Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գեղամ Մանուկյանը Վիգեն Խաչատրյանին «Արցախ ուրացող» անվանեց

Հոկտեմբեր 26,2021 14:21

«Երեւի դուրը չեկավ, որ ԱԺ ամբիոնից Արցախ պաշտպանող պետք է լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով քիչ առաջ նիստերի դահլիճում տեղի ունեցածին:

Հիշեցնենք, խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր հերթական միջադեպը գրանցվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո, ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Արձագանքելով Վիգեն Խաչատրյանի ելույթին՝ նա ասաց. «Արցախ ուրացողը դավաճան է»: Դրանից հետո դահլիճում իրավիճակը լարվեց: Հայտարարվեց ընդմիջում:

Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ հակադարձեց Վիգեն Խաչատրյանին. «Բազմաթիվ կուսակցություններ փոխած՝ 1990 թվականին կոմկուսով խորհրդարան մտած, ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձեւակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք՝ Արցախում ապրող այդ մարդիկ անվտանգ լինելո՞ւ են Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ՝ ինքնաբերաբար ուրանալով Արցախը, Արցախի հարցը»:

Ըստ բանախոսի, ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում նաեւ՝ բոլորը, ովքեր «ի տարբերություն խաչատրյան վիգենների» պայքարել են Արցախի համար, հանուն իրենց զոհված ընկերների, պետք  է իրերն իրենց անուններով կոչեն, ինչն էլ ինքն արել է: Գեղամ Մանուկյանը չի հասկանում թե իր որակման համար ինչո՞ւ Ռուբեն Ռուբինյանը վատ զգաց՝ ուրանալով նաեւ իր հոր՝ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի պայքարը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Գեղամ Մանուկյանին հարց ուղղվեց նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կիպրոս այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին՝ նկատելով, որ կազմակերպիչները դաշնակցականներ են եղել: Գեղամ Մանուկյանն ասաց, որ բողոքի ցույցի մասնակիցների մեջ եղել են նաեւ դաշնակցականներ, ինչի համար ինքը հպարտ է, քանի որ այդ մարդիկ տասնամյակներ պայքարել են հանուն Արցախի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031