Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հավատացյալները մայիսից ի վեր չեն կարողացել մտնել Դադիվանք (տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2021 17:52

Դադիվանքում այսօր Հայ առաքելական եկեղեցու վեց սպասավորներ կան: Նրանք չեն լքում վանքի տարածքը, հոգեւոր ծեսեր են կատարում՝ պատարագ, ժամերգություն, սակայն այդ արարողություններին հավատացյալները ներկա չեն, մայիսից ի վեր նրանց մուտքն արգելված է:

Դադիվանքը գտնվում է Քարվաճառում, որը նոյեմբերի 9-ից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, թեեւ այնտեղ մարտական գործողություններ, ըստ էության, չէին եղել: Քարվաճառն ու Քաշաթաղը (Քելբաջարն ու Լաչինը) խորհրդային ժամանակներում ԼՂԻՄ-ի մաս չեն կազմել, եղել են Ադրբեջանական ԽՍՀ այն յոթ շրջաններից, որոնք 1992-94թթ. պատերազմի արդյունքում անցան մեր տիրապետության տակ, եւ որոնք հայկական կողմն ավանդաբար «ազատագրված», իսկ ադրբեջանական կողմն ավանդաբար «զավթած» էր անվանում: Ի տարբերություն մյուս 5 շրջանների՝ Ակնա-Աղդամ, Ջրական-Ջաբրայիլ, Կուբաթլու-Սանասար, Զանգելան-Կովսական, Ֆիզուլի-Վարանդա, այս երկու շրջանները Հայաստանին սահմանակից էին, եւ բանակցությունների ժամանակ, երբ խոսք է եղել տարածքների հանձնման մասին՝ 5+2 ձեւաչափով, նկատի է ունեցվել, որ այս երկու շրջանները արցախահայությանը Հայաստանի հետ կապող օղակ են: Այսօր այդ օղակից մնացել է միայն մի բարակ թել՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի տեսքով: Ինչպես Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը, այնպես էլ Քարվաճառում գտնվող Դադիվանքը գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:

2020թ. նոյեմբերի 14-ին ռուս խաղաղապահները մտան Դադիվանք՝ եկեղեցու եւ հոգեւոր սպասավորների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Օրերս Հակոբավանքի վերականգնման նախագծի մեկնարկի ազդարարումը լուսաբանելու նպատակով Արցախում գտնվող լրագրողներս հանդիպեցինք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի (լուսանկարում), ինչպես նաեւ Դադիվանքի քահանա տեր Հովհաննեսի հետ:

Սրբազան հայրը ներկայացրեց Դադիվանքին առնչվող իրավիճակը: Նրա խոսքերով՝ երբ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահները մտան Դադիվանք, սկզբնական շրջանում, բանակցելով հրամանատարի՝ Մուրադովի հետ, որն էլ՝ իր հերթին՝ ադրբեջանական կողմի հետ, եկել են համաձայնության, որ շաբաթը մեկ անգամ քահանաներն ու հավատացյալները ուխտագնացության կմեկնեն Դադիվանք: Եկեղեցին ամեն շաբաթ կազմում էր ուխտագնացության մասնակիցների ցանկը, կառավարությունը տրամադրում էր տրանսպորտը, եւ մեկնում էին Դադիվանք: Հետո, երբ ադրբեջանցիներն այդ տարածքներում «ոտքերը պնդացրին», ամեն շաբաթ ուզում էին ցուցակն իրենք էլ տեսնել, ապա փորձեցին անձամբ ստուգել բոլոր ուխտավորների անձնագրերը… Բնականաբար, այդ ամենը հոգեբանական ճնշում էր, որին գումարվեց նաեւ համավարակի խնդիրը, Թարթառ գետի վարարման պատճառով դեպի Դադիվանք ճանապարհի փակումը, եւ այլն, եւ արդյունքում՝ մայիսից ի վեր ուխտագնացություն չի եղել:

Դադիվանքում ներկայումս ապրում եւ աշխատում են Արցախի թեմի 19 հոգեւորականներից 6-ը: Նրանք բանտարկված չեն, ապրում են այնտեղ՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո, աղոթքներ են անում, պատարագներ են մատուցում, սակայն ուխտավորներ, հավատացյալներ վանական համալիր չեն մտնում: Վերջերս ադրբեջանական կողմի պնդմամբ մոտ 30 ուդիներ են մտել եկեղեցի, աղոթել եւ դուրս են եկել:

Դադիվանքի քահանան՝ տեր Հովհաննեսը, առայժմ չի կարողանում գնալ Դադիվանք, քանի որ ադրբեջանցիները, ըստ տարածված լուրերի, նրա համար «գլխագին» են առաջարկել, եւ տեր Հովհաննեսին ձերբակալելու հրաման ունեն: Այժմ նա Մարտակերտի տարածաշրջանի եկեղեցիներում է հովվություն անում, ինչպես նաեւ՝ Գանձասարում, բայց, վստահ է, որ վաղ թե ուշ Դադիվանքում պատարագ է մատուցելու:

Իսկ սրբազան հայրը՝ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էլ ասում է, որ ամեն ինչ անում են, որպեսզի ուխտագնացությունները դեպի Դադիվանք վերականգնվեն: Սակայն ուխտավորների թվաքանակը պետք է շատ լինի, որպեսզի ազդեցիկ եւ համոզիչ լինեն: Հայաստանից Արցախ մեկնողները հատուկենտ են այսօր, շատ քչերն են գնում Արցախ՝ անկախ նրանից՝ հավատացյա՞լ են, թե ոչ. «Պետք է շարժ լինի, պետք է մարդիկ գան-գնան, Հայաստանից, Ռուսաստանից մեր եղբայրները, քույրերը պետք է գան, որպեսզի ռուս խաղաղապահները, Շուշիում կանգնած ադրբեջանցիները տեսնեն, որ մենք մենակ չենք, որ այստեղ շարժ կա, որ մարդկանց հուզում է Արցախի, արցախահայության, Դադիվանքի, Ամարասի, Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի ճակատագիրը… Այցերը շատ-շատ են քչացել, շարժ չկա: Դա ազդում է արցախցու վրա, նրա հոգեբանության վրա, ցավ է պատճառում…»:

Տեր Վրթանես եպիսկոպոսը համոզված է, որ առնվազն Արցախի հարցում Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր մարդիկ, բոլոր կառույցները պիտի միաբան լինեն. «Եթե մենք միաբան լինենք՝ հաջողություն կունենանք, եթե բաժան-բաժան լինենք՝ կկորցնենք: Արցախը պիտի ապրի, պիտի շենանա, պիտի վստահ լինի իր վաղվա օրվա վրա, եւ դա բոլորիս, ողջ հայության համար կարեւորագույն նպատակ է: Ես զգում եմ, որ կա բանալի, կա ճանապարհ, կա ելք, կա դուռ, բայց այդ ճանապարհը միասին պիտի գնանք, դուռը միասին պիտի բախենք, միասին պիտի բացենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031