Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Հանրահավաքով իշխանություն փոխել չի ստացվի, փողոցային գործողություններ, պայքար է պետք՝ օրակարգով եւ լիդերով»

Հոկտեմբեր 26,2021 16:13

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը այսօր անդրադառնալով այն փաստին, որ ընդդիմությունը նախապատրաստվում է հանրահավաքի՝ ասաց. «Կարծում եմ, որ ընդդիմությունը ոչ թե պետք է նախապատրաստվի հանրահավաքի, այլ շատ ավելի շուտ պետք է փողոցային պայքար, տարբեր նախաձեռնությունների եւ ակցիաների շքերթ սկսած լիներ: Որովհետեւ հասարակությունում այլ տրամադրություններ են: Իրականությունը մի այլ կերպ է մատուցվում, ընդդիմությունն էլ խորհրդարանում քննարկում է տոնական օրերի վերաբերյալ հարցը: Հիմա պատկերացրեք՝ շարքային քաղաքացուն, որը յոթ ամիս փողոցում քայլում էր, պայքարում էր, վրաններում քնում էր, անձրեւի ու ձյան տակ կանգնած լսում էր այն հռետորներին, որոնք այսօր քննարկում են հունվարի 2-ը աշխատանքային սարքեն, թե՞ հունվարի 4-ը: Կամ քննարկում են Արսեն Թորոսյանի աթեիստ լինելու կամ չլինելու հարցը:

Ֆինանսների նախարարը երեկ հայտարարեց, որ տարին փակում են ահավոր գնաճային միջավայրում: Հետեւաբար, հունվարի 1-ից բարձրանում են տարբեր սակագներ, ինչը քաղաքացիներին խնդրի առաջ է կանգնեցնելու: Տեղից էլ այս COVID-ի ծանր ալիքը մարդկանց ստիպում է կատարել լրացուցիչ ծախսեր, առաջացնում է լրացուցիչ խնդիրներ: Պետությունը եւ կառավարությունը որեւէ բան չեն անում, ավելի ճիշտ, անում են հակառակը՝ այնպիսի բաներ, որոնց հետեւանքով մեր երկիրը ապագա ուղղակի չի ունենալու: Եվ ամենակարեւորը. գիտենք, թե ինչի համար է այս ամենը գեներացվում: Մենք մամուլի, այդ թվում՝ միջազգային մամուլի համաձայն ունենք տվյալներ, որ պատրաստվում է եռակողմ հանդիպում: Եվ այդ եռակողմ հանդիպման ժամանակ լինելու է որոշակի համաձայնագրերի կամ այլ տիպի միջազգային ակտերի ստորագրում»:

Բանախոսը չի հասկանում նոյեմբերի 9-ին,10-ին հանրահավաք հրավիրողներին, եթե չի հրապարակվում կոնկրետ օրակարգ: «Մենք էլ հետեւյալ տեսակետն ունենք. ողջունում ենք բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպած միջոցառումները, իրական ընդդիմադիրների կատարած բոլոր քայլերը, պատրաստ ենք աջակցել, սատարել, օգնել, ինչպես արել ենք միշտ: Բայց պետք է լինի օրակարգ: Ես միշտ եմ ասել, որ եթե չկա օրակարգ, կոնկրետ հաջողություն չի լինի: Հանրահավաքով իշխանություն փոխել չի լինի: Պետք են կոնկրետ փողոցային գործողություններ, պայքար: Շարժում է պետք՝ կոնկրետ քայլերով, լիդերով եւ պատասխանատուով, թե ով է գալու փոխարինելու գործող իշխանությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031