«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը սահմանների հետ առկա լուրջ խնդիրների մասին ասում է. «Հակահայկական նախաձեռնությունները մեզ պարտադրվելու են, որովհետեւ պարտվողը չունի որոշելու կարողություններ, չի կարող իր պայմանները եւ պահանջները թելադրել: Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի քարտեզը վերադառնում է, իբր, Սովետական Հայաստանի 1920 թվականի սահմաններին: Նման բան կա՞ եւ մեր ժողովուրդը պատրաստ է համակերպվել դրա հետ:
Իշխանությունը խլեցին, իբր, դրախտ պիտի ստեղծեին մեր երկրում, բայց իրականում մի ամբողջ երկիր տարան դժոխքի դուռը: Պատկերացրեք, երեք տարի է անցել եւ այն բոլոր մեղադրանքները, բոլոր ստերը, որ ասվել են, որեւէ բան չապացուցվեց: Մարդիկ հիմա պետք է իրենց գնահատականը տան՝ ով էր ճիշտ եւ ով՝ սխալ»:
Aravot.am-ը բանախոսից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով՝ ըստ հայտնի արտահայտության հեղինակի ո՞վ էր ճիշտ եւ ով՝ սխալ: «Ես կփորձեմ իմ պատկերացմամբ մեկնաբանել: Չե՞ն լինում դեպքեր, որ ինչ-որ մի մարդու կամ մարդկանց խմբի ուզում ես որեւէ բան բացատրել, բացարձակ ճշմարտություն, ինչը ապացուցելու անհրաժեշտություն չունի, բայց քեզ չեն հասկանում, ասում են՝ այդպես չի: Այդ դեպքերում վերջում ի՞նչ ես դու ասում: Ասում ես լավ, դու ճիշտ ես, գնա, քո ասածն է: Ես այսպես եմ պատկերացնում 2018 թվականի իրադարձությունները, երբ երրորդ նախագահը արեց իր հանրահայտ հայտարարությունը: Երբ տեսնում ես, որ մեկ մարդ չէ, այդ մեկ մարդու հետեւում կանգնած է զանգվածը, որ խաբվեց, ու մանիպուլյացիան դարձավ ճիշտ, իսկ տարիներ շարունակ արվածը՝ սխալ, բա ի՞նչ պետք է ասվեր: Ժողովուրդը մտածում էր, որ Սերժ Սարգսյանը հեռանա, երկիրը փրկվելու է, Արցախը մերն է լինելու, մարդիկ հարստանալու են, բոլորի պարտքերն ու վարկերը փակվելու են ու էլի հեքիաթներ: Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ բառերը. «Լավ, եղբայր, գնա, ես սխալ էի, դու ճիշտ ես» վերաբերում էին հենց դրան»,- մեկնաբանեց Վահան Բաբայանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ