Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը». Թագուհի Թովմասյանը լքեց փակ քննարկումը

Հոկտեմբեր 26,2021 16:34

«Ես խորը հիասթափված եմ եւ դուրս եկա քննարկումից, որովհետեւ չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դուրս գալով փակ քննարկումից:

Հիշեցնենք, Ազգային ժողովում փակ քննարկում էր տեղի ունենում հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սահմանագծման հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես էին գալիս Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։ Հրատապ քննարկում հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները։

Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ պատգամավորների հարցերին, ըստ էության, պատասխաններ չեն տրվում. «Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է: Բայց պետական գաղտնիքի կրողներ կան՝ պատգամավորներ: Նույնիսկ պետական սահմանի չափը չի ասվում, ասում են՝ պետական գաղտնիք է: Սա արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ»:

Թագուհի Թովմասյանն իր հարցերը նաեւ հրապարակային հնչեցրեց՝ ինչո՞ւ պատերազմից մեկ տարի հետո էլ կահավորված չեն մեր սահմանները, ի՞նչն էր մեզ խանգարում, ինչո՞ւ է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումը հնարավորություն ունեցել հատել ՀՀ սահմանը, երբ մենք պետք է դիմադրություն ցույց տայինք, պաշտպանություն կազմակերպեինք, ինչո՞ւ է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին: Իր հարցերն ուղղված են եղել Կամո Քոչունցին, որոնց պատասխաններ չեն տրվել:

Պատգամավորը քննարկումն անիմաստ է համարում, քանի որ ներկա պաշտոնյաները կամ իրավիճակին չեն տիրապետում կամ ձեւ են անում, թե այդպես է: Նա սա համարում է իշխանության գործելաոճը՝ հարցերին պատասխաններ տալու փոխարեն դրանք կոծկել, բայց հստակեցնում է, որ գուցե կային հարցեր, որոնց այդ պաշտոնյաները իրապես չէին տիրապետում:

Փակ նիստի ավարտից հետո իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը չպատասխանեցին լրագրողների հարցերին։

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031