Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հանձնաժողովի շնորհիվ շատ սրիկայություններ կբացահայտվեն»․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 26,2021 16:17

«Պատերազմից հետո «Հայաստան համահայկական հիմնադրամի» հայտարարած՝ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի միջոցներից 52 միլիարդը փոխանցվել է պետբյուջե, ինչը տարակուսելի արձագանքների արժանացավ։ Այս հանձնաժողովը միտված է ցրելու անհանգստությունը, որ այս միջոցները ծախսվել են անարդյունավետ, որ եղել են գնումներ, որ եղել են կանխիկացումներ»,-օրենքի ուժով ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծված՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված դրամական միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ ԱԺ նիստում քննարկման ժամանակ այսօր հայտարարեց քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա շեշտեց, որ հիմնադրամը կայքում չի հրապարակել աուդիտի տվյալներ․ «Հարցում ուղարկեցի, պատասխանեցին, որ չեն հրապարակում աուդիտի տվյալներ, քանի դեռ չի եղել հոգաբարձուների խորհրդի նիստը։ Մարտին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում հենց խորհրդի անդամների պահանջն էր աուդիտի անցկացումն ու հանրությանը արդյունքների ներկայացումը։ Դա տարակուսելի է։ Աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ հերթական»։

Հայկ Մամիջանյանը դիմեց իշխանական խմբակցությանը․ «Ձեր առաջնորդն ասել է, որ քննիչ հանձնաժողովի խնդիր չի տեսնում։ Այն ստեղծված է օրենքի ուժով։ Հուսամ՝ ականջալուր կլինեք ձեր առաջնորդի ասածին։ Անգամ եթե ՔՊ-ն անդամների չներկայացնի հանձնաժողովի, այն, միեւնույնն է, ստեղծված է օրենքի ուժով»։

Ապա «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողովի անդամների թիվը մեկով ավելացնելու եւ 11 դարձնելու առաջարկն ընդդիմության համար ընդունելի՞ է։ Մամիջանյանը պատասխանեց, որ այդպես կավելանա ՔՊ անդամների թիվը հանձնաժողովում, բայց իրենք չեն առարկում։

Հայկ Մամիջանյանը նաեւ հույս հայտնեց, որ այս հանձնաժողովի շնորհիվ շատ սրիկայություններ կբացահայտվեն։

Հիշեցնենք, որ ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանն այսօր արձագանքել էր սրիկայությունների վերաբերյալ Մամիջանյանի ասածին, ինչից հետո նիստերի դահլիճում միջադեպ էր եղել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031