Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման հետ կապված հարցն այսպիսի հրատապ կերպով օրակարգ բերելը չի բխում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կենսական շահերից․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 26,2021 17:19

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս։

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածը` Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը` հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ:

Իրականում շփման գծում տիրող իրադրությունն ու սահմանազատման հետ կապված գործընթացները մի կողմից իրար հետ փոխկապակցված են, մյուս կողմից, երկու թեման էլ բավականի ծավալուն են և նույնիսկ 1,5 ժամվա բովանդակային քննարկումը բավարար չէ հասկանալու և ուրվագծելու պետության առաջիկա անելիքներն այս ուղղությամբ:

Սահմանազատման հետ կապված հարցն այսպիսի հրատապ կերպով օրակարգ բերելը չի բխում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կենսական շահերից: Այս շտապողականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և շարունակաբար սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ:

Անհասկանալի է նաև, թե Հայաստանի իշխանություններն իրենց նախաձեռնությամբ ինչու են սահմանափակում մեր երկրի բանակցային հնարավորությունները՝ հայտարարելով, որ սահմանազատման հիմքում պետք է դրվեն խորհրդային ժամանակահատվածի քարտեզները:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Խորհրդային միության ժամանակահատվածում, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները տարբեր փոփոխությունների են ենթարկել և պարզ չէ, թե սովետական ժամանակաշրջանի որ թվականների քարտեզներով են առաջնորդվելու սահմանազատում իրականացնողները, պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվելու կոնկրետ ժամանակահատվածի քարտեզը:

Պետք է նաև արձանագրել, որ խորհրդային տարիների տարբեր տասնամյակների ընթացքում կատարված սահմանային փոփոխությունները կատարվել են Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Միության սահմանադրությունների խախտումներով և միջազգային իրավունքի առումով չեն կարող պարտադիր հիմք համարվել:

Կրկնում եմ՝ Հայաստանը չունի միազգային պարտավորվածություն՝ առաջնորդվելու խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, իսկ առկա քարտեզները, որոնք որքան էլ կարևոր են ուղենիշային առումով՝ որպես բանակցային ելակետ, ինքնին իրավական ակտ չեն:

Անթույլատրելի եմ համարում այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանն, այսպես կոչված, սահմանային ճշգրտումներ է իրականացնում սահմանային տարբեր հատվածներում և մարտավարական ու ռազմավարական բարձունքներ զբաղեցնում, իսկ Հայաստանի իշխանություններն իրավիճակին պատշաճ չեն արձագանքում։

Միաժամանակ խորը մտահոգություն է առաջացնում իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքերի, այսպես կոչված, ադրբեջանական ակլավների մասին հայտարարություններ հնչեցնելը, որն Ադրբեջանի համար առավել ագրեսիվ գործելու և խաղարկելու հնարավորություններ է տալիս։ Այդ տարածքները ՀՀ տարածքներ են և կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։

Հայաստանը մտնում է չափազանց բարդ գործընթացի մեջ, որի հիմքում պետք է լինի մասնագիտական խորը վերլուծություն, քաղաքական նուրբ հաշվարկ և, իհարկե, ցանկալի արդյունքին հասնելու արդյունավետ ուղիներ, որն այս պահին իշխանությունների քայլերում որևէ ձևով չեն արտացոլվում:

Ինչ վերաբերում է շփման գծում տիրող իրավիճակին, ապա այն առաջին հերթին պետք է դիտարկել զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և, մասնավորապես, առաջնագծում նախատեսված փոփոխությունների, համակարգային վերանայումների և նոր մոտեցումներ որդեգրելու համատեքստում:

Երկրորդ, պետք է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով վերլուծել իրադրային հնարավոր փոփոխությունների ռիսկերը, առաջ եկող սպառնալիքներն ու դրանց զսպումը, ինչպես նաև՝ մեր հնարավորությունները արդյունավետ դիմակայելու անվտանգային բոլոր կարգի խնդիրներին:

Առաջնագծի արցախյան և հայաստանյան ճակատում գրանցվող միջադեպերը և դրանց սոցիալ-հոգեբանական, քաղաքական, ռազմական ազդեցությունը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում ու Արցախում որևէ ձևով չի հաշվարկվում, դրա հիմքում չկա որևէ լուրջ վերլուծություն և ըստ այդմ՝ իշխանության իրականացրած միջոցառումները, կրավորական կեցվածքը որևէ ձևով չեն համապատասխանում իրադրային փոփոխություններին:

Սահմանազատման հետ կապված խնդիրներն ու շփման գծում տիրող իրադրությունը հանրային հետաքրքության և կարևորության իմաստով ավելի քան ակտուալ է և այս հրատապ նիստի գլխավոր նպատակը մեր շուջ տեղի ունեցող բարդագույն գործընթացները հանրային քննարկումների դաշտ բերելն է ու իշխանությանը ստիպել, որպեսզի զերծ մնան գործընթացի տապալումներից կամ այնպիսի ճանապարհ բռնելուց, ինչը Հայաստանին նոր ողբերգության առաջ կկանգնեցնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031