Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ անցած 4 տասնյակ ադրբեջանական կտավներ կան, որոնք հայկական կողմը պատրաստ է փոխանակել: Արցախի Հանրապետության նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմին, որը 30 տարի շարունակ չի հետաքրքրվել այդ կտավներով, առաջարկվել է դրանք փոխանակել Շուշիում մնացած հայկական մշակութային արժեքների հետ:
«Պարադոքսալ բան է, իրենց հետաքրքիր էլ չեն իրենց արժեքները, բայց իրենք սովոր են ուրիշինը թալանել… Մանրամասն չեմ կարող, թե ինչ գործեր են դրանք, գիտեմ, որ ադրբեջանական գեղանկարներ են: Մենք պատերազմից անմիջապես հետո ռուս խաղաղապահների հետ համագործակցության շրջանակներում առաջարկել ենք այդ տարբերակը, բայց այդ մարդիկ անհաղորդ են, նրանք չմշակույթ չգնահատող, բայց մշակույթ թալանող ազգ են:
Նման ծանր կացության մեջ ենք… Ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող կոնտինգենտի մեջ կան մշակույթի եւ կրթության հարցերով աշխատակիցներ, մենք իրենց հետ ենք աշխատել»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ