Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ուրացողը դավաճան է»․ անվտանգությունը Գեղամ Մանուկյանի թեւերից քարշ տալով՝ իջեցրեց ԱԺ ամբիոնից

Հոկտեմբեր 26,2021 13:50

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված դրամական միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր ԱԺ լիագումար նիստում ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ելույթի ժամանակ սլաքներն ուղղեց ընդդիմությանը․ «Սփյուռքում լայն կապեր ունեմ։ Անհանգստություն են հայտնում, որ հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է վարվում։ Մարդկանց մոտ անվստահություն  է սերմանվում, որ չարժի գումարներ վստահել հիմնադրամին, որովհետեւ չարաշահվում է։ Այ սա ես համարում եմ սրիկայություն։ Ընդդիմության խնդիրն է  խոշորացույցի տակ վերցնել ընդդիմության թերությունները, ինչը ողջունելի է, բայց թացը չորի հետ խառնելը․․․»։

Ապա «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն այսպես պատասխանեց Խաչատրյանին․ «Արցախ ուրացողը դավաճան է, դա դավաճանություն է, ինչպես քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս ԶԼՄ-ների առաջ ուրացավ Արցախը»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց էթիկայի կանոնները պահպանել․ «Մեկին  հենց նոր մեղադրեցիք Արցախն ուրանալու մեջ։ Անուն տվեք»։ Մանուկյանը պատասխանեց, որ կարող է մեջբերել Վիգեն Խաչատրյանի խոսքը։ Ռուբինյանը հարցադրում արեց․ «Այսինքն, Վիգեն Խաչատրյանին դավաճան եք համարո՞ւմ։ Անջատեք Գեղամ Մանուկյանի խոսափողը»։

Մանուկյանը պնդեց, որ Ռուբինյանը նման իրավունք չունի, սակայն վերջինս հրահանգեց զբաղեցնել տեղը։ Գեղամ Մանուկյանը հրաժարվեց, ինչից հետո Ռուբինյանն անվտանգության աշխատակիցներին հրահանգեց Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից։

Անվտանգության աշխատակիցները Մանուկյանի թեւերից քարշ տալով՝ իջեցրեցին ամբիոնից։ Նիստն ընդհատվեց։

Հատկանշական է, որ ԱԺ նիստն ուղիղ հեռարձակող տեսախցիկները ցույց չտվեցին, թե կադրից այն կողմ՝ դահլիճի մյուս կողմերում, ինչ է կատարվում։ Քիչ անց, երբ դեռ շարունակվում էր հեռարձակումը, դահլիճից բղավողի ձայներ էին լսվում։ «Պարոն Եղոյան»,-խոսափողից բղավում էր Ռուբեն Ռուբինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031