Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունների հետ կապված որոշումը:
Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, շնորհավորելով Աննա Դանիբեկյանին ծննդյան օրվա առիթով, ասաց. «Չեք կարող քննել սույն գործն իմ մասնակցությամբ, քանի որ այլ քրեական վարույթի շրջանակներում ես ու Դուք դատավարական տարբեր կողմերում ենք գտնվում. պաշտպանական կողմի վկան եմ, նախաքննության փուլում կասկածի շուրջ եմ հարցաքննվել, դատակոչում եմ, դեռևս դատարանում չհարցաքննված վկա եմ: Այս դատավարությունը կարող եք օգտագործել ինձ վրա ազդեցություն գործելու համար: Ես Ձեզ բացարկ եմ ներկայացնում, ինքներդ Ձեզ նվեր արեք, միջնորդում եմ, որ Դուք Ձեզ նվեր անեք»:
Արմեն Գևորգյանը դատարանի դահլիճում իր ելույթում հայտարարեց՝ գոնե այս վերջին երկու տարվա ընթացքում մասնակցելով դատական նիստերին, ամեն ինչից զատ մտածել է նաև պետության հեղինակության մասին: Նա մանրամասնեց. «Ես կարծում եմ՝ իմ գործողություններով նաև պետք է աջակցեմ, որ դատական իշխանության հեղինակության բարձրացում լինի, որ հանրության մոտ տպավորություն լինի, որ դատարանն անկախ ու անաչառ է: Ես երբևիցե թույլ չեմ տվել ինձ պիտակավորումներով անդրադառնալ այս դահլիճում ներկա գտնվող մարդկանց, որովհետև ենթադրել եմ, որ ամեն մեկն իր գործն է անում: Ես իմ կարծիքն ունեմ՝ ով, ինչպես է իրականացնում այդ գործը: Ցավոք, մենք ամեն ինչ արել ենք, որ պետության հեղինակությունը նաև այս դատավարությամբ առավելագույնս ընկնի: Այս պահին ուզում եմ արձանագրել, որ ես՝ ժամը 14.30-ին պետք է մասնակցեի ԱԺ փակ նիստին, որտեղ պետք է քննարկվի սահմանային վիճակը: Բայց այսօր գտնվում եմ այստեղ, որովհետև դատարանը չի հարգում պետության առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի ներկայացուցչի աշխատանքի կարևորությունը»:
Խոսելով դատարանի որոշումների անտրամաբանական լինելու մասին՝ Արմեն Գևորգյանն ասաց. «2020-ին մերժեցիք գույքից կալանքը հանելու իմ միջնորդությունը՝ լուծումը հետաձգելով, ասելով, որ պետք է գույքի արժեքը հաշվվի: Ես այն ժամանակ էլ գնահատեցի, որ դա մերժում էր: 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին դատարանին միջնորդություն ներկայացրի թույլ տալ իմ՝ արգելանքի տակ գտնվող հաշվից փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Դատարանը առանց քննարկելու այդ թույլտվությունը՝ թույլ է տվել առանց առարկությունների: 2021-ի մայիսին մենք նույնպես դիմել եմ Ձեզ, որ որպես «Հայաստան» դաշինքի անդամ ցանկանում եմ համապատասխան ընտրական դաշինքին աջակցություն ունենալ, որ իմ հաշվից գումար փոխանցվի համապատասխան դաշինքի հաշվեհամարին: Դուք մերժել եք»:
Կարդացեք նաև
Արմեն Գևորգյանն ասաց՝ դատարանը նաև մերժել է նույն այդ հաշվից գումար փոխանցել պետական բյուջե՝ վնաս տալով պետբյուջեին: Այս առիթով Արմեն Գևորգյանը հարցրեց. «Բա 2020-ի սեպտեմբերին նույն հանգամանքը չկա՞ր: Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 14-րդ կետով, որ դատավորն այնպիսի խելացի վարքագիծ պիտի դրսևորի, որ իրեն ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու կարիք չլինի, այս հանգամանքն ընկնո՞ւմ է այդ հոդվածի տակ, թե՞ ոչ: Ըստ էության դատարանն իր գործողություններով պետությանը վնաս է հասցնում նաև նյութական»:
Արմեն Գևորգյանը վստահեցրեց՝ երկու տարվա ընթացքում իր մասով դեռ որևէ օրինական որոշում չի տեսել:
Ելույթներից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ