր վայելում Ռուսաստանի համակրանքն ու աջակցությունը։ Այս թեզը լայն տարածում ստացավ ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ ընդդիմադիր շրջանակներում: Վերջիններս փորձեցին նաև շահարկել այն քաղաքական շահաբաժիններ ստանալու և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու նպատակով։ Սակայն արևմտամետ համարվող իշխանությունների՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը և հակառակը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր համարվող Ռոբերտ Քոչարյանի պարտությունը կարող էր նշանակել մեկ բան՝ ՀՀ հասարակության մեծամասնությունն այլևս չի դիտարկում Ռուսաստանին որպես իր անվտանգության երաշխավոր։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԴՐՈՒՄԸ
Այս համատեքստում հետաքրքիր էր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից այս տարի կազմակերպված «Ժամանակակից ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության հարաբերակցության մասին հետպատերազմյան Հայաստանում․ ճշմարի՞տ, թե՞ կեղծ» խորագրով միջոցառումն այն բանի մասին, որ Հայաստանում ընդունված է հակադրել մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը:
Մասնավորապես, ըստ Հայաստանում Freedom House-ի ծրագրի նախկին համակարգող Սոսի Թաթիկյանի՝ Հայաստանում առկա է այն տեսակետը, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արևմտյան, ազատական, գլոբալիստական ու կեղծ արժեքներ են՝ ներմուծված դրսից, միտված թուլացնելու հանրությանը։ Որոշ անհատներ ու խմբեր վստահ են, որ Հայաստանը պարտվեց պատերազմում, որովհետև առաջնայնություն դարձրեց քաղաքացիական հասարակության կողմից խթանվող ժողովրդավարությունը, որդեգրեց այնպիսի արժեքներ ու սկզբունքներ, որոնք թուլացրեցին դիմադրողականությունը, երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը։
Եթե ընդունենք, որ հայ հանրության մեջ գերակայում է այս տեսակետը, ապա դատելով վերջին խորհրդարանական ընտրություններում համընդհանուր ճանաչմամբ արևմտյան արժեքներ որդեգրած և դրանք Հայաստանում ներդրման ջատագով «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակից՝ կարելի է գալ երկու եզրահանգման՝ կա՛մ հայ ժողովրդի մեծամասնությունն անվտանգության և ժողովրդավարության միջև ընտրում է ժողովրդավարությունը, կա՛մ չի համարում Ռուսաստանին Հայաստանի անվտանգության երաշխավոր:
Եվ կա երրորդ տարբերակ, համաձայն որի՝ հայ ժողովրդի մեծամասնությունը չի տեսնում որևէ հակադրություն այդ երկուսի միջև, այսինքն լինել ժողովրդավար, չի նշանակում վտանգի ենթարկել սեփական երկրի անվտանգությունը:
Հասմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ժողովրդավարության XXVI դպրոցի շրջանավարտ
«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)