Անդրադարձել ենք, որ մեկ շաբաթ առաջ Գյումրի բժշկական կենտրոնում քովիդի դեմ ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկի քույրը՝ Մանիկ Առաքելյանն, ահազանգել էր ոստիկանություն՝ դժգոհելով մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի՝ հիվանդ վիճակում գտնվող քրոջն ուղղված այն խոսքերից, թե վերջինիս դուրս կվռնդի հիվանդանոցից։
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մանիկ Առաքելյանը մանրամասներ ներկայացրեց՝ պատմելով, թե ինչո՞ւ բուժման մեջ գտնվող քրոջ իրավունքները պաշտպանելու համար դիմեց ոստիկանություն։
Նա նշեց, որ Գյումրիում բնակվող քրոջը երկու անգամ տարել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն նրան հիվանդանոց են ընդունել միայն երրորդ անգամ, և միայն այն բանից հետո, երբ հիվանդի ինքնազգացողությունը վատացել ու ընդունարանում ուշաթափվել է, մայրն էլ անհանգստացած՝ աղմուկ է բարձրացրել։
«Սկզբում թեստը բացասական է եղել, սատուրացիան 94 էր, ուղարկել են տուն՝ տնային բուժման։ Մայրս, լինելով բուժաշխատող, այն, ինչ ցուցված է տնային բուժման համար, արել է, սակայն քրոջս վիճակը գնալով վատացել է։ Սակայն միևնույն է, դա բավարար վատ վիճակ չի համարվել՝ հիվանդանոց ընդունելու համար:
Կարդացեք նաև
Եվ երրորդ անգամ, երբ բերել են հիվանդանոց՝ ձեռքի տակ ունենալով թոքերի ռենտգենը, որտեղ հստակ երևացել է, որ թոքերը 50-ից տոկոսից ավելի ախտահարված են, ունենալով ուշաթափություն, բարձր ջերմություն, թթվածնի կարիք․ տնային բուժումն իրեն չի օգնել, բժիշկները, շատ լավ տեսնելով, որ հիվանդի վիճակը տանը գնալով վատանում է, դարձյալ փորձել են չընդունել հիվանդանոց։
Քույրս ուշաթափվել և ընկել է, սակայն մերժել են նրան հիվանդանոց ընդունել՝ հաշվի չառնելով ո՛չ ախտանշանները, ո՛չ ռենտգենի պատասխանը, հենվել են միայն թեստի բացասական պատասխանի և սատուրիացիայի իբր թե բարձր թվերի վրա։ Եվ միայն այն բանից հետո, երբ մայրս անհանգստացած աղմուկ է բարձրացրել, ընդունել են հիվանդանոց՝ զգուշացնելով, որ թթվածին, միևնույնն է, չեն նշանակելու։ Քույրս իրենց մոտ անցկացրել է 48 ժամ, բոլոր ախտանշաններն առկա են եղել՝ թթվածին միացնելու համար, սակայն չի միացվել, իսկ ընդունելության հաջորդ օրը եկել է թեստի դրական պատասխանը։
Ես ոստիկանություն դիմել եմ ոչ թե Լիլիթ Սարգսյանի հետ ունեցած առաջին հեռախոսազրույցից հետո, որին գուցե և ներկա է եղել հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, և ոչ թե այն պատճառով, որ ուշադիր չեն հիվանդի նկատմամբ, այլ այն բանից հետո, երբ ինձ հետ զրույցից անմիջապես հետո նա բարձրացել է հիվանդասենյակ և սպառնացել հոգեճնշված, հիվանդ և հյուծված վիճակում գտնվող, արդեն թեստի դրական պատասխան ունեցող քրոջս, թե դուրս կհանի հիվանդանոցից:
Լիլիթ Սարգսյանի հետ առաջին հեռախոսազրույցի ժամանակ հարցրել եմ՝ ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ լավ չեք վերաբերում Աննային, իր կանչերին չեք արձագանքում, բժշկուհին ինձ բացատրեց, որ սատուրացիան 94 տոկոս է, թեև մենք գիտենք, որ սատուրացիան 89 տոկոս է եղել, և որ հիվանդին ընդառաջելով են ընդունել, անընդհատ չեն կարող հետևել, ծանրաբեռնված են, ասացի՝ շատ լավ։
Մենք, իրար հասկանալով, ցտեսություն ասացինք, ես ասացի, որ ըմբռնումով կմոտենամ։ Իմ առաջին հեռախոսազանգից հետո մտքովս չի էլ անցել դիմել ոստիկանություն նրա համար, որ իմ քրոջը լավ չեն նայում, քանի որ շատ լավ գիտեմ այն հանգամանքները, որով դիմում են ոստիկանություն…
Ես ոստիկանություն դիմել եմ այն բանից հետո, երբ բժիշկը իմ այդ հեռախոսազանգից հետո մտել է և սպառնացել է քրոջս, որ իրերդ կհավաքես, կգնաս տուն, եթե մի հատ էլ զանգես ու ձերոնց ասես, որ ուշադիր չենք։ Եվ դա ասել է թեստի դրական պատասխան ունեցող հիվանդին։
Քույրս՝ հոգեճնշված, հիվանդ, հուզված վիճակում, գտնվելով նրանց ենթակայության տակ՝ զանգել է ինձ, պատմել է։ Դրանից հետո ես զանգահարել եմ Լիլիթ Սարգսյանին, որը գտնվում էր տանը կամ տան ճանապարհին, նա հայտնեց՝ աշխատանքային ժամը սպառված է ու նրան ասել եմ՝ ես զանգում եմ ոստիկանություն, քանի որ դուք սահմանափակում եք իմ քրոջ բուժօգնություն ստանալու իրավունքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջ լինելու իրավունքը ու չարաշահում եք ձեր մասնագիտական ու պաշտոնական դիրքը և սպառնացել եք հիվանդին։
Լիլիթ Սարգսյանն ինձ ասաց՝ չեմ սպառնացել, ընդամենը ասել եմ։ Այսինքն, ոչ մի հանգամանք հաշվի չի առել նրան հիվանդանոց ընդունելիս, ինչ է թե թեստը սկզբում բացասական էր ու սատուրացիան իբրև թե բարձր էր, չէին ընդունում, միայն աղմուկ հանելու պատճառով են ընդունել։
Եվ այսքանից հետո, միևնույնն է, չես բարձրացնում այնպիսի հարցեր, թե օրինակ՝ ինչքա՞ն պետք է վատանա մարդու վիճակը, որ բավարարի իրենց հոսպիտալացման ներկայիս չափանիշներին, փորձում ես ըմբռնումով մոտենալ իրենց կոչումին և գործի բարդությանը, սակայն մարդուն հասցնում են, որ դիմում է ոստիկանություն՝ որևէ հույս չունենալով, որ լուծում կտան այս հարցին։
Ես իմ քաղաքացու պարտքն եմ համարել դիմել ոստիկանություն, որպեսզի այն բոլոր մարդիկ, որոնք պաշտոններ չեն զբաղեցնում կամ ծանոթներ չունեն և դժբախտաբար հայտնվում են հիվանդանոցում, նրանց նկատմամբ նման տիպի ճնշումներ բժիշկները չկարողանան գործադրել»,-ասաց Մանիկ Առաքելյանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ պիտի հաշվի առնեն հիվանդի առողջական վիճակը, ոչ թե թեստի պատասխանը, որը խաբուսիկ է։
Մանիկ Առաքելյանը նշեց, որ իր քույրն ունի երկու անչափահաս երեխաներ՝ 2 և 3 տարեկան, ամուսինն այդ պահին ևս հիվանդանոցում է պառկած եղել՝ ձեռքի կոտրվածքային վնասվածքով։
Մանիկ Առաքելյանը պատմեց, որ իր քրոջը ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելուց հետո նրան անմիջապես թթվածնի սարք են միացրել, նա խեղդվում էր։
«Գյումրի բժշկական կենտրոնում 48 ժամ հիվանդին պահել են իրենց հսկողության տակ, ունենալով բոլոր ախտանիշները, որ քրոջս անհրաժեշտ է թթվածին ու համապատասխան բուժում, թթվածնով չեն ապահովել, բայց ես, նորից եմ կրկնում, այդ հիմքով չէ, որ դիմել եմ ոստիկանություն։ Ես դիմել եմ բժշկի՝ մեր զրույցից հետո հիվանդին արված սպառնալիքի հիմքով»,-պարզաբանեց Մանիկ Առաքելյանը։
Նա նաև նշեց, որ ոստիկանությունը հրաժարվում էր իր ահազանգը գրանցել՝ խորհուրդ տալով ահազանգել առողջապահության նախարարության թեժ գիծ։ Սակայն, ըստ մեր զրուցակցի, ինքը ոստիկանությանն ապացուցել է, որ դա հենց իրենց գործն է, քանի որ առկա է մարդու իրավունքի, նրա առողջության իրավունքի և բուժօգնություն ստանալու իրավունքի խախտում, առկա է նաև պաշտոնական դիրքի չարաշահում։
Մենք այս թեմայի շուրջ կփորձենք լսել նաև Գյումրի բժշկական կենտրոնի մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի պարզաբանումը։
Երեկ Aravot.am-ին պարզաբանում էր ներկայացրել Գյումրի բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքի պատասխանատու, փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ մեկուսարանի 23 նմուշառվողներից 19-ի պատասխանը դրական էր եկել։ Իրենք էլ ցուցում ունենալով՝ Գյումրի բժշկական կենտրոնում բուժել միայն կորոնավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր հիվանդների, 8 հոգու տեղափոխել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց։ Ըստ փոխտնօրենի, մատնանշված հիվանդի սատուրացիան բարձր է եղել, թթվածնի կարիք էլ չի ունեցել։
«Եթե անկեղծ, ես զարմացած եմ, այդպես էլ չհասկացա ոստիկանություն ահազանգելու իմաստը, երբ որ բժշկուհին իրենց հեռախոսազանգով բացատրեց այն, ինչը ես ձեզ նոր ասացի։ 94 սատուրացիա ունի, որպես կանոն, այդ հիվանդները տանն են բուժվում, բայց մենք ինֆեկցիոն հիվանդանոց ենք տեղափոխել, ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխել ենք նաև 85 սատուրացիայով հիվանդների։ Այսինքն՝ Գյումրի բժշկական կենտրոնում մնացել են միայն 60-70 սատուրացիա ունեցող հիվանդները, այսինքն՝ թթվածնի խիստ կարիք, ինտենսիվ բուժման կարիք ունեցող հիվանդները։ Մնացածները կարող էին կոնցենտրատով կամ թույլ հոսքով ապահովել թթվածնի քանակը կամ ընդհանրապես թթվածին չշնչեին, այլ ստանային միայն դեղորայքային բուժում»,-ասել էր Արմեն Խաչատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ