«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այսօր հանձնաժողովի նիստին չէին մասնակցում:
«Երեքշաբթի օրերը դարձել են ղազինյանական օրեր։ Սրանով փորձ արվեց ցույց տալ, որ մեր հանձնաժողովը զբաղված է միայն ղազինյանական օրերով։ Ասեմ, որ մեր հանձնաժողովի ծանրաբեռնվածության ծավալն ամեն օր, ամեն շաբաթ մեծանում է, իշխանական թեւի պատգամավորները ներգրավված են այդ աշխատանքներում, լավ կլիներ, որ հանձնաժողովի մյուս պատգամավորներն էլ ներգրավվեին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մասնակցեր հանձնաժողովի նիստին, քանի որ ինքը հարց ունի նրան: Իսկ հարցն այն է, որ Արթուր Ղազինյանը մինչ օրս չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որոնք գաղտնիության ռեժիմ ունեն, թե ինչո՞ւ չի ծառայել բանակում: Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է, որ ժամանակին Սեյրան Օհանյանը դեմ էր, որ բանակում չծառայած մարդը նույնիսկ հանձնաժողովի անդամ լիներ, ուր մնաց թե փոխնախագահ:
«Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին ես առաջարկում եմ ներկայացնել այլ թեկնածուի, որպեսզի այս խնդիրը մենք օրացույցից հանենք եւ մտնենք ճիշտ օրացուցային տրամաբանության մեջ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով, որ «Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է եւ Սեյրան Օհանյանը չի կատարում իր կամքը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ