Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանի, «Քրիստոնյաները կարիքի մեջ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Ստեփանակերտի նախկին արհեստագործական ուսումնարանի եւ Ստեփանակերտի համար 4 հիմնական դպրոցի բազայի վրա ստեղծվում է կրթական նոր հաստատություն: «Դա մի հրաշալի նախագիծ է, որով իտալական կրթական մոդելը մտել է Արցախ, բայց ոչ թե հանրակրթության, այլ մասնագիտական կրթության մասով: Ներկայումս Արցախում են գտնվում «Գուչիի», «Վալենտինոյի» եւ այլ հանրահայտ ֆիրմաների դիզայներներ, որոնք երեխաներին սովորեցնում են կարի տեխնոլոգիա, կարի արտադրություն եւ դիզայներական աշխատանք, նաեւ փայտամշակման հայտնի վարպետներ, խոհարարներ են եկել: Հասկանալի պատճառներով, մենք չենք հանրայնացնում նրանց անունները, պետք է մարդիկ Արցախից դուրս գան` նոր: Հաճախ սեւ ցուցակի մեջ են նրանց ներառում ադրբեջանցիները, մինչդեռ մարդիկ ընդամենը մեզ արհեստ են սովորեցնում»,-ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Լուսինե Ղարախանյանի համոզմամբ, նոր կրթական հաստատությունը հնարավոր է առաջիկայում ստանա միջազգային հավատարմագրում. «Ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ կրթական համակարգը ոչ մի կերպ ենթակա չէ քաղաքականացման, կրթությունը սահմաններ չպետք է ճանաչի: Նաեւ ուսանողների փոխանակում է լինելու: Մեր ուսանողները կգնան եւ որոշ ժամանակահատվածով կրթություն կստանան Իտալիայում: Մենք համագործակցություն ենք սկսել իտալական արհեստագործական քոլեջի հետ: Արդյունքը կլինի այն, որ շուկային կտանք այնպիսի մասնագետներ, ինչ շուկան է պահանջում: Շատ հետաքրքիր գործընթացներ են գնում այս պահին, հագուստներ են կարվում, վերջում դրանց ցուցահանդես-վաճառքը կլինի: Շորերը կարում են Իտալիայից եկած վարպետները:
Ի դեպ, նախագիծը մինչեւ պատերազմն էր, մենք կանգ չառանք, աշխատեցինք պատերազմից անմիջապես հետո եւս: Կրթությունը սպեղանի է, նմանատիպ ծրագրերով մենք բուժում ենք մեր վերքերը, ու համառորեն շարունակելու ենք: Մի քանի օրից այս ծրագրերի մասին հրապարակումներ կանեմ նաեւ իմ ֆեյսբուքյան էջում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ